Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱՌԶՈՒՆԵՐՆ ՈՒ ԳՌԶՈՆԵՐԸ ՊԻՏԻ ՓԱՌԱՎՈՐԵՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆ ՄԵՐ ԱԶԳԸ»

Մայիս 19,1999 00:00
adibekyan

Նախընտրական շրջանում հասարակական կարծիքը կարեւորվում է։ Քաղաքական ուժերն ու պատգամավորության թեկնածուները փորձում են քարոզարշավի ընթացքում կողմնորոշվել սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներով։ Այս շրջանում մի քանի հետազոտություն է անցկացրել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

-Ինչո՞վ կտարբերվի ապագա խորհրդարանը։

-Նախորդ խորհրդարանն արհեստականորեն համապատասխանում էր որոշ չափանիշների։ Հիմնականում այնպես, որ ընդդիմությունը նվազագույն դեր խաղա։ Այսօր քաղաքական ուժերն իրենց ավելի ազատ են դրսեւորում, եւ հույս կա, որ խորհրդարանում հանդես կգան 5-7 խմբավորումներ։ Հարցն այն չէ, որ գալիս է գերակշռող ձայներով նոր խմբավորում։ ԱԺ-ում հանդես կգա մի խումբ, որը կլինի քաղաքականապես չեզոք, ֆինանսապես ուժեղ։ Դա գործարարների խմբակցությունն է։

-Ինչո՞ւ են նրանք փորձում մտնել խորհրդարան։

-Բիզնեսը եւս ունի իր զարգացման փուլերը։ Սկզբում նա չի ընտելանում օրենքներին։ Հետո դառնում է հզոր եւ, ինքնաբերաբար, կարգուկանոնի, օրենքի պահանջ է զգում։ Հայաստանում մի խումբ բիզնեսմեններ հասել են զարգացման այդ աստիճանին եւ նրանց սեփական գործն է ստիպում՝ նպաստել, որ երկրում չլինի իշխանությունների կամայականություն, ռեկետ (ռեկետ, որ երբեմն պետական մակարդակ ունի)։ Սրանք բավական լուրջ բացասական ազդեցություն ունեն գործարար կյանքի վրա։ Գործարարները ստիպված են պաշտպանել իրենց շահերը, քանի որ ոչ մի քաղաքական կուսակցություն, այսպես ասած, չի իջել իրենց մակարդակին եւ չի պաշտպանում իրենց շահերը։

-Այդ դեպքում ինչո՞վ են զբաղված քաղաքական ուժերը։

-Ամեն մի քաղաքական խմբակցություն, որ գալիս է ընտրություններով, զբաղվում է գլոբալ քաղաքական հարցերով՝ ազգային խնդիրներով, ղարաբաղյան հիմնահարցով եւ այլն։ Իսկ ամենակարեւոր տնտեսական հարցերը դուրս են մնում ուշադրության կենտրոնից։

-Գործարարները փորձեցին լոբբինգի միջոցով այդ հարցերը լուծել այսօրվա խորհրդարանում։ Ինչո՞ւ են նրանք փոխում խորհրդարանի հետ աշխատելու մեթոդը։

-Գործող խորհրդարանի վրա լոբբինգային ազդեցություն ունեցան մի քանի գործարար ընտանիքներ, որոնք ունեին հարկային կամ մաքսային արտոնություններ։ Բայց պարզվեց, որ գործող օրենքներով աշխատող բիզնեսմենն անհավասար վիճակում է։ Սա է պատճառը, որ գործարարները ձգտում են բոլորի համար հավասար կանոնների հաստատմանը։ Փաստորեն, նրանք գալիս են խորհրդարան՝ իրենց այս խնդիրները լուծելու նպատակով։ Իսկ մինչեւ հիմա էներգետիկայի խնդրով զբաղվել է մաթեմատիկոսը, մարդու իրավունքների խնդիրներով՝ բանասերը, ատոմակայանի հարցերով՝ պատմաբաններն իրենց մասնագետ էին ներկայացնում։ Այսօր խորհրդարանն արդեն պահանջ ունի մասնագիտացված ու կոմպետենտ որոշում ընդունող կադրերի։

Այսօր Արդյունաբերողների ու գործարարների միությունը նեցուկ է երկու տասնյակ գործարարների։ Վերջիններիս մեծ մասը ներքաշված չեն քաղաքական խաղերի մեջ։ Նրանք հիմնականում մեկ նպատակ ունեն՝ նորմալ պայմանների ստեղծում գործունեության համար։ Նրանք, որպես սեփականատեր, տնտեսապես ու քաղաքականապես անկախ են։

-Դա՞ է ապագա խորհրդարանի տարբերակիչը։

-Հիմնական բնութագիրն այն է, որ գալիս է մասնագետների մի հզոր խումբ։ Հարցերն արդեն ոտքի վրա եւ մակերեսային լուծումներ չեն ունենա։ Տնտեսական բոլոր հարցերը կլուծվեն խորը վերլուծության արդյունքում։ Պարզ է, որ Գառզուներն ու Գռզոներն են, որ պիտի փառավորեն եւ հարստացնեն մեր ազգը։ Այդ գործարարներն են ձեւավորելու օրենսդրական դաշտ, որը կառավարությանը կստիպի օպտիմալ տնտեսական քաղաքականություն վարել։ Կառավարությունը հաճախ իր անգործությունը բացատրում է նրանով, որ օրենքով պարտադրված չէ որոշակի քայլեր անել։

-Գործարարների մուտքը ինչպե՞ս կանդրադառնա պետական մեքենայի վրա։

-Խորհրդարան-կառավարություն հարաբերությունը լուրջ փոփոխություն կկրի։ Հարց ու պատասխանի մակերեսային հարաբերությունը լրջորեն կփոխվի։ Այսօր թե՛ խորհրդարանը, թե՛ կառավարությունը օրենքներ ու որոշումներ են ընդունում, որոնք իրագործել հնարավոր չէ։ Նոր խորհրդարանն ավելի պրագմատիկ կլինի օրենքների ստեղծման ոլորտում եւ հնարավորություն կունենա դառնալ իրական վերահսկողություն՝ գործադիր իշխանության նկատմամբ։ Ուժեղ եւ անկախ խորհրդարանը գործադիր իշխանություններին կպարտադրի՝ նույնպես լինել ուժեղ եւ արդյունավետ։

-Իսկ գործադիր իշխանություններն իրենց հարկային ու մաքսային լծակներով չե՞ն կարողանա խեղճացնել գործարարներին։

-Եթե մասնագիտական հմտություն պահանջող հարցերում գործարարները խորհրդարանում կատարեն առաջնակարգ դեր, օրենքներով կարող են կաշկանդել կառավարության վարչահրամայական մեթոդներով գործունեությունը։ Նրանց կհաջողվի ստիպել, որ գործադիր իշխանությունը լինի իրոք գործադիր, ոչ թե՝ տարրական իշխանություն։

-Գործարարների խումբը ի՞նչ հարաբերությունների մեջ կմտնի քաղաքական ուժերի հետ։

-Պարզ է, որ քաղաքական խմբավորումների մի մասը կփորձի գործարարներին ներքաշել իրենց քաղաքական խաղերի մեջ։ Սակայն նրանք անկախ մնալու բոլոր անհրաժեշտ պայմաններն ունեն։ Նշեմ այն գործարարներին, ովքեր այսօր մեծ շանսեր ունեն դառնալու խորհրդարանի անդամ՝ «Էլեկտրացանցշինտրեստի» կառավարիչ Լավրենտ Միքայելյան։ Նա Պարսկաստանի հետ էլեկտրագիծ է կառուցել, հիմա էլ Վրաստանի հետ է կառուցում։ Նրա աշխատանքներին շատ է խանգարում այն, որ էներգետիկ ոլորտը դուրս է հասարակության եւ խորհրդարանի վերահսկողությունից եւ դարձել է ներկառավարական խնդիր։ Հենց սրանով են պայմանավորված սակագները, հասարակական դժգոհությունը էներգետիկ ոլորտից։ Նման մասնագետի առկայությունը խորհրդարանում կբացառի էներգետիկ ոլորտում սխալ որոշումներ ընդունելու հավանականությունը։ Վերցնենք այլ ոլորտ։ Հանրապետությունը լուրջ գումարներ է ծախսում գրահրատարակչության համար։ «Հակոբ Մեղապարտ» հրատարակչատան տնօրեն Բ. Քեռյանի ներկայությունը խորհրդարանում կկանոնավորի դասագրքերի հրատարակման համակարգը։ Դպրոցը կազատվի այս խնդիրներից։ Օրինակ, Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն, գիտի ինչպես հրավիրել օտարերկրյա ներդրողներ, ինչպես համատեղ ձեռնարկություն ստեղծել նրանց հետ, ինչպես հետո անջատվել, դառնալ ինքնուրույն։ Մինչդեռ նման գործարարների ամեն մի քայլը կարող է ձախողվել ինչ-որ անդեմ չինովնիկի կողմից։

Ի տարբերություն քաղաքական ուժերի, որոնք գիտեն՝ ինչ է պետք անել, գործարարների խավը գիտի՝ ինչպես է պետք անել։ Աշխատատեղեր ստեղծելու մասին խոսում են բոլոր խմբակցությունները։ Բայց ինչպես աշխատատեղեր ստեղծել՝ գիտեն Սուքիասյանը, Միքայելյանը, Քեռյանը, մյուս գործարարները։ Արդյունաբերողների հնարավոր խմբակցությունը պետք է եղանակ ստեղծի նոր խորհրդարանում, ստիպի կառավարությանն ավելի արդյունավետ գործել։ Դրանով ամբողջ պետական համակարգը կարող է մի նոր որակական աստիճանի հասնել։

-Իսկ քաղաքական որեւէ ուժ խնդիր չի՞ դնի՝ խանգարել նրանց։

-Քաղաքական ուժերը երկու խնդիր ունեն՝ գալ իշխանության եւ զբաղվել քաղաքական որոշումներով։ Թե՛ այսօր, թե՛ վաղը, թե՛ հինգ տարի առաջ Հայաստանի համար շատ կարեւոր էր, որ քաղաքական ուժերը նախ զբաղվեին տնտեսության զարգացումով եւ դրա հիմքի վրա լուծեին մյուս խնդիրները։

Հարցազրույցը վարեց ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31