Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՈՄՈՍԵՔՍՈՒԱԼԻՍՏ ԾՆՎՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ՞ ԴԱՌՆՈՒՄ

Մայիս 19,1999 00:00
Karine Nalchajyan

Հոմոսեքսուալիզմի խնդիրը հոգեբանական առումով բավականին խրթին է եւ բազմագործոն։ Ինչ վերաբերում է դրա բնածին լինելուն, Կարինե Նալչաջյանն ասաց, որ մարդու հոգեկան աշխարհի դրսեւորման գործում շատ մեծ է անձի զարգացման վաղ շրջանի՝ վաղ մանկության դերը։

Այս խնդրի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար նախեւառաջ հարկավոր է նկատի առնել մեկ իրողություն, այն է՝ անձը, փաստացիորեն ինչ սեռի էլ պատկանելիս լինի, իր էությամբ բիսեքսուալ է, այսինքն՝ երկսեռ։ Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հոգեկանում առկա են միաժամանակ երկու սեռին բնորոշ առանձնահատկություններ՝ դրանցից մեկի գերակշռությամբ։ «Բացարձակ կանացի կանայք եւ բացարձակ առնական տղամարդիկ գրեթե չկան»։ Բոլորի մեջ էլ այս կամ այն չափով առկա են հակառակ սեռին բնորոշ առանձնահատկությունները։ Այս համամասնություններն իրենց դերը խաղում են մարդկային կյանքի ու գործունեության բոլոր ասպարեզներում եւ սեռական կողմնորոշումն այստեղ բացառություն կազմել չի կարող։

Կարինե Նալչաջյանն անդրադարձավ այս երեւույթի առաջացմանը նպաստող այլ պատճառներին եւ հատկապես նշեց հոգեսեռական զարգացման վաղ փուլերի վճռական դերը։ Ընդ որում, ոչ միայն հոմոսեքսուալիզմի, նաեւ այլեւայլ սեռական շեղումների արմատները պետք է փնտրել մարդու զարգացման այս շրջանում։ Օրինաչափությունն այն է, որ մարդու սեռական զարգացումը սկսվում է ոչ թե, ինչպես ընդունված է համարել, դեռահասության շրջանում (մոտ 11-12 տարեկանից սկսած), այլ շատ ավելի վաղ։ Արդեն նորածին երեխան սեռական հատկանիշների կրող է։ Հոգեսեռական զարգացման փուլերը առանձնացնելիս Ֆրոյդը կողմնորոշվում էր ըստ այն հարցի, թե որ տարիքում երեխայի մարմնի որ մասում են կենտրոնացած մարմնական հաճույքների ստացման զգացողությունները։

Առաջինը՝ օրալ (բերանային) փուլն է, երբ երեխան սնվում է մոր կրծքից։ Եթե այդ ընթացքում խաթարումներ են տեղի ունենում, ամեն ինչ բնական հունով չի ընթանում, ապա կարող են այս փուլի հետ կապված ֆիքսացիաներ (ախտաբանական ամրապնդումներ) տեղի ունենալ, որոնք հետագայում հանգեցնում են վարքի շատ յուրահատուկ դրսեւորումների, այդ թվում նաեւ՝ սեռական վարքի շեղումների։

Հաջորդ փուլը՝ անալ, նույնպես կարող է բնականոն ձեւով չընթանալ եւ դա եւս պատճառ է դառնում հետագայում, արդեն հասուն մարդու կյանքում սեռականության արտահայտման պերվերս ձեւերի։

Նույնը վերաբերում է հոգեսեռական զարգացման հաջորդ՝ ֆալիկ եւ գենիտալ փուլերին։ Եվ ահա, զարմանալիորեն հասուն մարդու սեռական կյանքի յուրահատկությունները, այդ թվում նաեւ՝ շեղումներն ու այլասերումները հիմնականում կախված են կյանքի առաջին տարիների զարգացումներից։

Տիկին Նալչաջյանը այս խնդրի կապակցությամբ մեր ուշադրությունը հրավիրեց մեկ այլ երեւույթի վրա եւս։ Բանն այն է, որ երեխաների սեռական կողմնորոշման ձեւավորման վրա վճռորոշ է նաեւ ներընտանեկան կյանքում ծնողների դերն ու ազդեցությունը։ Երեխայի անձի ձեւավորումը տեղի է ունենում ծնողի հոգեբանական կերպարի ազդեցության տակ։ Կնոջ կամ տղամարդու սոցիալական դերակատարման առանձնահատկությունները տղաներն ու աղջիկները սովորում են հայրերից եւ մայրերից։ Եթե ընտանիքում հստակ տարբերակված են մայրական ու հայրական դերերը, եթե չկա դերակատարումների խառնաշփոթ, ապա սեռային վարքի ներքինայնացումը երեխայի մոտ տեղի կունենա առողջ ձեւով։ Այստեղ կարող է դեր խաղալ նաեւ ծնողների ենթագիտակցական կամ գիտակցված թելադրանքը։ Օրինակ, եթե ծնողը երազել էր տղա ունենալ, բայց աղջիկ է ծնվել (եւ՝ հակառակը), ապա երեխայի դաստիարակության ընթացքում նրա հետ վարվում է ըստ սեռական ցանկության՝ սկսած հագուստից, մինչեւ իրեն այսպես կամ այնպես պահելու պահանջը։ Այն հարցին, թե սեռական շեղումները ի՞նչ տարածում ունեն Հայաստանում, տիկին Նալչաջյանը դժվարացավ պատասխանել եւ ասաց, որ դրա համար պետք են հատուկ հետազոտություններ, եւ ինքը այժմ ձեռքի տակ չունի այդպիսի տվյալներ։ Բայց այն, որ կա ոչ միայն երեւույթ, այլեւ դրա հանդեպ հետաքրքրություն՝ դա փաստ է։ Ընդ որում, թե՛ հոմոսեքսուալիզմը, թե՛ սեռական այլ շեղումները միշտ էլ ուղեկցել են մարդկությանը ի սկզբանե, պարզապես այդ մասին բարձրաձայն խոսելն ընդունված չի եղել։

Մեր այն հարցին, թե հասարակության կողմից ո՞ր սեռական շեղումներն են ավելի ընդունելի, տիկին Նալչաջյանն ասաց, որ դրանք հասարակության կողմից չեն խրախուսվում, սա ակնհայտ է եւ հասկանալի։ Իսկ ինչպե՞ս են իրենք իրենց գնահատում շեղված սեռական վարք ունեցող մարդիկ։ Նրանց մի մասը տառապում է, իրեն համարում է հիվանդ, իսկ մյուսները՝ ինքնահաստատված են եւ նույնիսկ պայքարող-ագրեսիվ կեցվածք ունեն։ Ընդ որում, ժամանակակից աշխարհում սեռական կողմնորոշումը համարվում է մարդու իրավունքների հարց, որ չի կարելի ոտնահարել:

Այնուամենայնիվ, տիկին Նալչաջյանն ասաց, որ սա հոգեբանական անոմոլիա է: Հայաստանում, այն խրախուսել եւ տալ հասարակական հնչեղություն՝ սխալ է։ Մի շարք երկրներում, միասեռ ամուսնություններն օրինականացված են, նույնիսկ դրված է երեխաներ որդեգրելու հարցը։ Այստեղ արդեն, ինչպես բացատրեց Կարինե Նալչաջյանը, հարցը պետք է շատ կտրուկ դրվի։ Եթե նույնիսկ համարենք, որ յուրաքանչյուրի սեռական կողմնորոշումն իր անձնական հարցն է, եւ նրբանկատությունը դեմ է այդ հարցում որեւէ միջամտության, ապա երեխայի մուտքը այդպիսի «ընտանիք», կործանարար է վերջինիս հոգեկան առողջության համար։ Այստեղ վտանգը ոչ միայն սեռական շեղումների առաջացումն է երեխայի մոտ, այլեւ՝ ողջ հոգեկան կառույցի խեղումը։ Ի դեպ, այդ երկրներում հոգեբաններն իրենց ձայնն են բարձրացնում այս անընդունելի երեւույթի դեմ։

ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31