Մայիսի 18-ի հեռուստաքարոզարշավը դիտելով փորձում էինք գտնել պատասխաններ ու ստանում էինք այս հարցերը
… Ինչո՞ւ է ՀՀՇ-ի նոր տեսահոլովակներում ազդարարվում «Քվեարկիր Վանո Սիրադեղյանի եւ իր կուսակցության օգտին»։ Ինչ է, սա արդեն սեփականաշնորհված ու մեկ անձի կուսակցությո՞ւն է։
… «Արժանապատիվ ապագայի» նոր գովազդը Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ նկարահանելով ի՞նչ զուգահեռ են ակնկալել։ Մի՞թե արժանապատիվ ապագան մեր մութ ու դառն անցյալն է։
… Երբ «Միասնության» տեսահոլովակում ազդարարվում է. «Երկիր ունեցանք ու… չունեցանք», «Դժվար է, բայց կհաղթահարենք բոլոր խոչընդոտները եւ երկիր ու պետություն կունենանք»՝ նշանակո՞ւմ է արդյոք, որ մինչ այժմ երկիր ու պետություն չենք ունեցել։ Բա այդ ո՞ր երկրի եւ պետության նախարարն է Վազգեն Սարգսյանը։
Կարդացեք նաև
… «Հայրենիք» դաշինքի այն կարգախոսը, թե «Հայաստանը պիտի կառավարեն հայաստանաբնակները», արդյոք ապացո՞ւյցն է դաշինքի այն համոզվածության, թե Ղարաբաղը Հայաստան չէ։
… ԱԺՄ տեսահոլովակում Վազգեն Մանուկյանի ֆոնը մեկնարկ վերցրած տիեզերանավն է։ Չլինի՞ հիմա էլ տիեզերանավից թռչելու ժամանակն է։
… «Հզոր հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Առուշան Հակոբյանը կուսակցություններին կոչ արեց քաղաքական պայքարը չվերածել քաղաքացիական պատերազմի։ Իսկ Էդվարդ Եգորյանն արդեն իսկ ասաց. «Սա ընտրություն չէ, սա ճակատ է»։ Քաղաքական ուժերի պատերազմն իրար միջեւ Հայաստանին խաղաղություն կբերի՞։