«Օրագիր» օրաթերթի 18.05.99 թ. համարի «Սերժ Սարգսյանը Օհանավանում առանձնատուն ունի» հրապարակման հավաստիությունը եւ մանրամասները ճշտելու նպատակով մեր թղթակիցը դիմեց ՆԳ եւ ԱԱՆ։ Նախարարության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից տրվեց հետեւյալ պատասխանը. «Մենք նույնպես «Օրագիր» օրաթերթի այդ հերթական «հայտնությունից» տեղեկացանք, որ ՆԳ եւ ԱԱ նախարարը շուտով առանձնատուն է ունենալու Օհանավանում, այն էլ՝ թենիսի խաղահրապարակով, ռեստորանով, կազինոյով ու դեկորատիվ լողավազանով։ Ճիշտ է, մի քիչ անհասկանալի է, թե նա իր առանձնատան մեջ ո՞նց է օգտագործելու իր ռեստորանն ու կազինոն, բայց՝ ոչինչ, եթե «Օրագիրն» այդպես է ուզում, թող լինի։ Ի դեպ, գլխի չընկանք նաեւ՝ նախարարն Օհանավանում մե՞կ առանձնատուն է ունենալու, թե երեք, ինչպես «Օրագիրն» է նշում։ Բայց թող դա էլ իր ուզածով լինի. չէինք ուզենա «Օրագրի» սիրտը կոտրել։ Համոզված ենք նաեւ, որ «օրագրականներն» էլի «հայտնություններ» են անելու. ասենք, Սերժ Սարգսյանը սեփականաշնորհել է Մատենադարանը, գտել է Տիգրան Մեծի ոսկեղենը, գոլորշացնում է Սեւանի ջուրը, որ տեղում սեփական տիեզերակայան կառուցի…
Գլխանց հավանություն ենք տալիս «Օրագրի» այս եւ մնացյալ «հայտնություններին», բայց թույլ տվեք պատասխանատու հայտարարությամբ մի լուր էլ մենք ավելացնենք «Երեւանում պտտվող լուրերին». ինչո՞ւ է հիշյալ թերթի գլխավոր խմբագիրը լռում այն մասին, որ Սերժ Սարգսյանը Օհանավանի իր առանձնատունը (կամ՝ առանձնատները) համապատասխան ընծայագրով արդեն իսկ նվիրել է «Օրագրին» եւ անձամբ նրանց՝ որպես այն բարոյա-նյութական լուրջ կորուստների փոխհատուցում, որ արկածախնդրական եւ անպատասխանատու վարքագծի «շնորհիվ» այդ թերթը վերջերս շարունակ կրում ու կրում է դատական ատյաններում։ Բարի վայելո՛ւմ»։
ՆԳ եւ ԱԱ լրատվության բաժին