Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԾԱԽԵ՞Լ ԵՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ԱՆԴՐԱՆԻԿԻՆ

Մայիս 20,1999 00:00
andranik

Դաշնակցության հարյուրամյա պատմությունը շա՜տ փառահեղ ու հերոսական էջեր ունի։ Ու նախընտրական այս «գովք-արշավում» իրեն փառաբանելու առավել հարմար առիթ, քան Առաջին հանրապետության ծնունդն է, չէր կարող երազել։ Սույն փառապանծ իրողությանը նվիրված տոնախմբություններ դեռ կլինեն։

Իսկ Ազգային գրադարանի դաշնակցական տնօրեն Դավիթ Սարգսյանը ճշմարիտ դաշնակցական չէր լինի, եթե իր հարկի տակ այս սուրբ թեմայով գոնե մի ցուցահանդես չբացեր, որը, բնականաբար, շատ սահուն վերաճեց պատգամավորության թեկնածու դաշնակցականների հետ նախընտրական հանդիպման։ Բայց, մինչ այդ, մերօրյա դաշնակցության նախընտրական լոզունգների խորիմաստ ու խոստումնալից («Պաշտպանի՛ր եւ պաշտպանված կլինես») խորհրդի ներքո, Առաջին հանրապետությանն ու դաշնակցությանը նվիրված գրքեր ու տպագիր այլ նյութեր դիտելու բարեբախտությունն ունեցանք։ Առաջին հանրապետության պանծալի ձեռքբերումների թվարկմանը շա՜տ սահուն հաջորդեց ապազգային իշխանության «տասնամյա ալան-թալանի» նկարագրությունն ու «պետությունը ոտքի կանգնեցնելու» դաշնակցության առաքելության ավետիսը։ Վահան Հովհաննիսյանը, ցուցահանդեսի բոլոր նյութերը ուշի-ուշով ուսումնասիրելուց հետո, իր ելույթում այն «հրաշալի» որակեց ու անմիջապես անցավ ներկա դաշնակցական ընկերների գովք-ներկայացմանը։

Ու քանի որ իրենք՝ դաշնակցականները, Առաջին հանրապետության ձեռքբերումները քարոզչական նպատակով օգտագործեցին, «Առավոտն» էլ պահը հարմար գտավ՝ նաեւ Առաջին հանրապետության ղեկավարներին վերագրվող սխալներից խոսելու։ Բայց, չգիտես ինչու, այս դեպքում Վահան Հովհաննիսյանը դիտավորություն տեսավ, պնդելով. «Սա շահարկում է ընտրություների ժամանակ։ Ու բարոյական չէ էն մարդը, որ ընտրությունների մթնոլորտում փորձում է շահագործել այնպիսի մարդկանց, ինչպիսին Հայաստանի Հանրապետության հիմնադիրը (Հովհ. Քազանունին- Ն. Հ.) ու Արամ Մանուկյանն են՝ նրանց անունները վարկաբեկելու համար»։

Իսկ մենք, պարզաբանում լսելու ցանկությամբ, պարզապես տեղեկացրինք Ֆրանսիայում հրապարակվող «Աշխարհ» թերթի 1998 թ.-ի հունիսի 27-ի հրապարակման (հեղինակը՝ սփյուռքի «Կանչ» շաբաթաթերթի խմբագիր Պարույր Երիցյանն է) մեջ բերված որոշ պնդումների մասին։ Այն, ըստ էության, պատասխան է Բեյրութի ՀՅԴ-ի «Ազդակ» պաշտոնաթերթի՝ մայիսի 28-ին նվիրված համարին։ Թերահավատությամբ վերաբերվելով Առաջին հանրապետության ձեռքբերումներին, Բաթումի պայմանագիրը «ստրկացուցիչ» որակելով՝ հոդվածի հեղինակը նաեւ մի հեռագիր է հրապարակել, որն իր պնդմամբ «հայ ժողովրդի դահիճ» Էնվեր փաշային են ուղղել Հայաստանի Առաջին հանրապետության նախագահ Քաջազնունին, զինվորական նախարար Արամ Մանուկյանն ու ՀՀ խորհրդի նախագահ Սահակյանը, ուր կոչ են անում «հաշիւը մաքրէր» հայ ազգի հերոս՝ Անդրանիկի հետ։

Հեռագիրը մեջբերում ենք ամբողջությամբ. «Հայաստանի հանրապետութեան կառավարութիւնը պատիւ ունի յայտնելու ձեր գերազանցութեան, յանուն մեր բարեկամութեան, իրազեկ դարձնելու ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշա խուսափել է մեր կառավարութիւնից, իմանալով, որ զինուորական դատի պիտի ենթարկուի մեր զինուորական մինիստրին չենթարկուելուն համար։ Անդրանիկ փաշան Տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զօրաւոր բանակ, նպատակ ունենալով Զուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին։ Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեփարատ (անջատ) պետութիւն եւ յարձակուել ձեր վրայ։ Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապէս ձախողացնելու համար»։

Ի դեպ, «Աշխարհի» այս հրապարակումը «Առավոտ» էր ուղարկել Ֆ. Գեւորգյան ստորագրած մի ընթերցող՝ խնդրելով մեր թերթի միջոցով ճշտել դաշնակցության ներկայիս ղեկավարների դիրքորոշումն այս ամենի նկատմամբ։ Վահան Հովհաննիսյանի հիմնավորմամբ. «Իր ստեղծման հենց առաջին օրվանից «Աշխարհ» թերթը, որը ֆրանսիական կոմունիստական կուսակցության հայկական բաժանմունքի թերթն է, ռուսական ՊԱԿ-ի փողերով է ֆինանսավորվել։ Դրա խմբագիրներից մեկը ժամանակին եղել է սովետական ագենտ, որը 20-ականներին ծախել է թուրքական կառավարությանը այն դաշնակցականների անունները, որոնք քրդական անունների տակ Արեւմտյան Հայաստանում Արարատյան ապստամբությունն են բարձրացրել, օգտվելով, իհարկե, քրդերի օգնությունից։ «Աշխարհ» թերթի որեւէ տողին հավատալու կարիք ես բացարձակապես չեմ տեսնում։ Ես համարում եմ, որ դա բացարձակապես կեղծիք է։ Նախ, իմիջիայլոց, Քաջազնունին, Էնվերն ու Արամը Մանուկյանը ժամանակագրական առումով այնքան իրարից հեռու են, որ դա ուղղակի հնարավոր չէ։ Թող պատմաբանները զբաղվեն էդ հարցերով, սա քաղաքական հարց չէ արդեն»։ Իսկ ձեռքիս նյութերը (դրանց հետ պրն Հովհաննիսյանը այդպես էլ չցանկացավ ծանոթանալ) մատնացույց անելով՝ ասաց. «Իսկ էդ կարող եք… կոխել «Աշխարհ» թերթի խմբագրի… գրպանը»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31