Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական անակնկալը «ԱրմենՏելում»

Մայիս 19,1999 00:00
toto

Մայիսյան մի գեղեցիկ օր Վանաձորի քաղաքային կապի հանգույցի երկարամյա մի բաժանորդ, որպես ՀՀ օրինավոր քաղաքացի, սովորականի պես ուղեւորվեց հեռախոսի վարձավճարը մուծելու։

Կապի հանգույցում, ինչպես միշտ, նրան անակնկալ էր սպասվում։ Վարձավճար գանձողները ոչ թե հայտնեցին, թե դեռեւս ապրիլ (այսինքն՝ նախորդ) ամսվա հաշվարկը չի կատարվել, այլ… ընդհանրապես այդպիսի հեռախոսահամար գոյություն չունի, եւ ասվածը շատ տեսանելի ու թափանցիկ պատկերվեց համակարգչի էկրանին։ Պատմական անդրադարձի կարգով նշենք, որ զրույցի առարկա հեռախոսահամարը մինչ այդ ունեցել էր նաեւ 4 «նախորդ կյանք»՝ մի քանի անգամ համարափոխության ենթարկվելով։ Առաջին «կյանքը» 1988 թ. երկրաշարժից առաջ էր, եւ սկսվում էր «2» համարանիշով, երկրաշարժից հետո վերափոխվեց «1»-ի՝ մի կարճ ժամանակով, այնուհետեւ կրկին վերադարձավ «2»-ին՝ մինչեւ 1998 թ. աշնանային մի տխուր առավոտ, երբ քաղաքի հազարավոր բաժանորդներ կապի հանգույցում բռնկված հրդեհի հետեւանքով զրկվեցին հեռախոսներից։

Դրանից հետո տվյալ հեռախոսահամարը իր նման շատ «դժբախտների» հետ փոխարինվեց «4»-ով սկսվող այլ հեռախոսահամարներով մինչեւ 1999 թ. ապրիլ ամսվա կեսը, երբ կապի հանգույցից «ավետեցին», որ նախկին հեռախոսահամարը երկարատեւ «գերությունից» հետո կրկին վերադարձվում է տիրոջը, սակայն արդեն համարանիշը ոչ «2»-ով եւ ոչ էլ՝ «1»-ով է սկսվում, այլ՝ «4»-ով։ Հետաքրքիր է, սակայն, որ թե՛ նախկին եւ թե՛ ներկա հեռախոսահամարների գոյության մասին համակարգիչը ապրիլ ամսում արդեն տեղեկություն չուներ։ Ինչեւէ։ Քաղաքացուն, որ այնքան մեծ անհամբերությամբ ցանկանում էր հեռախոսավարձն ու միջքաղաքային խոսակցությունների պարտքերը վճարել, խնդրեցին «ըմբռնումով» մոտենալ համակարգչի (եւ ոչ թե աշխատողների) «գերզբաղվածության» հանգամանքին, որն, անշուշտ, խորհրդարանական ընտրությունների պատճառ չէր կարող լինել, եւ առաջարկեցին սպասել, մինչեւ «տվյալները» մտնեն համակարգիչ։

Փաստորեն, ի տարբերություն ընդունված տարբերակի, երբ քաղաքացիները գանգատվում են, թե հեռախոսը չի աշխատում, բայց վարձ են մուծում, այս անգամ հակառակ տարբերակն էր. հեռախոսն աշխատում էր, բայց քաղաքացուց հրաժարվում էին վարձավճար ընդունել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31