«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԳԻՏԵՆ ԲՈԼՈՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ, ԲԱՅՑ ՉԵՆ ԱՍՈՒՄ Դեռեւս հայաստանյան քաղաքական միջավայրը գնահատական չի տվել այն իրողությանը, որ մինչեւ օրս էլ նախընտրական միավորներից որեւէ մեկը կամ որեւէ սոցիոլոգիական ծառայություն չի հրապարակել որեւէ տվյալ։ Այս հանգամանքը կարելի է պատճառաբանել, մեր կարծիքով, 2 հիմքով։ Նախ, այն մարդիկ, ովքեր հասարակական գիտակցության մեջ սոցիոլոգի համարում կամ նաե՛ւ սոցիոլոգի համարում ունեն. Լյուդմիլա Հարությունյան, Սերգեյ Երիցյան, Արթուր Բաղդասարյան եւ այլք, ներգրավված են ընտրարշավում եւ գուցե սուբյեկտիվ չլինելու համար է, որ խուսափում են հասարակության դատին ներկայացնել իրենց տվյալները կամ էլ դրանք այնքան անբարենպաստ են իրենց համար, որ ժողովրդին մատուցելը պարզապես հարմար չէ։ Այս իրողությունների արձանագրմամբ էլ հարց ուղղեցինք «Միասնություն» դաշինքի նախընտրական շտաբի պատասխանատուներից Տիգրան Թորոսյանին, թե արդյոք տարօրինակ չէ՞, որ հարցախույզի արդյունքներ չկան։ -Իհարկե, տարօրինակ է,- արձագանքեց «Հանրապետական» կուսակցության փոխնախագահը,- բայց դա առաջին հերթին սոցիոլոգիական ծառայությունների գործն է։ Նրանք, իհարկե, իրենց տվյալները կմատուցեն հասարակությանը, սակայն տպավորություն չստեղծվի, թե ընտրական միավորներն ու կուսակցություններն աննպատակ ընթացքների մեջ են։ Նրանք եւս հասարակական կարծիքի հետազոտություններ կազմակերպում են «ընտրարշավի մնացած ժամանակահատվածի համար իրենց մարտավարության եւ ռազմավարության մանրամասները ճշգրտելու նպատակով»։ «Միասնություն» դաշինքը եւս իր աշխատանքները կազմակերպելու համար հարցախույզներ անցկացնում է եւ տեղյակ է «թե ինչպիսին է հասարակական կարծիքը եւ ընտրարշավի ընթացքում ինչպիսի փոփոխություններ է կրել»։ -Իսկ դրանք ձեզ գոհացնո՞ւմ են։ -Դրանք համապատասխանում են այն ակնկալիքներին, որոնք մենք ունեինք ընտրություններից առաջ եւ որոնք ձեւավորվում են նաեւ ընտրարշավի ընթացքում։ Հիմա խոսենք, մեր դիտարկմամբ, այն երկրորդ պատճառի մասին, թե ինչու տվյալներ չեն հրապարակվում։ Վերջին տարիների ընտրություններում Հայաստանում ներդրվել է մի պրակտիկա, երբ հարցախույզների արդյունքները հարմարեցվում էին առաջ քաշված քաղաքական նպատակներին։ -Պրն Թորոսյան, այդ պրակտիկան ձեզ մոտ որքանո՞վ է կիրառվել։ -Բնականն այն է, որ որեւէ մեկն ինքն իրեն խաբելու ցանկություն չունենա։ Մենք եւս մեզ խաբել չենք ուզում։ Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ընտրական միավորներն իրենց ձեռնտու թվերն են ներկայացնում հասարակությանը, այդ պատճառով էլ իրենց ներքին օգտագործման համար անցկացրած հարցախույզների արդյունքները չեն հրապարակում։ Ինչ վերաբերում է թվերի ճշմարտացիությանը, կարելի է հուսալ, որ այս անգամ դրանք, իհարկե, որոշակի տատանումներով հանդերձ, մոտ կլինեն իրականությանը, որովհետեւ կան մի շարք դրական տեղաշարժեր, որոնք զգալի ազդեցություն կունենան ընտրությունների արդար եւ ազատ լինելու հարցերում։ Որպես այդպիսին ներկայացվեց հանձնաժողովների կազմավորման գործընթացը. «Եթե վերլուծենք, թե ովքեր են ընտրվել որոշ հանձնաժողովների նախագահ, փոխնախագահ եւ քարտուղար, կտեսնենք, որ մի խումբ մարդիկ ներկայացնում են արմատական ընդդիմությունը, ինչը որեւէ մեկը նախորդ ընտրությունների ժամանակ չէր կարող անգամ երազել՝ նկատի ունեմ 1995-ի խորհրդարանական ընտրությունները»։ -Իսկ ձեր ունեցած տվյալներով, փոփոխություններ կա՞ն ընտրական միավորների վարկանիշերում։ -Այո, նման փոփոխություններ կան։ Այս քարոզարշավի սկզբնական փուլում կային կուսակցություններ, որոնց վարկանիշը բարձր էր 5%-ից, սակայն հիմա իջել է։ Կա նաեւ հակառակ պրոցեսը՝ սկզբում բավականին փոքր վարկանիշ ունենալով, հիմա որոշ կուսակցություններ 3% անցնելու հավակնություն ունեն։ Հաշվի առնելով խնդրի զուտ բարոյական, էթիկական կողմը, ես այդ կուսակցությունների անունները չեմ տա։ Կարելի է պարզապես ենթադրել, որ 5-6, միգուցե 7 կուսակցություն կհաղթահարի 5%-ի արգելքը։ Իսկ ինչ վերաբերում է «Միասնություն» դաշինքի վարկանիշին, ապա Տիգրան Թորոսյանի վկայությամբ, այն հենց սկզբից էլ բավականին բարձր էր, իսկ ավելի ուշ «նկատելի փոփոխություն եղավ հեռուստատեսային ելույթներից եւ ասուլիսներից հետո, դրական տեղաշարժեր եղան նաեւ այցերից հետո։ Նկատելի է, որ շրջայցերը եւս նշանակություն ունենում են հասարակական կարծիքի վրա»։ Ինչպես նկատեցիք, մինչեւ այս պահը որեւէ թվական տվյալ չմատնանշվեց եւ Տիգրան Թորոսյանը դա արեց դիտավորությամբ։ Հակառակ պրակտիկան, նա, Վազգեն Սարգսյանի նմանողությամբ, համարում է անհեթեթ։ Բայց չէ՞ որ թվական տվյալներ հրապարակելուց չի խորշում Պարույր Հայրիկյանը։ -Այս պարագայում ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը։ -Տվյալ հրապարակողը Պարույր Հայրիկյանն է, կարծում եմ, ինքն էլ բացատրություններ կտա, թե ինչու է այդպես վարվել։ Անհեթեթ է այլ քաղաքական գործիչների ասածներին ու ստածներին նման գնահատականներ տալը։ Բոլոր դեպքերում ասենք, որ «Միասնություն» դաշինքի համար հարցախույզն իրականացրել է «Լոգոս» սոցիոլոգիական ծառայությունը եւ, նրա ստացած տվյալներով, առաջինը Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի «Միասնություն» դաշինքն է, իսկ երկրորդ տեղում կոմունիստներն են։ ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ