Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲՈՒԺՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ «ԱՌՈՂՋԱՑՄԱՆ» ԾՐԱԳՐԵՐ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

Մայիս 19,1999 00:00
bjishk

Հայաստանի բժիշկների եւ ճարտարագետների միությունը՝ UDE-ն, որ որպես հասարակական կազմակերպություն գրանցված է 1998 թ. հուլիսից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի հետ այս տարվա մարտ ամսից իրականացնում է «Լոռու մարզի բուժսարքավորումների վերանորոգում» ծրագիրը։ Միության հիմնական նպատակներն են՝ պահպանել եւ ավելացնել բժշկական սարքավորումների քանակը, այն մատչելի դարձնել ավելի մեծ թվով բժիշկների համար (այստեղ արդեն կարեւորվում է նաեւ բժիշկների վերապատրաստման հարցը), մշակել բուժտեխնիկայի առավել արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկությունները։

«Ամեն ինչ սկսվեց 10 տարի առաջ, երկրաշարժից անմիջապես հետո։ Աղետի գոտում, հակառակի պես, ամենալուրջ վնասները հասել էր առողջապահական օբյեկտներին»,- «գեղարվեստորեն» արձանագրում է UDE-ի նախագահ Ասյա Խաչատրյանը։ Միության անդամները՝ բարձր որակավորում ունեցող բժիշկներ եւ ճարտարագետներ, բուժտեխնիկայի վերանորոգման, ինչպես նաեւ բժշկական սպասարկման տարբեր ծրագրեր են իրականացրել Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ աղետի գոտում՝ իրենց հնարավորությունների սահմաններում անվճար վերանորոգելով, հաշվառելով եւ պարբերաբար լրացնելով Հայաստանի բուժսարքավորումների վիճակի մասին տեղեկատվությունը, միաժամանակ կատարելով հիվանդների քննություն եւ բուժանձնակազմին խորհրդատվություն տալով։

Դեռեւս 3 տարի առաջ UDE-ի եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան միջոցով Վանաձորի 3-րդ մանկական համաբուժարանն ապահովվել է ֆիզիոթերապեւտիկ սարքավորումներով։ Միության անդամների ջանքերով նորոգվել են Վանաձորի շտապօգնության, ինչպես նաեւ 2-րդ մանկական հիվանդանոցում՝ ռենտգենյան սարքավորումները։ Միության կողմից ոչ թե գումարային ներդրումներ են արվել, այլ՝ «աշխատուժային»։

UDE-ն պարզել է, որ վերջին տասը տարիներին օգնության կարգով Հայաստան է ներմուծվել բուժտեխնիկայի ահռելի քանակ, որի մեջ, սակայն, եղել են նույնիսկ 40-50-ական թվականների սարքավորումներ։ Դրանից, բնականաբար, անհնար էր օգտվել, եւ «երկիրը վերածվել է հնոտիքի կույտի»։ Որակյալ սարքավորումների ճնշող մեծամասնությունն էլ տարբեր պատճառներով չի շահագործվում։ Ռազմական գործողություններից տուժած վայրերում եւ աղետի գոտում ստուգումներ են անցկացվել բժշկական սարքավորումների վերականգնման եւ նորմալ շահագործման գնահատման համար։

Ներկայումս UDE-ն ծրագրեր ունի Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր քաղաքներում, Մեծ Պարնի, Արեւաշող գյուղերում, որտեղ պետք է վերանորոգվեն եւ շահագործման հանձնվեն 25 ամենաանհրաժեշտ բուժսարքավորումները։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ UDE-ն Լոռու մարզում միության անդամներ չունի, չնայած աջակցողներ շատ կան, իսկ կոնկրետ վերականգնողական աշխատանքները, ինչպես հավաստեց միության նախագահը, Վանաձորում տարվում են Շիրակի մարզի մասնագետների կողմից։

UDE-ի՝ բժիշկների եւ ճարտարագետների միության մի առանձնահատկությունն այն է, որ միության անդամները անդամավճարներ չեն մուծել, սակայն ներդրումներ են արել։ Այս կապակցությամբ միության նախագահը պարզաբանեց, որ ոչ ոք չի կարող մարդուն արգելել ներդնել իր մասնագիտական կարողությունները, որը կարող է նաեւ սոցիալական վիճակի կամ գումարային խնդիրների հետ կապ չունենալ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31