ԷՋՄԻԱԾՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌՈՒՄ Մայրաքաղաքի նախընտրական զարգացումների եւ մրցակցային որոշ չափով կանխատեսելի իրավիճակին հակառակ, հանրապետության մարզերում Ազգային ժողովի նախընտրական «քարտեզը» շատ ավելի միօրինակ ու ընդհանրական տեսք ունի։ Արմավիրի մարզում, հատկապես Էջմիածնում, պայքարն ավելի շատ տեղական բնույթ է կրում, քանի որ ցուցակներում չկան հայտնի քաղաքական գործիչներ։ Սակայն մարզի վեց ընտրատարածքներից երեքը Էջմիածին քաղաքում են, ընտրատարածքներում ամենահավանական շանսեր ունեցող թեկնածուների տեղաբաշխվածության մեջ մի հետաքրքիր օրինաչափություն կա. մեծամասնական կարգով թեկնածուներ առաջադրվել են կուսակցությունների եւ անհատների կողմից կատարված պարզ թվաբանական հաշվարկների եւ ուժերի իրական գնահատման հիման վրա։ Այդ առումով, թերեւս, ամենավառ օրինակը թիվ 37 ընտրատարածքն է, որտեղ առաջադրվել է ընդամենը մեկ թեկնածու՝ ՀՀԿ-ի ներկայացրած Հրանտ Գրիգորյանը, որը գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է։ Մամուլի եւ քաղաքական գործիչների մեկնաբանությամբ. «Հրանտ Գրիգորյանը միակ թեկնածուն է իր ընտրատարածքում, քանի որ, գնահատելով նրա հնարավորությունները, ոչ ոք չի համարձակվել պայքարի մեջ մտնել նրա հետ»։ Սակայն սա լոկ կարծիք է։ Ինչ վերաբերում է Էջմիածնի մյուս երկու՝ թիվ 35 եւ 36 ընտրատարածքներին, ապա, կարող եմ ասել, հետաքրքիր պայքար է կանխատեսվում։ Թիվ 35 ընտրատարածքում ամենաբարձր մեկնարկային վարկանիշեր ունեն երեք (ի դեպ՝ ոչ կուսակցական) թեկնածուներ (առաջադրված յոթից)։ Առաջինը Հակոբ Հակոբյանն է (նա Էջմիածնում հայտնի է «Ճոյտ Հակոբ» մականունով եւ տնօրինում է «Զվարթնոց» փակ բաժնետիրական ընկերությունն ու էլի շատ օբյեկտներ)։ Նա իր ամենահավանական մրցակիցը համարում է Գառնիկ Ղազարյանին, դարձյալ անկուսակցական։ Վերջինս, թերեւս, գտնում է, որ մրցակից չունի։ Երկրորդը՝ Գագիկ Բիշարյանն է, Էջմիածնի քաղաքապետի օգնականը, եւ երրորդը՝ Միհրան Մաղաքյանը, Էջմիածնի սարքաշինական գործարանի տնօրենը։ Ի տարբերություն այս ընտրատարածքի, թիվ 36-ում առավել թեժ պայքար է կանխատեսվում ՀԺԿ-ի ներկայացուցիչ Մանվել Մուրադյանի եւ քաղաքում բավականին մեծ հեղինակություն ու ճանաչում վայելող Էջմիածնի ՀԿԿ շրջկոմի քարտուղար Սուրեն Եղիազարյանի միջեւ։ Այսօր նախընտրական քարոզարշավը լիարժեք օգտագործում են Հակոբ Հակոբյանը, որի հանդիպումները հիմնականում կազմակերպվում են դպրոցներում եւ մասամբ տեղական հեռուստատեսությամբ, Գագիկ Բիշարյանը, որը իր քարոզարշավը կատարում է «Արմենիա» հեռուստաընկերության եթերով (հարցազրույցներում), մասամբ էլ տեղական հեռուստատեսությամբ, Հրանտ Գրիգորյանը՝ մասամբ օգտագործելով տեղական հեռուստատեսությունը, ավելի պասիվ է նախընտրական հանդիպումներում։ Մնացած թեկնածուներն ավելի շատ ստվերում են։ ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ Երեկ Վերաքննիչ դատարան «ժամանեց» Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի նախագահ պրն Վ. Մանուկյանի վերաքննիչ բողոքը՝ կապված մայիսի 11-ի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների Առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի դեմ։ Վերաքննիչ դատարանը նախագահող դատավոր Մ. Դրմեյանի, դատավորներ՝ Ա. Հունանյանի, Դ. Խաչատրյանի մասնակցությամբ, ծանոթացավ վերաքննիչ բողոքին եւ որոշեց «քաղաքային ընտրական հանձնաժողովի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձնել»։ Փաստորեն, ուժի մեջ է մնում Ավանի թիվ 3 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու Գ. Կոստանդյանի նկատմամբ կայացրած Առաջին ատյանի դատարանի վճիռը, եւ բողոքարկումն այս առումով «ոչ ճիշտ» էր։ Վերաքննիչ դատարանն առաջնորդվել է քաղ. դատ. օրենսգրքի 155 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով։ Բողոքը վերադարձվեց քաղ. դատ. օրենսգրքի 91 եւ 212 հոդվածներով, երբ հարցն արդեն իսկ լսվել է։ Ռ. Մ.