ՀՀՇ-ի երկու նոր տեսահոլովակներում այլեւս չի հնչում այն նախընտրական կարգախոսը, թե իրենք պահանջում են Ռոբերտ Քոչարյանի եւ արհեստավարժ կառավարության հրաժարականը։ ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանն «Առավոտին» այսպես բացատրեց այս իրողությունը. «Ամեն տեսահոլովակ իր ներազդելու ժամկետն ունի։ Այս մեկն իր դարն ապրեց, իր գործն արեց»։ Պրն Հովակիմյանը նաեւ նշեց, թե դեռ չեն որոշել՝ արդյոք այդ կարգախոսը հեռուստաեթերում նորից է հնչելու։
ԿԱՆԱՅՔ ԾԱՂԻԿԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՑ»
Հակառակ «Հայրենիք» դաշինքի առաջնորդ Էդվարդ Եգորյանի հորդորների՝ թիվ 7 ընտրատարածքի տեղամասային հանձնաժողովներում «Շամիրամի» տեղերն իրեն փոխանցելու վերաբերյալ՝ նրանք այդ նվերը մատուցել են նույն ընտրատարածքի մեկ այլ թեկնածուի՝ Դավիթաշենի նախկին համայնքապետ Ռուբեն Գեւորգյանին։
Կարդացեք նաև
ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՈՉԻՆՉ ՉԽՈՍՏԱՆԱԼ
Բացառիկ ընտրական կարգախոսներ են ի հայտ եկել Երեւանում՝ հատկապես Նորքի զանգվածներում քվեարկվողների ծրագրերում։ Երկու անհայտ թեկնածու, միմյանցից անկախ, տեսեք, թե ինչ են խոստացել ժողովրդին։ Մեկը՝ «Ես ձեզ խոստանում եմ ոչինչ չխոստանալ»։ Բոլոր դեպքերում՝ ստացվում է, որ մի բան գոնե խոստացավ։ Իսկ մյուսն ասպարեզ է մտել «Առանց ավելորդ խոստումի» կարգախոսով։
ԱՅՍՔԱՆ ԿՈՂԱԿՑԻ Ո՞ՆՑ ԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ
Թիվ 2 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Ավետիք Իշխանյանն իր նախընտրական ծրագրում գրել է. «Պատգամավոր ընտրվելու դեպքում ես պարտավորվում եմ միշտ լինել ձեզ հետ»։ Թիվ 12 ընտրատարածքի թեկնածու Սուքիասյանի բուկլետում հրապարակված կոչն է. «Քվեարկեք Խաչատուր Սուքիասյանի օգտին, եւ գալիք 4 տարիներին նա կլինի միայն ձե՛զ հետ»։ Եվ, վերջապես, ՀՅԴ նախընտրական ծրագրում է նշված. «Դաշնակցությունը քեզ հետ է, քո կողքին»։