Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ վաղը լավ կլինի

Մայիս 19,1999 00:00
hravarutyun

Ընտրություններից առաջ մարդկանց ընկած տրամադրությունը բարձրացնելու եւ բարձրացմանը զուգահեռ իրենց կուսակցությունների առավելությունը ներկայացնելու փորձեր այսօր արդեն շատ կուսակցություններ են անում։ Քանի որ խոստումներով տրամադրություն չես բարձրացնի, ընտրվում է երգի (համերգի) ժանրը։

Օպերայի հրապարակում երեկ, ուշ երեկոյան համերգ ու հրավառություն եղավ։ Ու այս ամենը «Արժանապատիվ կուսակցության» պատվին (ու ջանքերով)։ Մինչ համերգը զրուցեցի հավաքված մարդկանց հետ։ Պարզվեց, որ բոլորը համակրում են կուսակցության լիդեր Լյուդմիլա Հարությունյանին («խելքը գլխին կին է»), բայց կուսակցության հարցում դեռեւս չեն կողմնորոշվել։ Համերգի ընթացքում տիկին Լյուդմիլան ոչ մի կերպ չէր համաձայնում ելույթ ունենալ ժողովրդի առջեւ. «Թող մարդիկ համերգ լսեն»։ Իմ այն հարցին, թե ինչպես է գնահատում իր շանսերը (բանն այն է, որ վերջերս թիվ 4 ընտրատարածքի մեկ այլ թեկնածու՝ Գրիգոր Ավագյանը, հավաստիացրել էր, թե անցնողը ինքն է լինելու)։

-Գիտեք, մեծամասնական ընտրապայքարում մրցում են փողն ու ինտելեկտը։ Թե ինչպիսին կլինի վաղվա հայկական պառլամենտը, եւ արդյո՞ք Հայաստանն այն երկիրն է, ուր փողը կհաղթի ինտելեկտին, կախված է թե թիվ 4 ընտրատարածքի, թե առհասարակ, ընտրությունների արդյունքներից։

-Դուք ասում եք՝ փող, բայց համաձայնեք, որ այս եւ հանրապետության այլ մարզերում այսօրվանից սկսած ակտիվ քարոզչությունն էլ փող է եւ ոչ քիչ։

-Այս համերգը տալիս ենք ժողովրդին ուրախացնելու համար։ Այն փողը, որը ծախսվում է ընտրատարածքում, տրվում է ընտրակաշառքի ձեւով։ Եվ որակական ահռելի տարբերություն կա համերգների եւ այն փողի միջեւ, որը տրվում է։ Եկեք երեւույթները տարբերենք։

-Ի՞նչ եք կարծում, նման համերգները որքանո՞վ են արդյունավետ կուսակցությանը ձայներ բերելու առումով։

-Սա հասարակությունում նորմալ տրամադրություն է ստեղծում։ Մեր հասարակությունը հոռետես ու հոգնած է։ Բնակչությունը պարզապես մարդկայնորեն ուզում է բարձր տրամադրություն ունենալ։ Ինչո՞ւ ընտրությունները մեր երկրում չեն կարող լինել ուրախ, հաճելի երեւույթ։ Անպայման պիտի կրքերի, ցասումների բախո՞ւմ լինի։ Ես ինձ շատ վատ եմ զգում, երբ ստեղծել եմ կուսակցություն, ուզում եմ լավ գործ արած լինեմ, ինչո՞ւ չեք ուզում տեսնել։

Մինչ մենք չենք ուզում լավ գործը տեսնել, Օֆելյա Համբարձումյանը օպերայի հրապարակում երգում էր. «Վա՜յ, դույ-դույ, դույ-դույ, դույ-դույ» երգը։ Հավաքվածները ձայնակցում էին։ Վերջում հրավառություն եղավ։

Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31