ՀՅԴ նախընտրական ծրագրում էլ մի բումերանգ-հայտարարություն կա. «Առաջնահերթ կարեւորություն ունի օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների իրական տարանջատման ապահովումը, նրանց գործառույթների հստակ սահմանազատումը»։
Գործառույթների իրական տարանջատման եւ հստակ սահմանազատման այս խնդիրը ՀՅԴ-ն իր համար կարծես չի լուծել եւ նրա ծրագրի միայն 1-2 դրույթներից է երեւում, որ սա օրենսդիր մարմնում տեղ գրավել փորձողի հայտ է։ Առավել գործադիր իշխանության գործառույթներին վերաբերող խոստումներ են տվել, եւ երբեմն նաեւ՝ դատականին։ Քանի որ առաջին անգամ են մասնակցելու նման ընտրությունների, թերեւս կարգին չեն պատկերացնում խորհրդարանի գործառույթները։
Հակառակ դեպքում ՀՅԴ նախընտրական ծրագրում չէինք հանդիպի այսօրինակ դրույթների. «Վերականգնել նախկինում գործող էլեկտրակայանների աշխատանքը եւ ստեղծել փոքր հիդրոկայանների ցանց»։ Եվ կամ՝ «հիմնել գյուղատնտեսական ապրանքների վերամշակման արտադրություններ եւ գյուղմթերքների ընդունման տարածքային կետեր»։ Սահմանափակվենք այսքանով, չնայած նման բազմաթիվ այլ օրինակներ էլ կարելի էր մեջբերել։
Ի դեպ, առանձին մի բաժին էլ կա, թե ԱԺ ընտրություններից հետո իր գործողությունների համար քաղաքական պատասխանատվություն կրող կառավարությունն ինչ քայլեր է պարտավոր իրականացնել։ Թերեւս ակնհայտ է առանց որեւէ սոցհարցումի էլ, որ այս կուսակցությունը խիստ հեռու է ԱԺ-ում մեծամասնություն գրավելու եւ իր կառավարությունը կազմելու «տեսլականից»։ Ուրեմն, տեսնես գոնե իրենց համար որեւէ հի՞մք ունի այն վստահությունը, թե այլոց կողմից ձեւավորվելիք կառավարությունը անհրաժեշտ կհամարի հաշվի առնել դաշնակցության պայմանները։
Կարդացեք նաև
Ենթադրելի է, որ այդ դեպքում էլ ՀՅԴ-ն այնպես կվարվի, ինչպես 1998-ին իր ջերմորեն պաշտպանած թեկնածուի նկատմամբ է վարվել։ Այս նախընտրական ծրագրում արձանագրված է, թե Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելով «հույս ունեինք, որ ներքաղաքական կյանքում արմատական փոփոխություններով քայլ առ քայլ կվերականգնվի ժողովրդի հավատն իր բարեկեցիկ ապագայի հանդեպ»։ Անցյալ ժամանակով այս պնդումից եւ ՀՅԴ խորտակված անուրջներից հետո ծրագրում այս գնահատականն է նշված. «Վերջին մեկ տարում քիչ բան է արվել ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ։ Ժողովուրդը որակական տեղաշարժեր չի տեսնում»։ Փաստորեն, նաեւ ՀՅԴ ջանքերով եկած իշխանության գործողությունների համար պատասխանատվությունից հրաժարումն է այս դրույթը. «Այս ընթացքում Դաշնակցությունը փորձել է դրական փոփոխությունների հուն ուղղորդել երկրում առկա գործընթացները՝ բարձրագույն իշխանությունից պահանջելով՝ քաղաքական կամք դրսեւորել արմատական փոփոխություններ կատարելու հարցում, քայլ առ քայլ բարելավել բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը» եւ այլն։ Ի՜նչ վատ բարձրագույն իշխանություն ունենք, չէ՞։ Բարի ՀՅԴ-ն այսքան լավ-լավ բաներ է պահանջել, իսկ չար նախագահն ու վարչապետը չեն արել։ Հաստատ մեր վատն են ուզում։
Քանի որ ՀՅԴ-ն անպայման այս ԱԺ-ում պատգամավորներ կունենա եւ գուցե հավանական նորաստեղծ կառավարությունում էլ մի երկու պաշտոն տան նրանց՝ սրտաշարժորեն, արժե, որ ընտրողները լավ մտապահեն այս ծրագրի հետեւյալ դրույթները։ Վերականգնելու են «հոգեւոր-մշակութային կապը ժամանակների եւ սերունդների միջեւ»։ Ապահովելու են հայկական ատոմակայանի աշխատանքների անվտանգությունը։ Նվազեցնելու են առավել հարուստ եւ առավել աղքատ շերտերի եկամուտների աղետալի տարբերությունը։ Մշակելու են ավանդների վերադարձման մեխանիզմներ եւ ճշտելու ժամանակացույցը։ Կենսաթոշակներն ամեն ամիս բարձրացնելու են։ Սահմանադրական փոփոխություններ են կատարելու եւ բանակն են կայացնելու՝ թերեւս, որ այս երկուսն էլ արվել եւ արվում են՝ հաշիվ չի։ Բարձրացնելու են սպաների, բուժաշխատողների, գիտության եւ կրթության համակարգի, մշակույթի բնագավառի աշխատակիցների աշխատավարձերը։
Մենք, իհարկե, դույզն-ինչ չենք կասկածում, որ հին ընկերներն այս անգամ էլ չեն դավաճանի եւ իրենց վերոհիշյալ բոլոր խոստումներն անմիջապես կիրականացնեն։
Որոշ փոքրի՜կ տարակույսներ ունենք, թե ՀՅԴ-ն ինչպե՞ս է ավելացնելու միջազգային կազմակերպությունների տրամադրած միջոցները։ Եվ ինչո՞ւ են միայն նպաստելու հայ կաթողիկոսական երկու աթոռների մերձեցմանը, եթե կարող էին հիմնովին լուծել այս խնդիրը Անթիլիասի վրա իրենց հսկայական ազդեցության շնորհիվ։ Եվ էլի, ինչու է ՀՅԴ-ն իր ծրագրում գրել՝ «ապահովել ԱԺ-ում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունը» եւ ոչ թե փոխարենն իր ցուցակում ուղղակի այդ փոքրամասնությունների ավելի շատ ներկայացուցիչների ընդգրկել։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ