Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՆՏՐՎՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Մայիս 19,1999 00:00
toto

Չպատվիրված հարցում

Մեկ խորհրդարանական եւ երեք նախագահական ընտրությունները հայերիս սովորեցրին բազմաթիվ ընտրական գործողությունների. մարդկանց ձայները գնելու, կաշառելու, վախեցնելու ու ահաբեկելու, ինչպես նաեւ քվեարկության արդյունքները կեղծելու բազմաթիվ հնարքների։

Այս առումով նախընտրական «շտաբները» բավականին մեծ փորձ են ձեռք բերել եւ շարունակում են կատարելագործել այդ փորձը։ Ցանկացած ընտրությունների նախորդող եւ հաջորդող աղմուկ-աղաղակը սովորական երեւույթ է դարձել։ Մարդիկ արդեն շատ լավ գիտակցում են, որ նախընտրական շրջանի մի քանի ամիսների ընթացքում հասարակությունը քաղաքական գործիչների ժամանակավոր պատանդն է դառնում։ Լրատվության միջոցների զանգվածային «ռմբակոծումն» այնքան ուժգին է լարում սոցիալական մթնոլորտը, որ այլ հիմնախնդրի մասին խոսելն անհնարին է դառնում։ Ժողովրդի լայն զանգվածները ընդհանուր առմամբ շատ անտարբեր են ընտրությունների նկատմամբ եւ լավ գիտակցում են, որ այս «խաղերը» իրենց համար չեն։ Բայց, այնուամենայնիվ, ճարպիկ քաղաքագետների ու լրագրողների ճնշումն այնքան համառ ու հետեւողական է, որ ճարը կտրած ժողովուրդը պատրաստ է ընտրություններին մասնակցել, միայն թե դրանք շուտ ավարտվեն։ Միեւնույն է, արդյունքում միշտ ժողովուրդն է տանուլ տալիս. շահում են անհատները, խմբավորումները, կուսակցություններն ու թայֆաները, որոնք երբեք էլ ժողովրդի շահերի մասին չեն մտածում։ Բայց սա էլ արդեն նորություն չէ։

Նորություն կլիներ մի քանի ազնիվ, անաչառ ու անշահախնդիր պատգամավորության թեկնածուների ի հայտ գալը, որոնց օգտին մարդիկ անմնացորդ վստահությամբ եւ բացարձակ նվիրվածությամբ կտային իրենց միահամուռ ձայները։ Պարզվում է, ընտրությունները ազատ ու արդար անցկացնելը ծանր ու լուրջ գործ է, ավելի բարդ գործ է այդ ընտրությունների համար ազատ ու արդար պատգամավորներ գտնելը։ Փնտրվում է վստահելի պատգամավոր՝ Ազգային ժողովում ժողովրդի շահերը անաչառ ներկայացնելու համար։ Կուսակցություններն իրենց պատգամավորներին կապահովեն, բիզնես-կլաններն իրենց մարդկանց կանցկացնեն, ուժայիններն ու իշխանավորներն էլ արդեն իրենց դրածոներին առաջարկել են, նույնիսկ գողականները, թաղի հեղինակավորները, շրջանների ու տարածքների «տերերը» մեծամասնականում իրենց մարդկանց ընտրությունն, անշուշտ, կապահովեն։ Մնում է միայն ժողովուրդը։ Թեպետ բոլորն էլ խոսում են ժողովրդի շահերից, բայց ո՞վ է իրականում ներկայացնելու նրա շահերը։

Հատկապես, եթե հաշվի առնենք, որ սպասվում է ընտրողների շատ բարձր ակտիվություն։ Մեր վերջին տվյալներով Երեւանում ընտրողների 75 տոկոսը ցանկություն է հայտնել մասնակցել ընտրություններին։ Վաղուց այսպիսի ակտիվություն չէր նկատվել։ Կարծում ենք, որ իրականում ընտրողների թիվը ավելի քիչ կլինի։

Հասարակական կարծիքի այս հարցումը կատարվել է մայիսի առաջին երկու շաբաթվա ընթացքում, Երեւանում, 1000 ընտրողների շրջանում։ Ոչ մի քաղաքական կուսակցություն, ոչ մի միավորում, իշխանության ատյան կամ մեծահարուստ այս հարցումը չի պատվիրել։ Այն ամբողջությամբ Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախաձեռնությամբ է արվել, իր սեփական միջոցներով։ Միանգամից հիասթափեցնենք մի շարք չափազանց ինքնավստահ կուսակցական առաջնորդների՝ միայն երեք կուսակցություն են հավակնում ընտրողների մոտ 10 տոկոս ձայների եւ մեկը՝ 5 տոկոսի։

– «Միասնություն»- 23,4%

– Կոմկուս- 9,6%

– ԱԺՄ- 9,4%

– «Օրինաց երկիր»- 5,2%

Մնացած 18 կուսակցություններ հինգ տոկոսն էլ չեն ապահովում։ Իզուր տեղը թող չհավատան իրենց վարձած սուտ-սոցիոլոգների սուտ-թվերին եւ ավելի լավ է մտածեն, թե ինչպես են արդարացնելու հովանավորներից ստացած մեծ գումարները, եթե նույնիսկ ձայների 5 տոկոսն էլ չհավաքեն։ Ինչ վերաբերում է անհատներին, ապա միայն մի քանի թեկնածու այսօր արդեն կարող են վստահ լինել, որ կընտրվեն բոլոր դեպքերում։

– Կարեն Դեմիրճյան – 19,3%

– Սերգեյ Բադալյան – 6,8%

– Վազգեն Մանուկյան – 4,3%

– Արշակ Սադոյան – 4,2%

– Արտաշես Գեղամյան -4,1%

Ինչպես երեւում է, նշված կուսակցություններն իրենց առաջնորդներով են ձայների միավորներ հավաքում։ Միայն կարելի է ասել, որ «Օրինաց երկիրը» չունի «ընդգծված» առաջնորդ, իսկ Արտաշես Գեղամյանը «չունի» կուսակցություն։ Իհարկե, դա ամենեւին էլ չի նշանակում, որ մնացած թեկնածուները չեն ընտրվի։ Անպայման կընտրվեն, բոլոր 130 պատգամավորներն էլ կընտրվեն։

Մենք դեռ բազմիցս կանդրադառնանք ընտրությունների տարաբնույթ հարցերին։

ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31