Կոմունիստների համակիրը չեմ բնավ, բայց չեմ կարող չնշել. առայժմ կարդացածս նախընտրական ծրագրերի մեջ չէր եղել որեւէ մեկը, որ կուսակցությանն այսքան հատուկ լիներ, որքան այս մեկը։ Հայկոմկուսը ոչինչ չի ավելացրել եւ չի պակասեցրել իր նախկին դրույթներին։
Թերեւս ավելի հեշտ է գործ ունենալ անխախտ եւ կայուն համոզմունքների տեր մարդկանց հետ, որքան էլ անընդունելի լինեն նրանց գաղափարները, քան անընդհատ հոսող ու փոփոխվող քաղաքական ուժերի։
Հայկոմկուսի ծրագիրն անգամ չկարդալով, կարող էիր ենթադրել, որ հանդիպելու ես նման արտահայտությունների. «… վերածվեց ազգային հարստության թալանի, կորսված է… քայքայվեցին… ոչնչացվել է… մեծ պոտենցիալը… ետ է շպրտվել… հայտնվել է ծանրագույն դրության մեջ… ազատականացումը կործանեց… քաոս առաջացրեց… խախտվեցին… ամբողջովին դարձել է վճարովի… արդեն անմատչելի… Արեւմուտքի հոգեւոր կիսաֆաբրիկատներ… մի բուռ միլիոնատերեր… «սեղանի փշրանքներ»… իր լիակատար սնանկությունը դրսեւորեց կեղծ ժողովրդավարության գաղափարախոսությունը»։
Այսքանից հետո էլ, երբ վերջնականապես համոզվում ես, որ ամեն ինչ փլուզված է ու կործանված, մեկ էլ կարդում ես, որ Հայկոմկուսը պարտավորվում է «դեռեւս պահպանված արդյունաբերական, գիտատեխնիկական եւ գյուղատնտեսական կարողություններն արագ գործարկել»։ Ուրեմն, ինչպես կամերային թատրոնի մի ներկայացման անվանումն էր. «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռեւս կարելի է ապրել եւ ուրախանալ»։
Կարդացեք նաև
Հայկոմկուսի նախընտրական ծրագրում նշված որոշակի նախաձեռնությունների մեջ էլ անակնկալ չկա։ Այստեղ ամենահաճախ կրկնվող բառը «վերականգնելն» է, որը կիրառված է խորհուրդների, համաժողովրդական ունեցվածքի ժողվերահսկողության համակարգի, շրջանային վարչատարածքային բաժանման, մեքենատրակտորային պետական կայանների, անվճար բուժսպասարկման եւ նման առումներով։ Ի դեպ, վերջինի առնչությամբ ոգեւորությունը կմարի կարդալով կոմունիստների նախընտրական ծրագրի հաջորդ արտահայտությունն իսկ. «չբացառելով նաեւ վճարովի բուժծառայությունները»։
Կիրառման հաճախականությամբ երկրորդ տեղում «պետական» բառն է։ Այսպես, «հացի արտադրությունն ու վաճառքը՝ պետական հսկողության ներքո», «բարձր եկամտաբեր ճյուղերը (ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ եւ այլն), պետական մենաշնորհ»։ Թերեւս չարժե այլեւս օրինակները շարունակել։
Առանձին անդրադարձի նյութ է, որ չնայած հիմնականում երեւում է, որ սա խորհրդարանական աշխատանքի փորձ ունեցող կուսակցության ծրագիր է, որոշ դրույթներ չեն կարող տարակուսանք չառաջացնել։ Ասենք, ինչո՞ւ պիտի այս ԱԺ-ում իր մեծությամբ երրորդ խմբակցությունն ունեցող Հայկոմկուսը միայն այժմ խոստանար. «Առաջարկել օրենսդրական նախաձեռնությունների համալիր ծրագիր՝ ուղղված երկրում իրավական պետության հաստատմանը, կոռուպցիայի, կաշառակերության, կազմակերպված հանցագործության դեմ անզիջում պայքարի ծավալմանը»։ Ինչո՞ւ այդ համալիր ծրագիրը չեն ներկայացրել այս ԱԺ-ի գործունեության անցած «հնգամյակում»։ Նույնը վերաբերում է Մատենադարանը, Օպերայի եւ բալետի թատրոնը, Բյուրականի աստղադիտարանը, Երեւանի պետական համալսարանը, Ֆիզիկայի ինստիտուտը համազգային հարստություն հայտարարելու մասին օրենքին (ասենք թե այս խոստումը կատարեցիք ու հայտարարեցիք՝ հետո՞)։ Նույնը վերաբերում է նաեւ նախընտրական ծրագրում նշված՝ «Երեւանի մասին» եւ մեկ այլ օրինագծի «համաձայն որի կուսակցության կարգավիճակ կապահովվի միայն հստակ քաղաքական ծրագիր ունեցող այն հասարակական-քաղաքական կազմակերպություններին, որոնց անդամների թիվն անցնում է որոշակի շեմից եւ որոնք կառույցներ ունեն առնվազն մարզերի կեսում»։ Նախապես նշենք, որ այս մեկը բավական հակաժողովրդավարական նախաձեռնություն է։
Սակայն կոմունիստները երբեք առանձնակի ժողովրդավարությամբ աչքի չեն էլ ընկել։ Եվ երբ այժմ նախընտրական ծրագրում կարդում ես, թե Հայկոմկուսն իր օրենսդրական գործունեությունը նպատակաուղղելու է «հասարակության մեջ սոցիալական արդարության եւ հավասարության սկզբունքի վերահաստատմանը», էլի տարակուսում ես. արդյոք հայտարարություններից զատ այդ երկուսը երբեւէ եղել են, որ հիմա էլ վերահաստատվեն։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. ՀՅԴ նախընտրական ծրագրի վերաբերյալ մեր հրապարակմանը Դաշնակցության անպաշտոն պաշտոնաթերթի արձագանքից հասկացանք, որ նրանք իրենց ծրագիրը նույնքան փայլուն եւ անբիծ են համարում, որքան միայն թերեւս արեգակն է։ Ուստի այդ արեգակին արժեր իսկապես սեւ ակնոցներով նայել՝ տեսողություն չփչացնելու համար։