Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎ ԱՆՈՒՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է

Մայիս 20,1999 00:00
krtutyun

Կրթության եւ գիտության նախարարությունը, չանսալով առողջ բանականության ձայնը, շարունակում է իր էշը քշել՝ բուհական ընդունելության քննությունները փոխարինելով դպրոցի ավարտական քննություններով։ Բայց ակնհայտ է, որ այդ էշը խրվելու է ցեխի մեջ։

Դպրոցի ավարտական քննությունները, որ նախկինում բուհական ընդունելության քննությունների ստվերում էին եւ խիստ ձեւական բնույթ ունեին, այս տարի հավակնում են փոխարինելու վերջիններիս եւ հայտնվելու համընդհանուր ուշադրության կենտրոնում։ Նախարարությունը, կրթության բաժինները եւ դպրոցները կեղծ քննություններ անցկացնելու փորձառու վարպետներ են։ Բայց այս տարի նրանց գործը փոքր-ինչ ավելի դժվար է լինելու (մանավանդ՝ գրավոր քննություններ անցկացնելիս)։ Կողմնակի աչքերն ավելի շատ կլինեն։

Այս պարագայում ի՞նչ եղանակով պիտի էշը ցեխից հանվի, լցվի գիտելիքների ցածր առաջարկի եւ առաջադիմության բարձր պահանջարկի ճեղքվածքը, ապահովվի համընդհանուր զանգվածային աչքակապությունը։

Առնվազն յոթ եղանակ կա, յոթն էլ՝ փորձված, ստուգված, հուսալի։ Դրանցից մեկը հաջողությամբ կիրառվեց նախանցած տարի։ Հայերենի ավարտական քննության համար պատրաստվել էր հարցաթերթիկի չորս տարբերակ, որ քննության նախօրյակին փակ ծրարով պետք է հասցվեր դպրոցներ, բայց քննությունից մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ «տեղեկատվության արտահոսք», եւ քննության նախօրյակին գործնականում ամեն տասներորդ դասարանցի ուներ այդ չորս տարբերակների քսերոպատճենները եւ լուծումները։ Արդյունքում՝ համատարած գերազանցներ…

Հաջորդ տարի քանի որ «արտահոսքի» այդ խայտառակությունը չկրկնվեց, դպրոցներում գործի դրվեցին այլ եղանակներ։ Ծրարները բացելուց անմիջապես հետո ուսուցիչները շտապ լուծում էին բոլոր չորս տարբերակները, ծածկաթերթիկներ պատրաստում, բազմացնում եւ բաժանում՝ ում որ հարկն է։ Հատկացված երեք ժամը բավական էր այդ գործողությունների եւ ապահով արտագրության համար։ Մի ծածկաթերթիկից հասցնում էին անգամ մի քանի հոգի օգտվել։ Կրկնուսույցների մոտ պարապողներին բավարար էր նաեւ հանձնաժողովի անդամների հուշարարությունը եւ խորհրդատվությունը։ Հանձնաժողովների անդամների հետ «չունեցող» աշակերտները, ծածկաթերթիկ չակնկալելով, դիմում էին համադասարանցիների օգնությանը։ Անգամ ամենախիստ հսկողության դեպքում երեք ժամում դժվար չէ երկու էջանոց գրավոր հուշելը։ Լավ պատրաստված աշակերտները թողտվության պայմաններում հասցնում են նույնիսկ մի քանի տարբերակ լուծել եւ մոտ տասը հոգու օգնել։

Այս տարի ԿԳ նախարարությունը հայտարարել է, թե ամեն դպրոցում կբաժանվի այնքան տարբերակ, որքան աշակերտ կա, այսինքն տվյալ դպրոցում կրկնվող տարբերակ չի լինի։ Սա, իհարկե, կդժվարացնի օգնողների գործը։ Երեք ժամում ո՞ր մեկին օգնես, քանի՞ տարբերակ լուծես։ Հարկ կլինի կիրառել նաեւ այլ եղանակներ։ Քանի որ տարբերակներով ծրարները դպրոցներին տրվելու են քննության նախօրյակին, ապա դժվար է ենթադրել, թե բոլոր դպրոցներում կդիմանան դրանց պարունակությանը նախատեսված ժամանակից (քննության օրվա առավոտյան ժամը 9-ից) շուտ ծանոթանալու գայթակղությանը (դժվար չէ ծրարը նորոգելը եւ կուսական տեսքի բերելը)։ Իսկ մեկ գիշերում կարելի է լուծել բոլոր տարբերակները։ Եվ առավոտյան պատրաստ կլինեն բոլոր հնարավոր ծածկաթերթիկները։ Կարելի է լուծել ոչ թե բոլոր, այլ անհրաժեշտ թվով տարբերակներ։ Բայց այդ դեպքում հարկ կլինի կազմակերպել տարբերակների ոչ թե պատահական, այլ հասցեագրված բաշխում։

Եթե նշված եղանակները չաշխատեն (ասենք թե՝ վերեւից հսկողության պատճառով) կամ վրիպումներ լինեն, ապա գործի կդրվեն այլ միջոցներ։ Դրանցից են գրավորների մեղմ ստուգումը (ներառյալ՝ սխալները չնկատելը) եւ սխալների մի մասի շտկումը կապույտ գրիչով։ Առանձնապես անհուսալի դեպքերում (երբ գրավորը շատ վատն է) կարելի է դիմել տետրը փոխելու եւ երեկոյան կամ գիշերով նորը գրելու եղանակին։Այն դպրոցներում, որտեղ անընդմեջ, հետեւողական խիստ հսկողություն կլինի, նշված բոլոր եղանակները կկիրառվեն ոչ համատարած եւ անվճար։ Բնական է՝ վճարի չափը ուղիղ համեմատական կլինի գործի դժվարությանը եւ հսկողության խստությանը։ (Բարեբախտաբար, թե դժբախտաբար, ավարտական քննություններին չի սպասարկելու համակարգչային հաշվիչ կենտրոնը, որտեղ կատարվում են ամենաթանկ եւ ամենամութ գործերը. գնահատականներ են սարքվում անգամ քննություններին չմասնակցածների համար։)

Եթե այս «ծառայությունների» դրույքաչափերը բավականաչափ բարձրանան, ապա քննություն անցկացնողներին ձեռնտու կլինի աշակերտների առաջադիմության ցածրությունը, անգրագիտությունը։ Դա կնշանակի, որ դպրոցի մակարդակը ոչ թե կբարձրանա, այլ ավելի կիջնի։ Իսկ սակագներն այսօր ձեւավորման փուլում են։ Կարծես թվարկեցինք էշը ցեխից հանելու հիմնական եղանակները՝ ամենաընդհանուր գծերով, առանց բացելու տեխնոլոգիական գաղտնիքները (դա մի ամբողջ ատենախոսության նյութ է)։

Ասում են՝ մի եղանակ էլ կա։ Դա պարապելով գիտելիքներ ձեռք բերելու եղանակն է։ Բայց այս ամենատառապալից եղանակը կրթության նախարարությունը չի խրախուսում (իհարկե, ելնելով երեխաների շահերից)։ Նախարարությունը նույնիսկ կոչ է արել (հեռուստատեսությամբ) ոչ մի հարցարան չգնել, այսինքն՝ չպարապել։ Եվ սրա անունը ԿՐԹՈՒԹՅԱՆ նախարարություն է…

Գ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Այս թեմայով բանավիճելու մեր հրավերին հավատարիմ, հրապարակում ենք ցանկացած արձագանք, հաճախ համաձայն չլինելով որոշ պնդումների հետ։ Ցավոք, մեկ անգամ եւս ստիպված ենք արձանագրել, որ բանավիճողները միայն մի «կարեւոր» հարցի շուրջ են պտտվում, թե ով կօգտվի «շահույթից»։ Մինչդեռ նախարարության քաղաքականությունը բոլորովին այլ նպատակ է հետապնդում։ Օբյեկտիվ լինելու համար միայն մի բան ճշտենք. նախարարությունը ոչ թե կոչ է արել «հարցարաններ չգնել, այսինքն՝ չպարապել», այլ խորհուրդ է տվել ավելորդ գումարներ չծախսել տարբեր հարցարանների վրա, այլ գնել «Կրթություն» թերթը, որտեղ կան բոլոր տեղեկությունները քննությունների մասին, նաեւ՝ հարցարանները։ Այստեղ, հավանաբար, խոսքը շահերի բախման մասին է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31