Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱ ԺՊՏԱՑ ԵՎ ԱՍԱՑ. «ԱՅՆՔԱՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է»

Մայիս 19,1999 00:00
khachatur Suqiasyan

«Արմենպրեսի» մամուլի սրահի երեկվա հյուրը «Սիլ Գրուպի» նախագահ Խաչատուր Սուքիասյանն էր։ Լրագրողները, որ սովորաբար հոգնած ու ձանձրացած են նախընտրական քարոզարշավի անցուդարձից, երեկ մի փոքր ավելի ակտիվ էին։

Հյուրին խոսեցնելու լրագրողների ջանքերը մի թեթեւ արդյունք տվեցին։ Խաչատուր Սուքիասյանը պատգամավորության թեկնածու է առաջադրվել Երեւանի թիվ 12 ընտրատարածքում։ Նա կրկին բացատրեց, թե ինչու է որոշել պատգամավոր դառնալ. «Հաշվի առնելով անցած չորս տարիները, որ ԱԺ-ն պետք է օրենքների փոփոխություններ, գործարարության համար զարգացում ապահովող օրենքներ ստեղծեր, այդ տնտեսական օրենքներում մենք խնդիրներ ենք տեսնում եւ գործարարների հետ քննարկումների արդյունքում պարզ էր, որ դեռ չորս տարի էլ մենք կարող ենք համապատասխան օրենքներով ապահովված չլինել։ Մի քանի անգամ բանակցելուց հետո (ինձ դիմել էին Հայաստանի արդյունաբերողներն ու գործարարները), ես իմ համաձայնությունը տվեցի թեկնածու առաջադրվել թիվ 12 ընտրատարածքում»։

Առաջադրվելուց հետո պրն Սուքիասյանին «այս աշխատանքը շատ հետաքրքիր է» թվացել, որովհետեւ տեսել է, թե ինչ խնդիրներ ունի ընտրատարածքը, քաղաքացիները։ Նախընտրական հանդիպումների ընթացքում պրն Սուքիասյանը որոշել է նախընտրական համակարգ ստեղծել եւ գրանցել բոլոր առաջարկությունները, պահանջները եւ այլն. «Երբ 25 հազար մարդ առաջարկություն է անում, միտք է տալիս, դա այնքան հետաքրքիր է»։ Խաչատուր Սուքիասյանի նախընտրական կենտրոնի սոցիոլոգիական հարցման արդյունքում պարզվել է, որ 52 հարց անընդհատ կրկնվում են։ Իսկ այս ինֆորմացիան շատ է կարեւորվում հետագա աշխատանքի համար։ Գործարարությամբ զբաղվելու «տասը տարիների ընթացքում «Սիլ Գրուպը» ստեղծել է շուրջ ութ հազար աշխատատեղ, կառուցել եւ վերականգնել է քաղաքը գեղեցկացնող շինությունները, վերագործարկել է արտադրական ձեռնարկություններ, հիմնել առեւտրի եւ սպասարկումների ժամանակակից ծառայություններ»։ Այս մեջբերումը պրն Սուքիասյանի նախընտրական բուկլետից է։ Խաչատուր Սուքիասյանին չի հետաքրքրում իր նախընտրական շտաբի պետը ՀՀՇ-ամետ է, թե այլ «մետ», նրան ավելի շատ հետաքրքրում է մարդու պրոֆեսիոնալիզմը (նա չուզեց թարգմանել արհեստավարժ)։

Անցնելով այլ թեմայի ասաց. «Վանո Սիրադեղյանի հետ ինչ որ կատարվում է կամ օրենքի մեջ է, կամ օրենքի խախտում է, դա իրավաբանների խնդիրն է։ … Բայց Վանո Սիրադեղյանը իմ լավ բարեկամն է»։ Ավելի ուշ պրն Սուքիասյանը կպատասխանի, որ ինքը չի հավատում, թե Հայաստանում կամ որեւէ այլ երկրում ընդհանրապես, իրավապահ ատյանները կարող են լինել առավել անկողմնակալ եւ անաչառ։

Խաչատուր Սուքիասյանը հերքեց այն լուրերը, թե վերջին շրջանում նրա գլխավորած մի քանի ձեռնարկություններ փակվում են։ Այդ լուրերը որակվեցին «ինչ-որ մեկի նախընտրական ամբիցիաներ, դա այդպես չէ»։ Պատգամավորության թեկնածուի կարծիքով, լավ բարեկամ լինելը չի նշանակում «որեւէ այլ բան», «դուք ինքներդ շատ լավ տեսնում եք, որ ինքնուրույն մարդ ենք, ինքնուրույն գործունեություն ենք ծավալում, ոչ մեկից կախված չենք»։ Եթե պատգամավորների համար վերացվի անձեռնմխելիության սկզբունքը արդյոք Խաչատուր Սուքիասյանը կշարունակի՞ ձգտել պատգամավորության. այս հարցին պրն Սուքիասյանը պատասխանեց. «Հայաստանում ինչ-որ մի հատված բնակիչներ, այդ թվում լրագրողներ, շատ ոգեւորված են անձեռնմխելիության հետ կապված եւ շատ են շոշափում։ Մենք շատ լուրջ մարդիկ ենք եւ այդ ինստիտուտը, որ կա՝ անձեռնմխելիության, մեկ կամ երկու հանցագործի, միջին կամ միջինից ցածր մարդու համար չէ, դա պետության կառույց է, ինստիտուտ է։ … Ինչո՞ւ Անգլիայում, Ֆրանսիայում անձեռնմխելիություն կա, որովհետեւ նրանք չեն էլ պատկերացնում, որ հանցագործը կարող է հայտնվել Ազգային ժողովում»։

Ընտրություններից հետո, եթե հարկ լինի նոր կառավարություն կազմել եւ Խ. Սուքիասյանին այդ կաբինետում որեւէ պաշտոն առաջարկվի, նա չի համաձայնվի։ Իսկ երբ տեղից լրագրողներից մեկն ավելի կոնկրետացրեց. «Եթե վարչապետի պաշտոն առաջարկվի՞»։ Այստեղ արդեն շտապել պետք չէ ու պրն Սուքիասյանն անշտապ պատասխանեց. «Վարչապե՞տ… գիտեք ինչ կա, դա էլ հետաքրքիր խնդիր է, որովհետեւ նախ այն վարչապետը, որին առաջարկելու են, թե ովքեր են առաջարկելու, ի՞նչ կարգի ԱԺ է ձեւավորվելու, ի՞նչ կարգի մոտեցումներ են լինելու, ի՞նչ կարգի հարաբերություններ են լինելու, ի՞նչ թույլտրվելիք սահման է ունենալու այդ պարոնը, որին պետք է առաջարկեն այդ պաշտոնին։ Այդ խնդիրները, իմ կարծիքով, վերլուծելու, մտածելու տեղիք են տալիս եւ միանշանակ չէ, որովհետեւ դրա պատասխանատվությունը շատ դաժան է լինելու։ Դա այն պաշտոնն է, որ դրանից հետո մարդը կամ ոչնչանում է… (կամ էլ կուսակցություն է ստեղծում, լրացրեց լրագրողների մի խումբ, մյուս խումբը լրացրեց՝ կամ էլ նախագահ է դառնում- Մ. Ե.)»։ Իսկ Խաչատուր Սուքիասյանն այս միտքը չավարտեց։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31