«Միասնություն» դաշինքի լիդերների հետ ընտրատուրիզմով զբաղված լրագրողներս օրը մի հայտնագործություն էինք անում։ Լոռի եւ Տավուշ կատարած այցելությունից հետո մեզ մոտ արդեն համոզմունք դարձավ, որ Հայաստանը այնքան էլ փոքրիկ եւ աղքատ երկիր չէ, եւ որ մեր հայրենի բնությունը ամենեւին էլ չի սահմանափակվում Մասիսի ֆոնին աճած զույգ բարդիներով կամ Սեւանա կղզու սրտաճմլիկ տեսարանով։
Յուրաքանչյուր քիչ թե շատ անտառոտ շրջան մտնելիս տեղի դիմավորողներն ասում են, որ երբ ինչ-որ արտասահմանցիներ 60-ական թվերին եղել են իրենց կողմերում, ասել են, որ սա Արեւելքի Շվեյցարիան է։ Այս տրամաբանությամբ մենք վերջին շաբաթներին երեք անգամ եղանք Շվեյցարիայում (Սյունիք, Տավուշ եւ Լոռի), եւ կարելի է ասել, որ Արտյոմ Աթալյանցի Հայաստանը Մերձավոր Արեւելքի Շվեյցարիա դարձնելու բյուրեղյա երազանքը արդեն եռակի իրականացած է։
Լոռի կատարած այցը սկսվեց Սպիտակում տեղի դպրոցականների արտասանած Դեմիրճյանին եւ Սարգսյանին այնքան գովաբանող մի բանաստեղծությամբ, որ անկախ ինձանից ծոցատետրումս նշվեց ռուսերեն «մարազմ» բառը։ Այստեղ Դեմիրճյանի ճառն աչքի չընկավ օպտիմիստական նոտաներով. «Սպիտակը մարդուն առաջին հոգեկան հարվածն է տալիս։ Երբ մտնում եմ այս ձորը, սիրտս կտոր-կտոր է լինում»։ Նշվեց նաեւ մեկ այլ փաստ, որի մասին թերեւս դեռ չի խոսվել. աղետից անմիջապես հետո բերված «դոմիկներն» ու մյուս ժամանակավոր կացարաններն արդեն սկսել են շարքից դուրս գալ։ Որպես նախընտրական ճառի լեյտմոտիվ, այստեղ հնչեց այն գաղափարը, որ պետք է առաջին հերթին վերացնել «աղետի գոտի» հասկացությունը եւ պետք է մշակվի հատուկ օրենք աղետի գոտու մասին, որտեղ պետք է նշված լինեն նաեւ խիստ կոնկրետացված ժամկետներ։ Մի տարեց կին փորձեց Երեւան տանելու վտանգից փրկել Սպիտակի քաղաքապետ, «Միասնություն» դաշինքի թեկնածու Սուրեն Մելիքյանին. «Մեր նախագահին մեզնից մի տարեք, հազիվ սկսել է գործը տեղից շարժվել»։
Կիրովականում, մինչեւ Դեմիրճյանի եւ Սարգսյանի գալը նույն հրապարակի վրա հայտնվեց մի ծաղրածու, որի «Հայկական ժողովրդական կրկես» վերտառությամբ «ԵրԱԶ» ավտոմեքենայից զուռնայի ականջ ծակող անորակ երաժշտություն էր լսվում։ Ծաղրածուն ընկել էր «մեղվի կարասը»։ Հրապարակում հավաքված փողկապավոր, կերած-խմած մարդկանց մոտենալիս՝ հերիք է նա բարձրաձայն գոչեր «Բարեւ, շեֆ ջան», եւ 200-500 դրամի չափ գումարն արդեն ձեռքին էր։ Այստեղ գալով Կարեն Դեմիրճյանն անցավ քաղաքական «լիկբեզի» տակտիկայի, որը պահեց այցելության ողջ ընթացքում։ Օրինակ, էլեկտրաէներգիայի սակագների մասին խոսելիս, նա մասնավորապես նշեց. «Մենք դեռ պետք է ճշտենք, թե էդ 37%-ը որտեղ է կորել։ Այդպիսի բան չի լինում։ Լավ գործատերը չի կարող թույլ տալ, որ իր արտադրանքի 37 տոկոսը կորչի։ Եթե կնիկդ ճաշի 37 տոկոսը փչացնի, կբաժանվես։ Մենք էլ դրանցից պետք է բաժանվենք։ Հիմա հասկացա՞ք»։ Ի դեպ, ժողովրդի հետ երկխոսության այս ձեւը լավ էր ընդունվում ունկնդիրների կողմից եւ անմիջապես բավական ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ էր ստեղծում։ Ասում են՝ նախագահական ընտրությունների ժամանակ ամենաջերմ ընդունելությունը Դեմիրճյանին ցույց էր տրվել Տաշիրի Մեծավան (նախկին՝ Շահնազար) գյուղում։
Կարդացեք նաև
Ասում են, որ այստեղ ուզեցել են նույնիսկ ձեռքերի վրա տանել Դեմիրճյանի մեքենան։ Այս գյուղում խանդավառված ամբոխի միջով մի կերպ հարթակին հասնելով, Դեմիրճյանն առաջին հերթին ասաց. «Ես գիտեի, որ անցած տարվա օյինը հիմա էլ եք գլխիս բերելու»։ Բոլորը ցանկանում էին համբուրել Դեմիրճյանին, եթե դա չէր հաջողվում, գոնե՝ ձեռք կպցնել նրան։ Թիկնապահները մի կերպ էին կարողանում հարթակի վրա Դեմիրճյանի համար կանգնելու տեղ ապահովել։ Երբ Կարեն Սերոբիչի շատ ջերմ խոսքից հետո շահնազարցիներից մեկը հարցրեց, թե ինչպես անեն, որ իրենց տված ձայները մինչեւ տեղ հասնելը չպակասեն, Դեմիրճյանը ծիծաղելով ասաց. «Էս անգամ ճամփեքին միլիցիա ենք կանգնեցնելու, որ ձայները չգողանան»։
Հաջորդ օրը այնպես ստացվեց, որ բնակավայրերին հավասար պատվիրակությունն այցելում էր սրբատեղիներ։ Օրը սկսվեց Վանաձորի զոհվածների հուշարձանին ծաղկեպսակ դնելով, Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցին մտնելով եւ շարունակվեց Դսեղում (ըստ Դեմիրճյանի՝ («Ինչքան շատ շփվենք Թումանյանի հետ, էնքան հայ կդառնանք»), Օձունում, եւ օրն ավարտվեց նույնպես սրբատեղի դարձած այնպիսի գյուղերում, ինչպիսիք են Կիրանցն ու Ոսկեպարը։
Ընտրարշավի նախորդ փուլերի համեմատությամբ Կարեն Սերոբիչի խոսքն աչքի էր ընկնում ոչ միայն «լիկբեզով», այլեւ ավելի սկսեց հստակեցվել եւ խստացվել պատասխանատվության հարցը. «Ալան-թալանի համար մեղավորները պետք է պատասխան տան, չարաշահումների համար անպայման պետք է պատժվեն»։ Դրանից բացի, հատկապես Ալավերդիում ավելի շատ ծավալվեց խոստումների եւ դրանց դիմաց պատասխանատվության հարցը. «Եթե ես հիմա ձեզ ասեմ, որ վաղը 10 հազար աշխատատեղ եմ ստեղծելու, հիմա արդեն շվվացրեք։ Երբ ես նայում եմ ձեր աչքերին, ձեր հավատից պինդ ոտքերս դողում են։ Ժողովուրդ ջան, միանգամից ոչ մի բան չի լինելու, բոլորս միասին, քար կրծելով, գիշեր-ցերեկ աշխատելով պետք է էս ճգնաժամից դուրս գանք։ Մի մտածեք, որ ես վաղը բոլոր հարցերը կարողանալու եմ լուծել միայնակ»։
Նոր, շատ լուրջ տոնայնություն հայտնվեց նաեւ այցելության վերջին օրը Վազգեն Սարգսյանի փոխարեն հանդես եկող Ալբերտ Բազեյանի խոսքում. «Ծանր հոգեբանական ճգնաժամը կարող է հետագայում ավելի սրվել եւ ազգային անվտանգության հարց դառնալ»։
Նոյեմբերյանում «Միասնություն» դաշինքի պլակատներից բացի պատերը պաստառապատված էին նաեւ Վանո Սիրադեղյանի նկարներով։ Երբ փորձեցի խոսակցության մեջ մտնել առաջին պատահած նոյեմբերյանցու հետ, ստացվեց մոտավորապես հետեւյալ երկխոսությունը.
– Էս ինչ սիրուն քաղաքում եք ապրում։
– Արի նստի գրադի տակ, կիմանաս՝ սիրուն է, թե չէ։
– Հիմա ընտրություններում ի՞նչ եք անելու։
– Իսկ ինչի՞ պետք է մեր զեմլյակին գցենք, թույլ տանք, որ ղարաբաղցիները նրա գլուխն ուտեն։
– Ուրեմն, կարծում եք, որ Սիրադեղյանն այստեղ կհաղթի՞։
– Բա, կարող ա՞, գիտեք՝ դուք եք ասելու, թե մենք ում պետք է ընտրենք։ Այս խոսակցության ընթացքում, որքան էլ փորձում էի համոզել, որ ես ընդամենը լրագրող եմ, զրուցակիցս այդպես էլ ինձ չընդունեց որպես ոչ հակառակորդ թիմի անդամ։
Երբ ընտրարշավի ներկա փուլի մասին հարցրի դաշինքի մամուլի քարտուղար Վահրամ Բրուտյանին, վերջինս պատասխանեց. «Դիտորդներն ու մեկնաբանները դեռեւս նախագահական ընտրությունների օրերին ասում էին, որ Կարեն Դեմիրճյանը հենվում է միայն ժողովրդի իռացիոնալ բնազդների, կարոտախտի վրա, եւ դա նրա հակառակորդների հիմնական փաստարկն էր։ Սակայն այս ընտրարշավը ցույց է տալիս, որ նա ընտրել է բոլորովին այլ ռազմավարություն, միտումնավոր կերպով զսպում է ժողովրդի զգացմունքայնությունը եւ ավելի շատ ուշադրություն դարձնում դաշինքի ծրագրային դրույթների, ռացիոնալ փաստարկների վրա։ Շատերին թվում էր, որ նա այս նոր ռազմավարությունը կձախողի, բայց ինքներդ էլ տեսնում եք, որ ընդհակառակը՝ Կարեն Սերոբիչը փայլուն կերպով է լուծում այդ հարցը՝ հենվելով ինչպես դաշինքի սոցիալ-տնտեսական ծրագրի հիմնադրույթների վրա, այնպես էլ՝ հանրապետության ներկա իրավիճակի սթափ գնահատականից ելնելով»։
Նյութը կարելի է եզրափակել հենց Կարեն Սերոբիչի խոսքերով. «Ամենալուրջ ճգնաժամը, ժողովուրդ ջան, վստահության ճգնաժամն է։ Ձեզ էնքան են խաբել, էնքան ֆռռացրել… Բայց լավ լսեք՝ ինչ եմ ասում. մեր վերջին հույսը մեր հույսը չկորցնելն է»։
ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ