Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրանգուտանին պիտի սատկացնես։ Է՛տ ա»

Մայիս 19,1999 00:00
Aram Sargsyan

Ոմանք այն տպավորությունն ունեն, թե Դեմոկրատական կուսակցությունն այնքան ինտելիգենտ է, որ չի կարող իր շահերը պաշտպանել։ Բայց դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը երեկ պնդեց, որ դա այնքան էլ այդպես չէ:

Ամեն դեպքում, գոնե մեկ ընտրատարածքում դեմկուսն արդեն ասել է իր «տղամարդկային խոսքը» (թիվ 25 ընտրատարածքում- Լ. Ա.)։ Նույնը պատրաստվում է ասել (կամ անել) նաեւ թիվ 22 ընտրատարածքում։ Ըստ դեմկուսի անդամ, լրագրող Ռաֆիկ Հովհաննիսյանի՝ «Եթե օրանգուտանը կատաղած գալիս է քեզ վրա, քրիստոնեական քարոզով էդ օրանգուտանին գանգատվել չես կարող։ Մահակով պիտի ճակատին տաս։ Է՛տ ա։ Պիտի սատկացնես, որ քեզ չխանգարի»։

Այս մարտական տրամադրվածությունը թե որքանով է պատճառաբանված, չգիտենք, մանավանդ որ դեմկուսի շտաբի ղեկավար Ռաֆիկ Առաքելյանը նշեց. «Կոպիտ խախտումներ չեն նկատվել, բայց դժվարություններ ստեղծվում են»։ Մանրամասն նկարագրելով ստորագրությունները կեղծելու մեխանիզմը, պրն Սարգսյանը միտքն այսպես շարունակեց. «Այն կուսակցությունները, որոնք կեղծիքով գրանցվել են, հիմա մասսայաբար հրաժարվում են իրենց թեկնածուներին հանձնաժողովի կազմում ներկայացնելուց»։ Կա մարդկանց մի խումբ, որը փորձ է արել ահաբեկել դեմկուսի շտաբի անդամներին եւ խանգարել նրանց աշխատանքներին։ Բայց դա կանխվել է։ Այստեղ դարձյալ չդիմացավ Ռաֆիկ Հովհաննիսյանը. «Ախր ընենց այլանդակ բաներ են անում։ Ասենք քո շտաբի առաջ կանգնում, մի երկու թեթեւսոլիկ աղջիկ են բերում՝ ուլտրակարճ հագած, հետո միացնում են այլանդակ երաժշտություն (հաստատ Prodigy են միացրել- Լ. Ա.)՝ ամենաբարձր մակարդակի քո ընտրատարածքի առաջ։ Քո ընտրողը հանկարծ կարող ա մտածել, որ դա դեմկուսի պրոպագանդիստներն են» («Մեր բարոյական կերպարը խաթարվում է»,- հավանաբար կատակեց պրն Սարգսյանը)։ Պրն Հովհաննիսյանն անդրդվելի էր. «Խայտառակություն է։ Հիմա չասե՞ս՝ տղա ջան, էդ քու …-երին վերցրու, ստեղից գնա»։

Պրն Սարգսյանի կանխագուշակումն ապագա խորհրդարանի մասին այնքան էլ լավատեսական չէ. ոչ մի կուսակցություն կամ դաշինք բացարձակ մեծամասնություն չի կազմի, կձեւավորվի ձախամետ մի կոալիցիա, ուր դեմկուսի խոսքն ու ծրագիրն անպայման իր «դերն ու նշանակությունը» կունենան։ Դեմկուսի ծրագրի մեխը հետեւյալն է. «15 տարով պետք է տալ բնակարանային վարկ, այսինքն՝ բնակարան, եւ առաջին երեխան պետք է մարի 15%-ը այդ վարկի, երկրորդը՝ 20%-ը, երրորդը՝ 25%-ը։ Ընդհանուր առմամբ՝ 60%-ը»։ Ներեցեք, բայց եթե արագիլը վարկ վերցրած ընտանիքին երեխա չբերի կամ բերի միայն մեկին, հարցն ինչպե՞ս է կարգավորվելու։

Թեեւ պրն Սարգսյանը հրաժարվել է նախագահի խորհրդականի իր պաշտոնից, սակայն պաշտոնական հանդիպումներ ունենալուց ոչ մի կերպ չի կարողանում հրաժարվել։ «Դուք իմացա՞ք, որ ես ընդունել եմ Իսրայելի պատվիրակությանը։ Ոչ մամուլ էինք հրավիրել, ոչ էլ այլ բան։ Բայց այդպիսի հանդիպումից ես, իհարկե, չէի հրաժարվի»։ Նա թվարկեց եւս մի քանի նման հանդիպում. «Չզբաղվե՞մ այդ հարցերով»,- համեստորեն նկատեց պրն Սարգսյանը։

Վերջերս «Միասնություն» դաշինքի հայր Կարեն Դեմիրճյանը հայտարարեց, որ պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու առաջամարտիկն իրենք են, ուրիշներն էլ այդ միտքը յուրացրել են։ Տառացիորեն նույն բանը՝ սարկազմի նույն չափաբաժնով, պնդեց նաեւ Արամ Սարգսյանը։ Որպեսզի «արյուն չթափվի», հիշեցնենք, որ «Եվ վերջինները կդառնան առաջիններ։ Առաջինները կդառնան վերջիններ»։ Խորհրդարանում, նման սցենար, ամեն դեպքում, չի բացառվում։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31