Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ Ո՞ՒՐ ԵՆ ՕՂԵՐԸ

Մայիս 20,1999 00:00
akanjox

Մարտի 22-ից Կենտրոնի, Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանում լսվում է Հակոբ Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործը։ Այսօր, հավանաբար, Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում այդ դատաքննությունը ավարտվի, եթե, իհարկե, ապրիլի 27-ից մինչեւ այսօր հացադուլ-ջրադուլի մեջ գտնվող Հակոբ Մարտիրոսյանն ի վիճակի է լինելու «մասնակցել» դատավարությանը։ Առայժմ մեղադրողն առաջարկել է (պահանջել) 14 տարի 6 ամիս 28 օր։ Տեղեկացնենք, որ Հակոբ Մարտիրոսյանը մեղադրվում է 1996 թ. մայիսի 18-ին տեղի ունեցած մի գողության մեջ, որի արդյունքում գողացվել է Էլզա Խոջաբեկյանի (Խդոյի՝ հայտնի է որպես կազինոյի տնօրեն, կնոջ) 20 հազար դոլար արժողության ականջօղերը։

-Նախընտրական այս շրջանում, եթե որեւէ թեկնածու ուզում է, որ երեւանցի թեկուզ մեկ ընտանիք հավատով լցվի արժանապատիվ ապագայի հանդեպ, թող այս դատավարությանը զուտ մարդկայնորեն տա արդար գնահատական։

Մի ողջ մայրաքաղաք վերցրին ու քանդեցին, թալանեցին ու լափեցին, ում ուզես սպանեցին, բայց եւ ոչ մի անգամ չլսեցինք, որ որեւէ մեկին նույնիսկ կալանքի վերցնեն, այն էլ՝ վճիռ պահանջեն՝ 14 տարի 6 ամիս 28 օր, այն էլ չարածի համար, այո, մի զարմացեք՝ չարածի համար։

Կենտրոնի եւ Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանում ընթանում է մի դատավարություն (դատավոր՝ Ռուբեն Ներսիսյան, դատախազ՝ Գրիգորյան), որով մեղադրվում է մեր որդին՝ Հակոբ Մարտիրոսյանը, ոմն Էլզա Խոջաբեկյանի ականջօղերը հափշտակելու մեջ։ Դեպքը կատարվել է 1996 թ. մայիսի 18-ին, ժամը 11.30-ին։ Էլզա Խոջաբեկյանը դիմել է Կենտրոն համայնքի ՆԳ բաժին, հայտարարություն տվել «02» շաբաթաթերթին, թե. «Անհայտ անձը հափշտակել է Էլզա Խ.-ի ականջօղերը եւ դիմել փախուստի»։ Վերջինիս բոլոր ցուցմունքները իրար հակասում են։ Առաջին ցուցմունքում, որ նա տվել է 1996 թ. մայիսի 21-ին, դեպքից 3 օր անց, գրված է. «Երկու ձեռքերս բռնեց եւ հանեց ականջօղերս»։ Իսկ որոշ ժամանակ անց. «Երկու հոգի են եղել եւ դանակը սեղմել են մեջքիս»։ Երեք տարի անց, մեկուսարանում, առերեսման ժամանակ նա ճանաչում է Հակոբ Մարտիրոսյանին, չնայած, որ տիկին Էլզայի շահերի պաշտպան Շաքարյանը պնդում է, որ երեք տարի է տուժողը գտնվում է սթրեսի մեջ եւ չի կարող ներկա գտնվել դատական նիստին։

Ինը դատական նիստերի ընթացքում ե՛ւ տուժողը, ե՛ւ վեց վկաներն ընդհանրապես չներկայացան։ Իրավական մարմինները չկարողացան կամ գուցե ցանկություն չունեցան բերման ենթարկել ոչ մի վկայի՝ երբ Հակոբ Մարտիրոսյանը խնդրեց որեւէ վկայի կամ տուժողի ներկայությունը, դատավոր Ռ. Ներսիսյանը հայտարարեց, որ իրենք իրավունք ունեն նիստը վարել առանց վկաների։ Յուրաքանչյուր զարգացած պետության մեջ գոյություն ունի մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտ։ Հայաստանում այս հարցով մենք լի էինք ակնկալիքներով եւ լավատեսությամբ (թերեւս հույսը մարդու մեջ մեռնում է վերջինը)։ Եթե կալանավոր է կամ մեղադրյալ՝ ուրեմն մարդ չէ՞, չի՞ կարող օգտվել մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներից։ Դատավարության ընթացքում արհամարհվում են ոչ միայն մեղադրյալ Հակոբ Մարտիրոսյանի իրավունքները, այլեւ նրա ծնողների եւ հարազատների ինքնասիրությունը, ոտնահարվում արժանապատվությունը։ Ականջօղերի առկայության փաստը միանգամայն բացակայում է, այսինքն՝ չկա իրեղեն ապացույցը եւ ամենակարեւորը՝ չկա որեւէ փաստաթուղթ, որն ապացուցի դրանց իրական արժեքը։

Կենդանին, երբ փողոցում վիրավոր ընկած է, ցավում ենք։ Դատավարության ընթացքում Հակոբ Մարտիրոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացավ հացադուլի եւ ջրադուլի պատճառով։ Շատ խնդրելուց հետո դատավորը թույլատրեց շտապ օգնություն կանչել։ Բժիշկը հայտնեց, որ ճնշումը 200 է բարձրացել եւ սրտի առիթմիա ունի, անհրաժեշտ է ընդմիջել նիստը։ Երբ Հակոբ Մարտիրոսյանը ուշաթափ վիճակում էր, դատախազ Գրիգորյանը արագ-արագ իր ճառն էր կարդում՝ պատժաչափը պահանջելով 14 տարի 6 ամիս 28 օր։

Դահլիճում նստած մեղադրյալի ծնողների աչքի առջեւ կյանքի ու մահվան պայքար էր մղում իրենց որդին, որը տարիներ շարունակ հաշվառման մեջ է եղել քաղաքային տուբդիսպանսերում, աջ թոքը հեռացված է, լյարդը եւ լեղապարկը՝ քայքայված։ Սրտի շողացող առիթմիա ունի, իսկ հիմա էլ հացադուլի եւ ջրադուլի պատճառով ճնշումը տատանվում է եւ ընկնում է կոլաբսի մեջ։ Մարդը հացադուլ եւ ջրադուլ է անում, հետո ի՞նչ, որ մեկուսարանում է, ոչ մեկը չի նկատում, ախր չէ՞ որ մարդ է, չէ՞ որ հայր է եւ ունի տասներկու տարեկան որդի։ Ինչպես կարելի է անտարբեր մնալ, միջոցներ ձեռք չառնել։ Ամեն մարդ, որ ծնվում է, ճակատագիրը իր խարանն է դնում ճակատին, բայց արածների համար են պատժում, ոչ թե չարածների։

Հ.Մ.-ն 1995 թ. սեպտեմբերից ապրում էր իր ընտանիքի կյանքով, իր մաքուր եւ արդար աշխատանքով, որը վկայում են բոլոր հարեւաններն ու հարազատները։ Սակայն 1996 թ. մայիսի 19-ին՝ Էլզա Խոջաբեկյանի դեպքի անմիջապես հաջորդ օրը, առավոտյան ժամը 6-ին Արաբկիրի շրջանի ՆԳ աշխատակիցները, պատուհանի ապակիները կոտրելով, ներխուժում են Հ.Մ.-ի ծնողների բնակարանը, որտեղ նա չէր բնակվում եւ գրանցված չէր։ Մայրը գիշերանոցով, վախեցած դիմավորում է նրանց, իսկ փոքր եղբորը քնած տեղից զենքի սպառնալիքով արթնացնում եւ տանում են բաժին։ Ծեծի ենթարկելով, պահանջում են ասել եղբոր տեղը։ Համոզվելով, որ իրոք չգիտե՝ թողնում են։ Հաջորդ օրը գալիս են Կենտրոնի ՆԳ աշխատակիցները, նույնպես տակնուվրա անում բնակարանը եւ հեռանում։ Երկու օր անց քաղվարչության աշխատակիցները նույնպես զերծ չեն մնում հայրական օջախն անարգելուց։ Իմանալով այս ամենի մասին՝ Հակոբ Մարտիրոսյանը թողնում եւ հեռանում է քաղաքից, ոչ մեկին չասելով իր տեղը, որովհետեւ նա չի ցանկանում, որ իր պատճառով ճնշվեն ծնողները։ Իսկ դա տեղիք տվեց, որ իրավապահ մարմինները մտածեն, թե Հ.Մ.-ն է հափշտակել ականջօղերը եւ դիմել փախուստի։

Մենք՝ Հ.Մ.-ի ծնողներն ու հարազատները, խնդրում ենք այս դատավարությունը վերաքննել, կազմակերպել բոլոր վկաների եւ տուժողի ներկայությունը։

1999 թ. մայիսի 1-ին «02» շաբաթաթերթի 6-րդ էջի «Լաբիրինթոս» հոդվածում գրված է. «Գավրիլ եւ Աշոտ Կարապետյանները դիտավորյալ սպանությունը կատարել են առանձին դաժանությամբ, Կենտրոնի առաջին ատյանի դատարանը 1999 թ. մարտի 4-ի դատավճռով 99 հոդվածի 1-ին կետով դատապարտեց 8 տարի ազատազրկման», այն դեպքում, երբ անչափահաս Ռոբերտ Սարգսյանը 39 դանակի հարվածից մահանում է։

Վերոհիշյալ արարքը առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն է եւ ծիծաղելի է համեմատել Հակոբ Մարտիրոսյանի չարած արարքի եւ չարած արարքի համար պահանջված պատժի հետ։

ԷՄՄԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՄԱՐՏԻՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31