Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՀԱՐԱՎՍԼԱՎԱԿԱՆ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԱՌԻԹՈՎ

Մայիս 20,1999 00:00
andrkovkaz

Հայտնի պատճառներով, Անդրկովկասի երկրներում հատկապես հետաքրքրություն դրսեւորեցին Հարավսլավիայում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների նկատմամբ։ Բոլոր հակասական կանխատեսումների դեպքում էլ Անդրկովկասը մնում է իբրեւ առավել հավանական թեկնածուն՝ որպես նմանատիպ գործողությունների անցկացման վայր։

Անդրկովկասյան պետությունների կառավարությունները շտապեցին իրենց վերաբերմունքն արտահայտել հարավսլավական իրադարձությունների հանդեպ, ինչը հետագայում սկզբունքորեն կքննարկվի ամերիկացիների, եվրոպացիների, ռուսների եւ պարսիկների կողմից։ Թվում էր, թե հարավսլավական իրադարձությունները պետք է անվերապահորեն աշխարհաքաղաքական «ջրբաժան» անցկացնեն հակամարտող «բաժանորդագրական» եւ «ոչ բաժանորդագրական» դաշինքների միջեւ, սակայն դա տեղի չունեցավ։

Իրադրության որոշակի տատանումից ու գիտակցումից հետո, այդ իրադարձությունների հետ կապված զղջման անվստահ բացատրություններից հետո Էդուարդ Շեւարդնաձեն Վաշինգթոնում բավականին վճռական հայտարարություն կատարեց՝ միանգամայն արդարացնելով ՆԱՏՕ-ի գործողությունները։ Դա ուղեկցվում էր Վրաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ամերիկացիների եւ ՄՏՀ-ի (Միջազգային տարադրամային հիմնադրամ) մի շարք որոշումներով։ Դրա հետ մեկտեղ, միանգամայն պարզ է, որ Վրաստանի նախագահը նշանակալից ռիսկի էր դիմում։ Նախ, ոչ ոք չի կարող կանխագուշակել Անդրկովկասի, եւ առաջին հերթին՝ Վրաստանի համար այդ իրադարձությունների հետեւանքները։

Համենայնդեպս, բախման «տրամաբանությանը» հետեւելով, հենց ինքը՝ Վրաստանը կարող է իրադարձությունների զոհը դառնալ, ավելին, Աբխազիայում մարդասիրական աղետի գործոնները կարելի է մեկնաբանել ըստ ցանկության։ Կարո՞ղ է՝ ՆԱՏՕ-ի ռազմական հզորությունը փաստորեն ուղղված լինել աբխազական էթնոսի դեմ, որը 100 հազարից ավելի չի կազմում։ Աբխազիայի դեմ նման գործողությանը Թուրքիան եւ Հյուսիսային Կովկասի հանրապետություններն ինչպե՞ս կվերաբերվեն, ո՞ւմ հետ է Արեւմուտքը (առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, Անգլիան եւ նույնիսկ՝ Գերմանիան) կարեւոր աշխարհատնտեսական եւ քաղաքական նախագծեր կապում։ Ապա Է. Շեւարդնաձեի այդ հայտարարությունը վերջնականապես նրա եւ Մոսկվայի միջեւ «այրում է կամուրջները»։ Այդ քաղաքականությունը վրաց հասարակայնությունը միշտ թերագնահատել է։ Քաղաքական այդ հայտարարությունը Մոսկվային հնարավորություն է ընձեռում՝ Վրաստանի նախագահի հանդեպ որքան հնարավոր է թշնամական դիրք գրավել։ Երրորդ. այդպիսի գործողության դեպքում Վրաստանի վրա վիթխարի սպառնալիք կկախվի, ինչն արդեն կապված կլինի ոչ թե ներքաղաքական կայունության, այլ վրացական պետության գոյության հետ։ Դժվար թե Վրաստանի զինված ուժերը կկարողանան ակտիվորեն մասնակցել Աբխազիայի հանդեպ գործողությանը։ Նույնիսկ եթե Վրաստանին նշանակալից քաղաքական եւ ֆինանսական օգնություն տրվի, չի բացառվում իշխանությունից Շեւարդնաձեի եւ նրա ներկայիս կառավարության մեկուսացումը եւ ռուսաստանամետ վարչակարգի հաստատումը։

Անդրկովկասյան քաղաքականության պատրիարքը եւ ԽՍՀՄ ԱԳՆ-ի ղեկավարը չէր կարող ուշադրության չառնել այդ եւ շատ ուրիշ հանգամանքներ։ Հետեւաբար, Շեւարդնաձեի այդ կտրուկ հայտարարությունը իրենից ծայրահեղ քայլ է ներկայացնում, ինչի համար լուրջ պատճառներ կան։ 1998 թ. օգոստոս-սեպտեմբերից հետո պարզապես գոյություն չունի վրացական էկոնոմիկա՝ նույնիսկ ՄՏՀ-ի, ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների ֆինանսական լուրջ օգնության դեպքում։ Կառավարության առջեւ արդեն ծառացած է ոչ թե «սեփական» փրկության, այլ պետության փլուզման խնդիրը։ Նախագահն ու կառավարությունը ռիսկի են գնում՝ Արեւմուտքից լրացուցիչ օգնություն ստանալու նպատակով։ Ուրիշ կարծիք էլ կա։ Շեւարդնաձեի այդ դիրքորոշումը համապատասխանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քաղաքական կուրսին՝ նրա հետ ինտեգրացմանը։ Թեեւ այդ քաղաքական կուրսը բխում է միանգամայն փակուղային իրավիճակից, ինչի մեջ հայտնվել է ոչ միայն էկոնոմիկան, այլեւ ինքը՝ պետականությունը, հատկապես նավթի առաքման կարեւոր նախագծի տապալումից հետո։

Հ. Ալիեւը ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների արդյունքներին միանգամայն պրագմատիկ ձեւով է նայում, բացառապես ելնելով այն բանից, թե Ռուսաստանն ինչպես դուրս կգա այդ իրավիճակից։ Եթե բախումից Ռուսաստանը դուրս գա միջազգային ցածր «կարգավիճակում», ապա դա կհանգեցնի Անդրկովկասում ունեցած դիրքերի կորստյանը եւ արդեն՝ անշրջելիորեն։ Եթե Ռուսաստանը հաղթող դուրս գա (իսկ դա բոլորովին չի բացառվում), ապա Ադրբեջանի, ինչպես նաեւ Վրաստանի առջեւ պետության պահպանության հիմնախնդիրներ կծառանան։ Այդ պատճառով էլ Ալիեւի համար անհրաժեշտ է ոչ միայն ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի առջեւ բախման ավարտից հետո ներկայանալ «չռված աչքերով», այլ հենց բախման ժամանակ դառնալ արեւմտյան աշխարհառազմավարության բաղկացուցիչ մասը։ Դրա համար էլ առաջարկություններ են արվում դասակի ուժերով թեկուզ խորհրդանշորեն մասնակցելու ռազմական գործողություններին։

Ադրբեջանի ներքին իրադրությունն արմատապես զանազանվում է վրացականից։ Վրաստանում հասունանում են խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, ուր արմատական եւ չափավոր ընդդիմությունը, անշուշտ, հաղթանակ կտանի եւ ՆԱՏՕ-ի հետ մերձեցման քաղաքականությունը բացահայտորեն կսրբագրվի Ռուսաստանի շահերին համեմատ։ Դժվար թե ընտրություններից հետո Վրաստանում առավելապես հաստատվի ռուսաստանամետ վարչակարգ, սակայն ակներեւաբար կվերանայվեն հատկապես արեւմտամետ կողմնորոշումները։ Ադրբեջանում ռուսաստանամետ տրամադրության հետք էլ չկա, նա անշրջելիորեն ընտրել է Թուրքիայի հետ միջպետական ինտեգրացիայի եւ ՆԱՏՕ-ի հետ մերձեցման կուրսը։ Ըստ այդմ, թուրքական գործոնը Ադրբեջանի համար այդ արտաքին քաղաքականության կուրսը միանգամայն արդարացված է դարձնում, արդյունավետ ու տրամաբանական, ինչը չի կարելի ասել Վրաստանի մասին, որը, այսպես թե այնպես, քաղաքակրթված «շեղումով» կներկայանա Եվրոպային։ Հ. Ալիեւի այդ դիրքորոշումը Բալկանյան իրադրության մեջ նույնպես իրենից ծայրահեղ քայլ է ներկայացնում։

Հայաստանի առջեւ տվյալ իրադրության մեջ ավելի բարդ հիմնահարց է դրված ղարաբաղյան հակամարտությանը ՆԱՏՕ-ի ինչ-որ ձեւով մասնակցության կանխման ուղղությամբ։ Ռուսաստանի հետ ռազմավարական միությունը Հայաստանին Արեւմուտքում մեկուսացված չդարձրեց։ Ընդհակառակը, հենց այդ միությունն է բարձրացրել Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը ե՛ւ Արեւմուտքում, ե՛ւ Արեւելքում։ ԱՄՆ-ի եւ Եվրամիության քաղաքագետներն ու դիտորդները հասկանում են, որ անդրկովկասյան պետությունների մեջ միայն Հայաստանն է կարող իրենից ներկայացնել պաշտպանունակ, արդյունավետ եւ հուսալի գործընկեր։ Հայաստանն այժմ ԱՄՆ-ի համար ավելի արժեքավոր է, քան Վրաստանն ու Ադրբեջանը, ովքեր արդեն ներգրավված են նրանց ռազմավարության մեջ։ Չի բացառվում, որ ԱՄՆ-ը լրջորեն քննարկում է Հայաստանի հետ նոր քաղաքականության ընդունման որոշումը, որի նկատմամբ նրանք «պատմական պատասխանատվություն են կրում»։

Նույնիսկ Հայաստանի տոտալ ռազմավարական կողմնորոշումը դեպի Ռուսաստան, չի կարող թերահավատություն առաջացնել ԱՄՆ-ի ծրագրերի մեջ։ Բավականին կարեւոր նշաններ կան այն բանի, որ ԱՄՆ-ը նույնիսկ Իրանին է համարում իր պահեստային դաշնակիցը՝ Թուրքիայի եւ Արաբական երկրների, հնարավոր է նաեւ՝ Պակիստանի անկառավարելիության մակարդակի բարձրացման դեպքում։ Այն, ինչ այժմ կարող է ֆանտազիա թվալ, վաղն արդեն ակտիվորեն կքննարկվի։ Այսպես թե այնպես, հակասական մի իրավիճակ է ստեղծվել. ինքը՝ Ռուսաստանն է սկսել հետաքրքրվել ԱՄՆ-ում հայ քաղաքական ղեկավարության «անկախական» քայլերով՝ Անդրկովկասում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների կանխման նպատակով։ Այդ տեսանկյունից, քննելով իրադրությունը, Հայաստանի դիրքորոշումը, համենայնդեպս, նրա հնարավոր դիրքն առավել ակտիվ անկախ է եւ թերեւս մարդկայնորեն ավելի արժանավայել, քան մեր հարեւանների դիրքորոշումները։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31