Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մե՛նք էլ կանենք»

Մայիս 19,1999 00:00

«Այդ մե՛նք էլ կանենք» Եթե կարծում եք, թե կուսակցություններից միայն Դաշնակցությունն է ի վիճակի ժողովրդական «լայն» ընտրազանգվածի համար համերգ կազմակերպել, «տաշի-տուշի» անել եւ այլն, ապա չարաչար սխալվում եք։ Երեկ Դաշնակցության ձեռքից համերգային փոխանցիկը վերցրեց «Սոցիալիստական ուժերի եւ մտավորականների» միությունը եւ Ազատության հրապարակում հավաքված մի բուռ ահել-ջահելի համար մշակութային անվճար միջոցառում անցկացրեց։ Մայիսյան անձրեւն ու ամպրոպը ոչ ոք քաղաքական դիվերսիա չհամարեց եւ սոցիալիստներն ու մտավորականներն ըմբռնումով վերաբերվեցին եղանակի քմահաճույքներին։ Հավանաբար, որոշ դաշնակցական ընկերների դուր չի գա եղանակի այս կողմնակալ վերաբերմունքը։ Համերգը կազմակերպելը՝ կազմակերպեցին, սակայն, հավանաբար փորձի պակասի պատճառով, չստացվեց այն ոգեւորությունը, որը հատկապես ստացվում է այլ դեպքերում։ Սոցուժերը որոշել էին երեկվա օրը՝ մայիսի 18-ը, որպես Արցախի ազատագրական բանակի հաղթանակների սկզբի օր, նշել երգ ու պարով։ Շոու-բալետ «Gold Star»-ը իր համերգային համարներով փորձում էր ժողովրդին ոգեւորել։ Շոու-բալետային մի քանի համարներից հետո հայերը բացվեցին… ֆիդայական, ազգային երգի ռիթմիկ տկտկոցի տակ հատուկենտ ծափեր եւս կտկտացին։ «Եթե հանելու դու-շեշ կա՝ կարողացեք» Ասում է Լորիս Քալաշյանը, որը «Սոցիալիստական ուժերի եւ մտավորականների» միության համամասնական ցուցակում առաջինն է։ Պարոն Քալաշյանը սոցուժերի հնարավորությունները համեստ է գնահատում։ Այս միությունը նախընտրական փուլում նաեւ խիստ համեստ է իր կատարած ծախսերում, անհրաժեշտ ծախսերն էլ հոգում է պարոն Քալաշյանը. «Մենք ունենք հրատարակչության մեծ ծավալ, ունենք մեքենաներ, ունենք թուղթ եւ բոլոր գովազդային պրոբլեմները մեր տպարանում ենք հոգում»։ Լորիս Քալաշյանից փորձեցինք հստակեցնել, թե արդյոք ժողովուրդը սոցիալիստական ուժերին եւ կոմունիստներին տարբերո՞ւմ է իրարից։ Պարզվեց, որ «էն էլ շատ լուրջ են տարբերում», բայց դա այս միության պրոբլեմը չէ, այլ՝ Վազգեն Սաֆարյանի, չէ՞ որ նրա կուսակցությունն է կոչվում՝ կոմունիստական ուժերի եւ սոցիալիստների։ Իսկ թե «ինչո՞ւ են համերգին այսքան քիչ թվով սոցիալիստական ուժեր եւ մտավորականներ եկել» հարցին պարոն Քալաշյանը պատասխանեց. «Գիտե՞ք, որովհետեւ մեր կազմակերպական սխեմաները լավ ձեւավորված չեն, թույլ են։ Կան կուսակցություններ, որոնք կազմակերպչական լայն օղակներ ունեն, մենք նոր ենք սկսել։ Մենք 2-3 ամսվա ծնունդ ենք, դեռ «պիլյոնկաներում» ենք, ինչ-որ աղմուկ անում ենք»։ Մ. ԵՍԱՅԱՆ Հ. Գ. «ծպ Պս255 տՐպրրօ», պարոն Քալաշյանի հետ պարզաբանեցինք, որ «պիլյոնկա»-ն խանձարուրն է («Էդ ի՞նչ բառ է, լեզու կկոտրի»)։ Սակայն դրանց ժամանակն էլ անցած է, հիմա արդեն «փամփըրս»-ով են ծնվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել