Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ

Մայիս 20,1999 00:00

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ, ԲԱՅՑ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Այս կարգավիճակն է իր համար նախանշել ԱԺ պատգամավոր Վահագն Խաչատրյանը -Ընտրություններից 10 օր առաջվա համար, այնուամենայնիվ, իրավիճակը համեմատաբար հանգիստ է այժմ, այդպես չէ՞։ -Քաղաքական վիճակը խիստ անկանխատեսելի է, քանի որ խաղի կանոններ չկան։ Օրենքների խախտումները սովորական երեւույթ են եւ սպասելի են ցանկացած լուծումներ։ Եթե հաշվի առնենք, որ խառնված են նաեւ ուժային կառույցների ընկերները։ -Գուցե դրակա՞ն գործոն լինի այն, որ ուժային մի քանի կառույցներ են ներգրավված ընտրություններում՝ դրանք կհակակշռեն միմյանց եւ ընտրությունները վերահսկելի եւ համեմատաբար առանց խախտումների կանցնեն։ -Բայց գուցե նաեւ մրցակցություն առաջանա, թե ով ավելի շատ կխախտի։ -Գուցե եւ իրար հետ նախապես պայմանավորվե՞ն տոկոսների շուրջ։ -Դե, նման հարցերն ընդհանրապես լուծվում են մինչեւ ընտրությունները։ Եվ երբ ասում ենք, թե ընտրությունները միջոցառում են՝ դա նկատի ունենք։ Քաղաքական ուժերն էլ այսօր տալ եւ առնելով են զբաղված։ Իրական, գաղափարների պայքարի ընտրություններ չեն, որոնց գումարվում է այն, որ անկանխատեսելի չափերի ֆինանսական միջոցներ են շրջանառության մեջ դրվել։ Վտանգավոր երեւույթ էլ կա՝ այժմ եւ ընտրողներին, եւ ընտրվողներին պոտենցիալ հանցագործ են դարձրել՝ կոչ անելով նաեւ կաշառք վերցնել, որը քրեորեն պատժելի է, եւ դրանից բացի բարոյազրկում են մարդկանց։ -Նախադեպերը վկայում են, որ խորհրդարանից դուրս քաղաքական ուժերը հնարավորություն չեն ունենում գործուն ներազդելու քաղաքականության վրա։ Ընտրություններն այժմ բոյկոտելով մտավախություն չունե՞ք, որ լուսանցքում եք հայտնվելու։ -Այդ մտավախությունը կա, առավել եւս պետության մեջ այսօր տիրող մթնոլորտի պայմաններում։ Դրա ապացույցն է նաեւ ինձ համար անհասկանալի վերաբերմունքը բոյկոտի գաղափարին, որ գրեթե միաբերան դրսեւորում են քաղաքական բոլոր ուժերը։ Ձեւակերպումներն են տարբեր՝ մի մասը գտնում է, թե բոյկոտողները վախեցան, քանի որ իրենց չէին ընտրելու, մյուս մասն ուրախանում է, թե վերջիվերջո մաքրվեց խորհրդարանը, երրորդները, որոնք համակիրներ էին՝ ձեր նշած ձեւակերպմանը մոտ վերաբերմունք են դրսեւորում, թե քաղաքական գործունեությունն ավելի ճիշտ է խորհրդարանական շրջանակներում տանել, քան դրանցից դուրս։ Ընդհանուր գնահատական կտայի, որ ոչ ոք չկարողացավ գոնե իր մեջ խիզախություն գտնել ու փորձել հասկանալ՝ բոյկոտողները 10 տարի ակտիվ քաղաքականությամբ են զբաղվել, հաջողություններ եւ անհաջողություններ են ունեցել՝ ուրեմն, ո՞րն է այժմ հրաժարվելու պատճառը։ Այն հստակ միակն է՝ ընտրությունների անվան տակ ամրագրված խաղի կանոնները մեզ համար ընդունելի չէին։ Իսկ դուրս մնալու խնդրի լուծումը նաեւ մեզնից է կախված, թե որքանով կկարողանանք խորհրդարանից դուրս քաղաքական դաշտ ապահովել։ -Վիգեն Խաչատրյանը մի առիթով նշեց, թե ընտրարշավին մասնակցող կուսակցություններն ընդունել են խաղի կանոնները, համակարգին մաս են կազմում եւ փոխզիջումների են գնացել։ Համամի՞տ եք այս տեսակետին եւ, եթե այո, ուրեմն ԱԺՄ-ն, Կոմկուսը, ՀՀՇ-ն, «Ազատությունը» «Հայրենիքը» եւ այլ ընդդիմադիր կառույցները նույնպե՞ս իշխանության գործարքի մեջ են։ -Վիգեն Խաչատրյանի գնահատականին համաձայն եմ։ Հենց դա է խնդիրը, եթե նրանք այս խաղի մեջ են մտել՝ առանց որոշակի զիջումներ կատարելու, իրենց սկզբունքներից նահանջելու՝ չեն կարող առաջ գնալ։ Եվ ստորագրահավաքից մինչեւ հանձնաժողովներ կազմելը դրա ականատեսն ենք։ Բոլորը ցանկանում են 5%-ի խնդիրը լուծել, իսկ դրա համար պիտի լավ երեւան ոչ ժողովրդի, այլ իշխանության առջեւ։ Քանի որ ստեղծված համակարգում դրանով է պայմանավորված, թե իշխանությունը որքանո՞վ թույլ կտա քաղաքական որեւէ ուժի ԱԺ-ում համապատասխան տեղեր գրավել։ -Դուք փաստեր ունե՞ք ապացուցելու համար, որ, ասենք, «Հայրենիքը» փորձում է իշխանության առջեւ շահեկան ներկայանալ։ -Տվյալ դեպքում՝ հայտարարություններով ոչ, իսկ գործողություններով… ընտրություններից հետո այդ մասին կխոսենք։ -Մի երկու շաբաթ անց ավարտվում է այս ԱԺ-ի լիազորությունների ժամկետը եւ զրկվելու եք անձեռնմխելիությունից։ Մտավախություն չունե՞ք, թե քրեական պատասխանատվության ենթարկելու փորձեր կլինեն։ -Որեւէ մտավախություն չկա։ Կարծում եմ, որ ընտրությունները բոյկոտածները նաեւ այս հանգամանքն են հաշվի առել։ Թող անձեռնմխելիություն չունենալու պայմաններում անեն այն, ինչ օրենքով սահմանված կարգով որեւէ մեկիս նկատմամբ կարող են անել։ Բոյկոտի իմաստը նաեւ այդ էր, որ ժողովուրդը հասկանա, թե միայն արտոնություններ կամ առավելություններ ունենալու համար պատգամավոր դառնալ չենք ցանկանում։ Թեկուզեւ պետական հեռուստատեսությունը եւ ողջ քարոզչությունն անընդհատ այդ են շեշտադրում եւ, ցավոք սրտի, քաղաքական ուժերը համաձայնել են, թե անձեռնմխելիությունը պիտի վերացվի, հետկանչի մեխանիզմներ որոշվեն եւ այդ պայմաններում միայն խորհրդարանը կլինի այն, ինչ երազում ենք։ Սա հերթական խաբկանքն է։ Այդ նախաձեռնություններից որեւէ մեկը բուն օրենսդրական աշխատանքի հետ կապ չունի։ Եվ անձեռնմխելության խնդիրը պայմանավորված է միայն նրանով, թե քաղաքականությամբ զբաղվողը որքանով ազատ կզգա իրեն։ Գուցե առանձին դեպքեր լինեն, որ քրեական տարրեր էլ դրանից օգտվեն, բայց բոլորին վերագրելը սխալ է։ Հետկանչն էլ նույն ճնշման մեթոդն է իշխանության համար։ -Ի դեպ, քարոզչության մասին։ Թվում էր, թե բոյկոտողներին այլեւս մրցակից չհամարելով՝ նրանց գոնե ավելի քիչ պիտի անդրադառնային, ավելի հանգիստ վերաբերվեին։ Մինչդեռ վատաբանումները շարունակվում են, անցյալի ինչ-ինչ փաստեր են վերհանում՝ ՀՅԴ-ն, «Իրավունք եւ միաբանությունը», այլք։ Ինչպե՞ս եք բացատրում այս իրողությունը։ -Ճիշտ եք նկատում, ընդհանուր տրամաբանությամբ պիտի այդպես լիներ։ Բայց փաստարկներ չունենալու պատճառով բոյկոտողներիս են քննադատում, ինչ-ինչ պատմություններ հիշում։ Իմ տպավորությամբ, այսօր վրեժխնդրության, քինախնդության մթնոլորտ է տիրում, ցավոք սրտի։ Ընդհանրապես բացակայում է հանդուրժողականությունը, որը շատ կարեւոր է, եթե ցանկանում ենք ժողովրդավարական հասարակարգ կառուցել։ Այս երկու միտումները շատ վտանգավոր են. հետեւանքն այն կլինի, որ ընտրություններից հետո հասարակությունը պարզապես կմասնատվի։ Նաեւ փաստերն են խեղաթյուրում, ոչնչի առջեւ կանգ չեն առնում, առանց հասկանալու՝ կատարված աշխատանքն են մեկնաբանում։ Փոխանակ իրենք ներկայանան՝ ո՞վ են, ի՞նչ են ցանկանում անել, ի՞նչ ծրագրեր ունեն։ -Ծանո՞թ եք քաղաքական ուժերի ծրագրերին։ Քանի որ ձեր նախասիրությունները տնտեսական ոլորտին են վերաբերում, պիտի խնդրեի դրանք այդ տեսանկյունից գնահատել, թե հրապարակի վրա եղած ծրագրերից, ո՞ր մեկն է առավել իրատեսական։ -Ծրագրերից եւ ոչ մեկում ստեղծված իրավիճակից դուրս գալու հստակ լուծումը նշված չէ։ Չէի ասի, թե գտել եմ այդ լուծումը կամ ճանապարհը, որ Հայաստանի զարգացումն է ապահովելու՝ ես էլ եմ փնտրում։ Ծրագրերից ոչ մեկում ինձ համար նոր միտք կամ գաղափար չգտա։ Շատ են կրկնությունները։ Վտանգավոր երեւույթ կա՝ շատ մակերեսային վերլուծություններ են արվում։ 99%-ում միայն խոստումներ են եւ հիմնահարցերի թվարկում, որոնք կարող էր անել փողոցում կանգնած ամեն քաղաքացի։ Բոլորն էլ գիտեն, որ աշխատատեղեր է պետք ստեղծել, արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը զարգացնել, բայց ձեւը, մեթոդները ոչ ոք հստակ չի ասում։ Ասենք, նշում են, թե «Պետական պաշտոնյայի մասին» օրենք չունենք՝ եթե ունեցանք մեր երկրում բոլոր հիմնահարցերը լուծվելո՞ւ են։ Ամենակարեւոր ռազմավարական հարցերին խուսափում են պատասխանել։ ԼՂՀ խնդրի լուծման ճանապարհներ նշված չեն, չկան տնտեսության մեջ որեւէ բեկումնային փոփոխության քայլերի մասին հիշատակումներ եւ այլն։ Բոլորն առավելապես դուր գալու նպատակով են կազմել ծրագրերը։ Ընտրվելուց հետո քայլերի հերթականությունն էլ չեմ տեսնում։ Գուցե սխալվում եմ, բայց ստացվում է, թե պայքարը միայն պատգամավոր դառնալու համար է, հետո կերեւա, թե ինչ են անելու։ Իսկ լուծումն, ըստ իս, մեկն է։ Եթե չկարողացանք ժողովրդավարական գործընթացներն անշրջելի դարձնենք, մեր կարեւոր խնդիրները կարգավորել տարածաշրջանի երկրների հետ՝ պետության կայացման խնդիրը չի լուծվելու։ Նաեւ այս 30 հազար քառ. կմ-ի մեջ փակվելով էլ զարգացում չի լինելու։ -Որքան ինձ հայտնի է, դուք անդամակցելու եք Բաբկեն Արարքցյանի ղեկավարությամբ ստեղծվելիք այն հասարակական կազմակերպությանը, որի հիմնադիր հավաքը կկայանա այս ուրբաթ։ Բավական տարօրինակ է, թե ինչու եղած կառույցներն օգտագործելու փոխարեն՝ ընտրեցիք նորը ստեղծելու ուղին։ -Այդ խնդիրը կա։ Ասենք, ես որեւէ կուսակցական պատկանելություն չունեմ։ Գաղափարներով 2-3 կուսակցության եմ հարում, բայց այսօր պատրաստ չեմ անդամագրվել որեւէ մեկին։ Նման խնդիրներ ունեին նաեւ ուրիշները։ Եվ այդ առումով միջանկյալ եւ լավագույն լուծումը ազատական գաղափարներ ունեցող քաղաքական գործիչների եւ ուժերի միավորումն էր հասարակական կազմակերպության մեջ։ Քանի որ այս կազմակերպության մեջ հիմնականում ընտրությունները բոյկոտողներն են՝ փորձելու ենք այս միջոցով ներկայացնել այն գաղափարները, որոնց կրողներն ենք, նաեւ կապերը չկորցնելու խնդիր էլ կա։ Հետագայում կորոշենք, գուցե այդ հասարակական կազմակերպությունն ինքը կուսակցությո՞ւն դառնա։ Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել