Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՄՓԱ ԵՆ ԵԼԵԼ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ

Մայիս 20,1999 00:00
Sergey Badalyan

Հայաստանի կոմկուսը հանրապետության տարբեր մարզերում հանդիպումներ է ունենում ընտրողների հետ։ Երեկ կոմունիստական նախընտրական շարասյունը ուղեւորվեց Արարատի մարզ։

Գաթան կերանք Մարմարաշենում

Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում (Մասիսի շրջան) կարմիր սփռոցի վրա գաթա եւ քաղցրավենիք էր դրված, օղի եւ բաժակներ։ Պիոներիայի օրը շնորհավորեցին։ Կենացները նախընտրական բնույթի էին. «Մարդիկ փափագում են, որ Հայաստանը լինի սովետական, սոցիալիստական, (…) կամ սոցիալիստական Հայաստան, կամ՝ ոչինչ»։ Այսպես է մտածում Սերգեյ Բադալյանը եւ մարմարաշենցիներից չի թաքցնում իր մտքերը։ Կրկին հիշվեց «իրեք կոպեկանոց տրամվեն, 120 ռուբլին, որը անում էր ութ մեշոկ ալյուր»։ Գյուղացիներից մեկը ոչ մի կերպ չէր հանդարտվում. «Այ մարդ, ի՞նչ էշ մարդ պետք է լինի, որ ասի՝ կես մեշոկ տվողը լավ ա, քան 8 մեշոկ տվողը»։ Պապիկին ընկեր Բադալյանը կոմունիստաբար հանգստացրեց. «Հայրիկ ջան, ձախորդ օրերը կգան ու կերթան»։ Իսկ կգնան ձախորդ օրերը, եթե մարմարաշենցիները ընտրեն կոմունիստներին։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը երեք կարգախոս ունի՝ Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ։ Հենց սա էլ խոստացան կոմունիստները մարմարաշենցիներին։

Սերգեյ Բադալյանը հիշելով նախորդ ընտրությունները եւ որոշ քաղաքական ուժերի ակնկալիքը, թե 80 տոկոս կհավաքեն, ասաց. «Էդ 80 տոկոսը դարձել է մեր ժողովրդի կամքի, բարոյականության բռնաբարման չափանիշ, էդքան տոկոսով կբռնաբարեն մեր ժողովրդին»։ «Վերջ»,- իր հերթին հաստատեց Գեւորգ բիձեն։ Եվ քանի դեռ չեն բռնաբարել, գնացեք եւ ընտրեք կոմունիստներին։

Թատերական հրապարակում

Արտաշատի հրապարակը բազմամարդ էր։ Դիմավորողները քիչ էր մնում ընկեր Բադալյանին ձեռքերի վրա տանեին հարթակ. «Լավ կպահեք Բադալյանին, նա է մեզ փրկելու»։ Իսկ Դեմիրճյանին՝ «ո՞վ է հիշում»։ Բոլոր ելույթ ունեցողները մեկ առ մեկ թվարկում էին կոմունիստների արժանիքները եւ փնովում էին այս իշխանություններին։ «Քրիստոսը եկավ ասաց՝ լավ ապրեք, բռնեցին խաչեցին։ Կոմունիստների ժամանակ լավ ապրեցիք, բռնեցին քանդեցին, բայց դուք մի վհատվեք, գնացեք ու ընտրեք կոմունիստներին»։

Նրանք չխոսեցին

Դիտորդի կարգավիճակով չորս տղամարդ կար։ Ակնհայտորեն նրանցից գոնե երկուսը արտասահմանցի էին։ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն էին՝ Սորեն Թեյզն (Դանիայից) եւ Հեյքի Ափոնե (Ֆինլանդիայից)։ Պարոնայք դիտորդները «ցավոք սրտի իրավունք չունեն որպես դիտորդներ ներկայանալ պրեսսային, կարծիք հայտնել։ Բոլոր կարծիքները վերջում կամփոփվեն եւ ԵԱՀԿ կենտրոնական գրասենյակի կողմից կարծիք կտրվի»։

Արտաշատի փեսան

Հայ կոմկուսի անդամ, ԱԺ պատգամավոր, թիվ 31 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Գագիկ Թադեւոսյանը Արտաշատի ընտրողների հետ հանդիպման ժամանակ չթաքցրեց, որ քաղաքի փեսա է։ Երեւի ոչ մի փեսա «զոքանչանոցում» այդքան համարձակ չէր խոսել, որքան ընկեր Թադեւոսյանը։ Նա նույնիսկ համարձակություն ունեցավ Թումանյանից մեջբերումներ անել. Սարոյան եղբայրներից հիշեց ու հրապարակավ հայտարարեց. «Հիմա տեսաք, որ էս շարվեշարան կուսակցությունների մեջ ամենաճիշտը դարձյալ բոլշեւիկները դուրս եկան»։ Արտաշատցիները իրար հարցնում էին՝ «ով է էն երջանիկը, որ սրան աղջիկ ա տվել»։ Ե՞րբ ընկեր Թադեւոսյանն ավարտեց, ժողովրդի միջից հնչեց. «Մալադեց փեսա»։

Ա-րա-րատ, կո-մու-նիստ։ Շոգ է։

Գնում ենք Արարատ։ Մինչ դիմավորողների ավտոմեքենաների շարասյունը կարմիր դրոշով կմոտենար, Սերգեյ Բադալյանին հարցրի. «Այցելելու ե՞ք պաշտպանության նախարար, «Միասնություն» դաշինքի ղեկավար Վազգեն Սարգսյանի հայրենիք։ Ինչպե՞ս եք ձեզ զգում, անհանգստություն չունե՞ք, որ հանդիպումը ընտրողների հետ կձախողվի»։ Սերգեյ Բադալյանը բոլորովին իրեն չկորցրեց. «Ինչքան գիտեմ, այդ շրջանում 40 թե 50 հազար մարդ կա, դրանցից մեկն էլ պաշտպանության նախարարն է։ Ինչ վերաբերում է դիմավորելուն, ասեմ, որ նախագահական ընտրությունների վերջին փուլում 1998 թվականին, ամենահզոր միտինգներից մեկը, ամենահզոր աջակցությունը եղավ Արարատում։ Ես չեմ համարում, որ եթե որեւէ շրջան այս կամ այն քաղաքական գործչի ծննդավայրն է, ուրեմն այնտեղ չկան մարդիկ, որոնք գիտակցում են իրենց ե՛ւ արժանապատվությունը, ե՛ւ դուրսը, ե՛ւ ելքը։

Այստեղ բավականին լավ կազմակերպություն կա։ Երկու ընտրատարածք կա, երկուսում էլ մենք ունենք թեկնածու, որոնցից մեկը շրջկոմի առաջին քարտուղարն է։ (…) Այնքան հեշտ չի, չէ՞, այսպիսի տարածքում, ինչպես դուք նշում եք, մարդը երկու անգամ դնի իր թեկնածությունը»։ Որեւէ անհանգստություն բացարձակ չկար, քանի որ Սերգեյ Բադալյանի կարծիքով «գաղափարական հակառակորդը իրեն թույլ չի տա իջնել խուժանական վարվելակերպի մեր նկատմամբ։ Չի եղել այդպիսի բան այս վերջին տարիների ընթացքում»։ Իսկ Արարատ քաղաքի ամֆիթատրոնում բազմություն էր հավաքվել։ Թեպետ լեփ-լեցուն չէր, բայց եկել էին առավել հավատարիմներն ու առավել խեղճերը։ Արարատցիներից մեկի ասելով «Միասնություն» դաշինքի նմանատիպ հանդիպումը օրերով նախապատրաստվում էր, տեղական հեռուստատեսությունն ու ռադիոն անընդհատ ժողովրդին հիշեցնում էին կայանալիք հանդիպման մասին։ Իսկ կոմունիստների հանդիպումն այնքան էլ լավ չէր նախապատրաստված։ Մեկը, որ չուզեց իր անունը բացահայտել, ասաց, որ մարդկանց զգուշացրել են կոմունիստների հետ հանդիպման չգնալ։

Արարատցիների կարծիքով ժողովրդի համակրանքը երկու կես է եղել՝ «Իրավունք եւ միաբանություն» դաշինք եւ կոմունիստական կուսակցություն. «Էն էլ, Գեղամյանը վերջերս մի տեսակ անդուր է դարձել»։ Ժողովրդի մի մասն էլ մտածում է. «Միեւնույնն է «Միասնությանն» են անցկացնելու, գնանք նրանց ընտրենք»։ Այս միտքն ակնհայտորեն մի քանի կանանց դուր չեկավ՝ ո՞նց թե, կոմունիստներից բացի, ոչ մեկին։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31