Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չէ՜, սա Բերեզովսկին չէր

Մայիս 20,1999 00:00
aph

ԱՊՀ նոր գործադիր քարտուղար Յուրի Յարովը թեեւ արտաքինից հեռավոր նմանություն ունի Բորիս Աբրամիչի հետ, սակայն նրանից անհամեմատ խոսքաշատ է։ Ընդ որում՝ նրա խոսքը՝ բացի այն, որ երկար է, հագեցած է նաեւ ուսուցողական երանգով։ Պրն Յարովն արդեն սկսել է իր առաջին շրջագայությունն ԱՊՀ երկրներ։

Երեկ հերթը Հայաստանինն էր։ Բելառուսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ժպտերես Սուրեն Հարությունյանի ուղեկցությամբ պրն Յարովը երեկ հանդիպեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որից հետո էլ՝ լրագրողներիս։ «Եթե տնտեսությունն անկում է ապրում, հնարավո՞ր է խոսել տնտեսական կապերի ծաղկման մասին։ Հնարավո՞ր է, որ ծաղկի ապրանքաշրջանառությունը։ Պատասխանը պարզ է։ (…)։ Այս փուլում փնտրվում է ազատ առեւտրի գոտու ձեւավորման ուղին։ Իսկ ի՞նչ է ընդհանրապես ազատ առեւտրի գոտին»։ Այս մտքին հաջորդեց գիտական պատշաճ եւ երկար բացատրությունը։ «Ահա՛, սա է խնդիրը։ Հասկանալի՞ է»,- ծույլիկ ուսանողին դիմող դասախոսի պես հարցրեց պրն Յարովը։ Ի դեպ, պրն Յարովի ազգանվան ձեւն ու բովանդակությունը (255Րօռ) միմյանց համապատասխանում են։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե նախագահ Քոչարյանի հետ ի՞նչ հարցեր են քննարկվել, նա թե՝ «Կրկնում եմ, նախագահի հետ հարցեր չեմ քննարկել։ Դուք ինձ հավանաբար շփոթում եք։ Ես այսօր ներկայացնում եմ ԱՊՀ գործադիր քարտուղարին։ Եթե մենք հիշում ենք, թե ով է գործադիր քարտուղարը, ապա նա (գիտական բացատրությունը սկսվե՜ց- Լ. Ա.) վերադաս մարմինների հանձնարարությունը եւ որոշումներն իրականացնող մարմին է։ Իսկ ո՞ր վերադաս մարմինների որոշումներն է իրականացնում (թույլ տվեք պրն Յարովի տված հարցն ու նրա իսկ պատասխանը, ձեր իսկ շահերից ելնելով, չշարադրել- Լ. Ա.)»։ Բայց սա դեռ բոլորը չէ. պրն Յարովը դեռ շարունակություն էլ ուներ. «Որպեսզի ձեզ հասկանալի լինի, թե ես ընդհանրապես ինչի մասին եմ խոսում, բերեմ օրինակ»։ Օրինակը ազատ տնտեսական գոտու համաձայնագրի լիակատար վավերացման անհրաժեշտության մասին էր։

Հունիսի 4-ին Մինսկում կկայանա ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների նախագահների խորհրդի նիստը։ Այնտեղ հիմնականում կքննարկվեն ԱՊՀ գործադիր կոմիտեի կարգավիճակի հաստատման, ազատ տնտեսական գոտու կարգավորման, միասնական բյուջեի եւ այլ հարցեր։

Պրն Յարովն ամենեւին մտավախություն չունի, թե իրեն էլ է սպասում Բերեզովսկու ճակատագիրը. «Ես վախենալու բան չունեմ։ Բերեզովսկին այդ փուլում կատարեց հիմնական խնդիրը՝ իր եւ իմ այսօրվա կոլեգաների հետ գտավ բարեփոխումների ուղին, հստակ ասաց, որ պետք է մի քայլ հետ գնալ ու սկսել, ինչպես մնացած քաղաքակիրթ երկրները, ազատ տնտեսական գոտուց»։

Ապա ԱՊՀ գործադիր քարտուղարը զարգացրեց փիլիսոփայական այն միտքը, թե այս աշխարհում ոչինչ հավերժ չէ։ «Վաղը, միեւնույնն է, կգա օրը, երբ երիտասարդները կգան քո տեղը։ Դրան պետք է պատրաստ լինել»։ Ճիշտն ասած, դժվար էր համոզվել, որ պրն Յարովը Բերեզովսկուց երիտասարդ է (կամ երիտասարդ է առհասարակ), բայց որ իրեն այդքան երիտասարդ է զգում, վատ չէ։ Սուրեն Հարությունյանը՝ ռուսական մենթալիտետով հայ տղամարդուն վայել նրբանկատությամբ խառնվեց զրույցին. «Յուրի Յարովն առաջին անգամ է Հայաստանում, ուստի կարծում եմ՝ դեմ չեք լինի, որ նրան կարողանանք գոնե ինչ-որ բան ցույց տալ»։ Բայց Յարովն ակնհայտ խոսելու ցանկություն ցուցաբերեց եւ տեղից չշարժվեց. նոր հարցեր էր ակնկալում. «Ես գոհ եմ իմ այցելությունից։ Վաղը կլինեմ Վրաստանում, հետո կվերադառնամ Մոսկվա, ապա ձեզ հայտնի պատճառներով կմեկնեմ Ադրբեջան»։ «Հայտնի» հայ գործիչներից հետ չմնաց եւ իր ու Յարովի ընկերության մասին ակնարկեց նաեւ Սուրեն Հարությունյանը՝ խոստանալով, որ «ռեսպուբլիկան» դրանից միայն կշահի։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31