Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԱԶՈՒՄՍ ՄԻ ԹԵՐԹԻԿ, ՄՈՏՍ ԵԿԱՎ ՀԱՐՑՄՈՒՆՔԻ

Մայիս 21,1999 00:00
Toto

… Ո՞նց էր համը ԱԻՄ-ի

Ի՞նչ արդյունք, օգուտ եւ, վերջապես, իմաստ կարող է ունենալ որեւէ սոցիոլոգիական հարցում Հայաստանում։ Այն էլ՝ ընտրությունների, թեկնածուների հետ կապված հարցումներով։ «ԱԻՄ+» դաշինքը երեկ Հայաստանի տարբեր մարզերում սոցհարցում էր անցկացնում։

Հարցերը երկուսն էին՝

1) 1998-ի մարտի 16-ի նախագահական ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ո՞ւմ եք տվել ձեր ձայնը,

2) 1999 թ. կայանալիք Ազգային ժողովի համամասնական ընտրությունների ժամանակ հետեւյալ կուսակցություններից որի՞ն կտայիք ձեր ձայնը։

Առաջին հարցին կցված էին 1998 թ. նախագահի 12 թեկնածուների անունները եւ «Բոլորին դեմ», «Չեմ մասնակցել» հնարավոր տարբերակները։ Երկրորդ հարցի հետ 21 կուսակցությունների անուններից հետո նշված էր «Չեմ կողմնորոշվում» եւ «Չեմ մասնակցի» պատասխանները։

Հետո, հարցման ընթացքում, պարզվեց, որ առաջին հարցի հետ պետք է նշվեր նաեւ «Չեմ հիշում» պատասխան տարբերակը, քանի որ շատերն իսկապես չէին հիշում՝ ում են ընտրել 1998 թ. նախագահական ընտրությունների առաջին փուլում։

Արտաշատի համար նախատեսված էր սոցհարցման 100 թերթիկ, Արարատի եւ Մասիսի համար՝ 50-ական։ Այդքանով, իհարկե, հարցում անելն ու կողմնորոշվելը որեւէ հարցում բավական կասկածելի է։ Հարցումներն անցկացվում էին նշված քաղաքների կենտրոններում։ «ԱԻՄ+»-ի մեքենան կանգնում-թաքնվում էր հեռվում, որպեսզի կուսակցական աստառ չտրվի հարցմանը ու մարդիկ կարողանան անկաշկանդ պատասխանել։ Միեւնույն է, գլխի էին ընկնում, բայց դա չէր խանգարում։

Վերը նշված բոլոր վայրերում նկատելիորեն բարձր էր Կարեն Դեմիրճյանի, Սերգեյ Բադալյանի, հետեւաբար նաեւ՝ «Միասնություն» դաշինքի եւ Կոմկուսի ռեյտինգը։ Հաճախ էր պատահում, որ թե՛ երիտասարդները եւ թե՛ մեծահասակները խոստովանում էին իրենց կարդալ չիմանալը ու որպեսզի չչարչարվեն ամբողջը կարդալ, խնդրում էին ցույց տալ տեղը (տվյալ թեկնածուի կամ կուսակցության անվան)։ Մնացածը հեշտ էր՝ անուն-ազգանունները կարդալը հեշտ է ու արդեն սովորել են, «ծիտիկ»՝ «v» դնելն՝ ընդհանրապես։

Մասիսում մի դեպք միայն եղավ, երբ մեծահասակ մի տղամարդ բարկացավ ու հարցման թերթիկը բառացիորեն «որոշ» տեղ՝ համապատասխան նշանակությամբ օգտագործման ուղարկեց… Շատերը հրաժարվում էին պատասխանել. «Հա՛, որ գրեցինք ում ենք ընտրել կամ որ ընտրեցինք՝ ի՞նչ… մեկ ա իրենք իրենցն են անելու»։ Ու թեեւ շատերն էլ ամենայն հանգստությամբ «ծիտիկներ» էին նշում, բայց զգացվում էր ժողովրդի հոգնությունը նման բաներից ու կարծես այդ հարցաթերթիկից ավելի նյարդայնանային։ Տեղ-տեղ հուսախաբ էին Դեմիրճյանի «դավաճանությունից», Արշակ Սադոյանի համարձակության հետ էին հույսները կապում։ «Օրինաց երկրի» անունը ճշտելիս՝ «էն տելեվիզորի մարդը՝ Սերգոն, ո՞րն է» հարցն էին տալիս։ Մասիսում լուրեր էին շրջում, թե օրեր առաջ Սամվել Բաբայանն է երկու կարմիր «Նիվա» մակնիշի մեքենաներով երեւացել։ Թեեւ հարցումները ցույց էին տալիս, որ Մասիսում Դեմիրճյանի եւ «Միասնություն» դաշինքի ռեյտինգն է բարձր, բայց «ԱԻՄ+»-ի նախընտրական մարզային շտաբից հայտնեցին, որ «ԱԻՄ+»-ին լավ արդյունքներ են տալիս կուսակցության՝ ընտրողների հետ կնքած պայմանագրերը։ Մարդիկ «պետական բոլոր մակարդակներում» արտահայտության անիմաստության իմաստնությունը չեն գիտակցում եւ այդ է պատճառը, որ արդեն (ինչպես հայտնեցին շտաբից ու ցույց տվեցին) Մասիսում 4000 պայմանագիր կա կնքված, իսկ մոտ 3000-ն էլ կնքվելու ընթացքի մեջ է։ Մասիսի քաղաքակենտրոնը խիստ քաղաքականացված էր, որտեղ պատ կամ սյուն կար՝ լցված էր նախընտրական թերթիկներով ու աֆիշներով։ Բոլոր թեկնածուները աֆիշներում մենակ էին լուսանկարված, բացի այդ ընտրատարածքի ԱԺՄ թեկնածու Հրայր Հակոբյանից։ Նա ժողովրդի թույլ տեղը գտել էր՝ լուսանկարվել էր ազգային հերոս Արշակ Սադոյանի հետ։

Արտաշատում կյանքն ավելի աշխույժ էր, փողոցներում շտապող անցորդներ շատ կային։ Վիճակը նույնն էր, միայն թե մեկ-մեկ սոցհարցման «ծիտիկները» դրվում էին նաեւ ԱԺՄ-ի, «Արժանապատիվ ապագայի», ՀՅԴ-ի, «ԱԻՄ+»-ի եւ «Իրավունք եւ Միաբանություն» դաշինքների անունների կողքին։

Արարատի մարզի Արարատ (Դավալու) գյուղում հիմնականում փակցված էին «Միասնություն» դաշինքի եւ ՀՅԴ-ի նախընտրական կարգախոսներով պլակատները։ Մի մարդ թաքուն նշեց Սերգեյ Բադալյանի եւ իր կուսակցության անունները ու խնդրեց չասել ոչ մեկին. «… ի՞նչ իմանաս՝ ինչ կանեն, աշխատանքից կզրկեն, նենց արեք՝ մարդ չիմանա»։ Ընդհանուր առմամբ Արարատում էլ էր նույն պատասխանները, մարդկանց նույն տրամադրությունները՝ թեկնածուների ու կուսակցությունների հանդեպ։ Միայն թե ընտրությունների իրարանցումների ալիքը Արտաշատում ու Մասիսում ավելի էր. Արարատում այդ ուղղությամբ էմոցիա չկար։

Այսօր «ԱԻՄ+» դաշինքը սոցհարցման փուլը, որն անցկացվելու էր ամբողջ Հայաստանով, շարունակելու է Կոտայքում եւ Արմավիրում։ Եվ «ԱԻՄ+»-ը հարցման ամբողջական արդյունքները կհաշվարկի Կոտայքում եւ Արմավիրում կատարելիք հարցումներից հետո։

Ո՞րն է իմաստը այս հարցման։ «ԱԻՄ+»-ը չի վստահում ուրիշների կատարած սոցհարցումների արդյունքներին, ըստ որոնց «ԱԻՄ+»-ը ձայների 5% չի հավաքի, եւ որոշում է իր հարցումներն ինքն անել։ Բայց ժողովուրդը հոգնել է հարցումներից էլ, ընտրություններից էլ, քաղաքականությունից էլ։ Եվ արդեն սպիտակ այդ հարցաթերթիկները, ինքնըստինքյան ձեռք են բերել «կարմիր կտորին» համարժեք էֆեկտ։ Կամ՝ գրեթե նույնացել են։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31