Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈ՞Ք ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՁԱԽԱՑՈՒՄ

Մայիս 20,1999 00:00
Toto

Թեեւ քաղաքական շրջանակներն ու մեկնաբաններն առայժմ խուսափում են քանակական կանխատեսումներ անել մայիսի 30-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ, սակայն որակական գնահատականներ, այնուամենայնիվ, տրվում են: Դրանցից առավել տարածվածն այն է, որ խորհրդարանը դառնալու է նկատելիորեն ձախ ուղղվածություն ունեցող: Սակայն արդյո՞ք դա այդպես է:

Ակնհայտ է, որ «ձախ-աջ» բաժանումը, որն արվում է ըստ սոցիալ-տնտեսական խնդիրների նկատմամբ քաղաքական ուժերի դիրքորոշման, նախկին խորհրդային հանրապետությունների, առավել եւս՝ Հայաստանի քաղաքական ուժերի նկատմամբ, կիրառելի չէ: Նախ այն պարզ պատճառով, որ անգամ ամենաաջ մտածողության համարվողները (զորօրինակ՝ Հրանտ Բագրատյանը) կրթվել եւ փորձ են ձեռք բերել խորհրդային տնտեսակարգի պայմաններում եւ շատ հեռավոր պատկերացում են ունեցել (հաճախ նաեւ՝ ունեն) այն տնտեսակարգի մասին, որի ջատագովներ են փորձում հանդես գալ: Պակաս կարեւոր չէ նաեւ այն հանգամանքը, որ ավելի մեծ խառնաշփոթ է տիրում կուսակցությունների մոտեցումներում: Իրենց աջ համարող ուժերը ոչ միայն ծրագրային հստակ դիրքորոշում չունեն, այլեւ հաճախ հանդես են գալիս այնպիսի դիրքորոշումներով, որոնցից կխորշեր դասական առումով ամենաձախ քաղաքական ուժն էլ: Կա եւս մեկ հանգամանք, որը «ձախ- աջ» բաժանումն այս պարագայում դարձնում է ոչ միայն անհիմն, այլեւ՝ վտանգավոր: Տնտեսակարգի փոփոխությունը չափազանց բարդ գործընթաց է, մարդկության պատմության ընթացքում իր նախադեպը չունեցած, հետեւաբար պահանջվում են միանգամայն նոր մոտեցումներ, որոնք հաշվի կառնեն ոչ միայն անցման բարդությունները, այլեւ յուրաքանչյուր երկրի բազմաթիվ առանձնահատկությունները:

Ակնհայտ է, որ անհաջողության են դատապարտված ոչ միայն արեւմտյան դասական մոտեցումների ու կաղապարների, այլեւ նոր ընդհանրական մոտեցումների (մասնավորապես՝ շոկային թերապիայի) մեխանիկական կապկումները: Նախկին սոցիալիստական երկրների վերջին 9-10 տարվա փորձը դրա ակնհայտ ապացույցն է: Այն վկայում է, որ հաջողություն կարելի է ակնկալել միայն այն դեպքում, երբ կա խորապես մշակված ու հիմնավորված տնտեսական քաղաքականություն, հստակ, «առարկայական» նպատակներ (ոչ միայն մակրոտնտեսական մակարդակով), դրանց հասնելու մանրակրկիտ ծրագիր եւ մեխանիզմներ: Այդ ամենը հնարավոր է իրագործել ոչ թե աջ կամ ձախ ծայրահեղ տատանումների, այլ ծանրակշիռ, զուսպ, սակայն վճռական գործունեության արդյունքում:

Հայաստանի տնտեսությունում կտրուկ փոփոխությունները աջ ծայրահեղական կառավարության եւ քաղաքական ուժի ջանքերով անկախության առաջին տարիներին արդեն արված են եւ վերջին 3-4 տարիների փորձը վկայում է, որ այդ տնտեսական քաղաքականությունը տեղապտույտ է առաջացնում: Ավելին, այն նաեւ նպաստում է սոցիալական լարվածությունների կուտակմանը՝ ի վերջո հանգեցնելով քաղաքական ճգնաժամերի: Իսկ այդ ամենի հետեւանքով տեղի է ունենում քաղաքական ուժերի՝ տնտեսական խնդիրների ու դրանց լուծումների վերաբերյալ ունեցած առանց այդ էլ ոչ հստակ դիրքորոշումների այլասերում: Այսօր որեւէ մեկը դժվար թե կարողանա հստակորեն եւ փաստարկված պատասխանել՝ ա՞ջ, թե՞ ձախ են, ասենք, ԱԺՄ-ն կամ ԱԻՄ-ը: Այդ պատճառով մինագամայն ոչ կոռեկտ է դառնում հոդվածի վերնագիր դարձած հարցադրումը:

Ըստ մի շարք կանխատեսումների, մայիսի 30-ի ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգով խորհրդարանում անվերապահորեն տեղեր կունենան «Միասնությունը», Կոմկուսը, ՀՅԴ-ն, ԱԺՄ-ն, հնարավորություններ ունեն ԱԻՄ-ը, «Օրինաց երկիրը»: Ակնհայտ է, որ այս ուժերից միայն Կոմկուսն ունի ընդգծված ձախ մոտեցումներ: «Օրինաց երկրի» դիրքորոշումը բացարձակորեն անհայտ է մնում՝ անգամ նախընտրական քարոզչական քսանօրյա շրջանից հետո: Թեեւ ՀՅԴ-ն ավանդաբար համարվում է սոցիալիստական կողմնորոշում ունեցող կուսակցություն եւ անգամ Սոցինտերնի անդամ է, սակայն դժվար է գործնական մոտեցումներով այն համարել լիարժեք ձախ քաղաքական ուժ: Ավելին, մոտ 1 տարի շրջանառության մեջ գտնվող՝ «Հայաստանի տնտեսական զարգացման հայեցակարգ» կոչվող փաստաթուղթը, որը մշակել է այդ կուսակցությունը, այնքան միմյանցից տարբեր ու հակասական մոտեցումներ է պարունակում, որ որեւէ դասակարգման չի ենթարկվում: Եթե այդ փաստաթղթի հիման վրա գնահատվեն ՀՅԴ մոտեցումները տնտեսության զարգացմանը, ապա ավելի հեշտ կլինի ասել, որ դրանք չկան, քան ինչ-որ խելամիտ ձեւակերպում գտնել:

Ինչ վերաբերում է «Միասնությանը», ապա կա մեկ հանգամանք, որը որոշ շփոթություն է առաջացնում՝ այն կազմող ուժերից մեկին՝ ժողովրդական կուսակցությանը վերագրելով ձախություն՝ թեեւ «կենտրոնամետ» հավելումով: Պատճառը ՀԺԿ ղեկավարության մի մասի անցյալն է եւ ծրագրում առկա «ժողովրդական սոցիալիզմ» բառակապակցությունը: Այլ որեւէ ձեւակերպում կամ գաղափար՝ ձախ կողմնորոշում հիշեցնող, այդ ծրագրում հնարավոր չէ գտնել: Այն կենտրոնական, հավասարակշռված դիրքորոշման արդյունք է: Նույնն է նաեւ «Միասնության» մյուս թեւի՝ Հանրապետական կուսակցության ծրագրի պարագայում: Ավելին, քանզի ՀՀԿ-ն մոտ մեկ տարի առաջ մշակել էր նաեւ իր դիրքորոշումները ներկայացնող «Տնտեսական քաղաքականության հայեցակարգ», այն անվիճելի է դարձրել կուսակցության չափավոր, կենտրոնամետ դիրքորոշումների հարցը՝ տնտեսությանն առնչվող հարցերում: «Միասնության» պարագայում դաշինքի ամփոփ մոտեցումը ներկայացնում է «Տնտեսական քաղաքականության հիմնադրույթներ» վերնագրված փաստաթուղթը՝ ընդգծելով պետության կարգավորիչ դերի ուժեղացմամբ ազատ շուկայական հարաբերությունների անհրաժեշտությունը, դրանով իսկ հստակեցնելով իր կենտրոնամետ դիրքորոշումը:

Ակնհայտ է, որ այս պատկերը ժխտում է շրջանառության մեջ դրված այն կարծիքը, որ խորհրդարանին գալիք ընտրությունների արդյունքում սպառնում է «ձախացում»: Առավել եւս, որ մեկնաբանների գերակշիռ մասը կարծում է, որ միանգամայն իրական է խորհրդարանական մեծամասնության ձեւավորում «Միասնության» պատգամավորներով: Ըստ երեւույթին, «ձախացման» սպառնալիքի արծարծումն առաջին հերթին ուղղված է միջազգային կազմակերպություններին եւ արեւմտյան երկրներին, որոնք նախկին խորհրդային հանրապետությունների մասին ունեն սխեմատիկ պատկերացումներ եւ որոշ վախ՝ կոմունիստական վարչակարգի վերականգնման նկատմամբ: Դրանով է շատ հաճախ բացատրվում նրանց գորովալից վերաբերմունքը թվացյալ աջ, սակայն իրականում հեղհեղուկ դիրքորոշումներ ունեցող քաղաքական ուժերի նկատմամբ: Պարզ է, որ որեւէ նման ուժ դժվար թե հրաժարվի այդպիսի հովանավորությունից: Ավելին, կաշխատեն նման վերաբերմունքի համար անհրաժեշտ նոր նախադրյալներ ստեղծել: Ապագա խորհրդարանի ձախացման առասպելը այդպիսի քայլերից մեկն է:

ՄՀԵՐ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31