Հարցազրույց «Ազգայնական ակումբի» նախագահ Մուշեղ Լալայանի հետ
-Ինչո՞ւ ազգայնականները, իբրեւ քաղաքական առանձին միավոր, չեն մասնակցում ընտրություններին։
– Հիմնականում այն պատճառով, որ առայժմ կայացած չեն որպես համախումբ եւ կարող քաղաքական ուժ։
– Իսկ ինչո՞ւ առայսօր Հայաստանում չի ձեւավորվում ազգայնական կարող ուժ։
Կարդացեք նաև
– Նախ, որ ազգայնական գաղափարախոսության դեմ պայքար է տարվում ընդհուպ միջազգային մակարդակներով, ապա՝ Հայաստանում ազգայնականության շատ թե քիչ ազդեցիկ դեմքերն առավելապես առաջնորդվում են եսական շահերով ու չունեն ազգայնական գաղափարախոսության եւ դրա դրսեւորման ձեւերի միատեսակ ըմբռնումներ։
– Պրն Լալայան, իսկ արդյո՞ք ՀՅԴ-ն կամ Երկրապահ-հանրապետականը չեն կարող լրացնել Հայաստանի ազգայնական դաշտը։
– Կարող էին։ Բայց նրանք նախընտրեցին տեղավորվել միջազգայնորեն ընդունված սահմաններում՝ հայտնվելով աջ եւ ձախ կենտրոններում։ Ցավալի է, որ ունենալով բարոյական հսկայական վարկ, լուրջ կառույցներ, ՀՅԴ-ն այսօր հայտնվել է աննախանձելի վիճակում։ Այնինչ, Դաշնակցությունն ունի առաքելություն (հատկապես հայոց պետության սահմաններից դուրս), եւ մնում է, որ նրա ղեկավարությունն ընդունակ լինի լուրջ վերագնահատումների։ Իսկ ինչ վերաբերում է Երկրապահ-հանրապետականին, ապա ըստ իս այն դեռեւս վերջնականապես չի կայացել եւ դժվար է կանխագուշակել նրա հետագա տեղն ու դերը հայ քաղաքական կյանքում։
– Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա ընտրական մթնոլորտը։
– Հայաստանում, կարծես, ավանդույթ են դառնում անբնական քաղաքական միավորումները, պահի թելադրանքով, նեղ հատվածական շահերից դրդված՝ դաշինքներ են կազմում նույնիսկ գաղափարաբանորեն հակոտնյա ուժերը։ Այսօր, ընտրությունների առաջ բերած համընդհանուր բարոյազրկումի պայմաններում էապես վնասվում է նաեւ պետության վարկը, հատկապես, որ պետական շատ օղակներ, իրենց գործը թողած, մխրճված են ընտրապայքարի մեջ։ Կուզեի մատնանշել եւս մի վտանգավոր հանգամանք. խորացած ներքաղաքական պայքարի մեջ՝ մենք անտարբեր ենք դառնում արտաքին վտանգի հանդեպ՝ այդ հարցում դրսեւորելով չարդարացված հանգստություն։
– Մեր հասարակական կյանքում այսօր առկա տխուր երեւույթներից մեկն էլ «հայաստանցի-ղարաբաղցի» վտանգավոր հակադրումն է։
– Հայության այս երկու հատվածների՝ տասնամյակներ միմյանցից բաժանումն, անշուշտ, կարող էր որոշ օտարացում առաջ բերել նրանց միջեւ (ինչպես ժամանակին՝ տեղացի հայերի ու հայրենադարձների միջեւ)։ Վերոհիշյալ հակադրմանը, կարծում եմ, էապես նպաստեցին նաեւ օտարերկրյա ծառայությունները։ Պետության խնդիրն է՝ համապատասխան քարոզչության եւ գործունեության միջոցով աստիճանաբար վերացնել այդ ջրբաժանը։ Օրինակ, երբ այսօր շահարկվում է ՀՀ պետական օղակներում արցախահայերի ներկայությունը, պետական քարոզչությամբ դրան չի հակադրվում թեկուզ այն, որ ԼՂՀ-ում, օրինակ, Ազգային անվտանգության վարչության պետը, կառավարության աշխատակազմի ղեկավարը երեւանցիներ են, Քարվաճառի ու Մարտակերտի շրջանների աշխատակազմի ղեկավարները՝ սփյուռքահայեր… կամ մի՞թե պատերազմի հետեւանքներից ամենաշատը տուժած, արյան ամենամեծ զոհաբերությունը տված հայության այս հատվածը արժանի է «խորթ զավակի» կարգավիճակի. այստեղ էլ առկա է պետական քարոզչության բացակայությունը։
– Պրն Լալայան, ձեր կարծիքով, ի՞նչ կարող էին անել Հայաստանի իշխանությունները վերջին տարիներին, որ չարեցին։
– Ես հատկապես կարեւորում եմ երկու հանգամանք. առաջինը՝ չկարողացան քաղել շահած պատերազմի պտուղները։ Երկրորդ՝ ազատագրված տարածքների վերաբնակեցումը, դրանց տնտեսական ու մշակութային յուրացումը չդարձրին առաջնահերթ խնդիրներ։ Այս տարիների ընթացքում Իսրայելը ԱՊՀ երկրներից 1 մլն մարդ ընդունեց, նույնքան էլ պատրաստ է ընդունելու. նախանձե՞նք, թե՞ ամաչենք…
– Ի՞նչ կտան ընտրությունները մեր ժողովրդին։
– Ժողովուրդը հերթական անգամ հուսախաբություն է ապրելու, թեեւ առանձնակի սպասելիքներ էլ չունի ընտրություններից։ Կուզենայի, որ մեզանում արմատավորվեր այն համոզումը, թե մեր հասարակությունը դրականորեն վերափոխվելու է ոչ այնքան օրենքների (այն էլ թխած ու հայոց էությանն անհարազատ) ու օրենսդիրների, այլ՝ իր հոգեբարոյական դաշտի փոփոխմամբ։
Հարցազրույցը վարեց
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ