Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՏԵՐԱԽԱՂԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Մայիս 18,1999 00:00
bjishk

«Առավոտի» այս տարվա ապրիլի 10-ի համարում «Լավ կլիներ՝ համատեղ լիներ» վերնագրով հոդվածի հեղինակը գրում է, որ ինքը ճանաչում է քաղցկեղ բուժող շատ մասնագետների եւ դրանց թվում չկա օնկոլոգ Զավեն Մանվելյանը։ Վերջինս, փաստորեն, իբր դրանով անլեգալ է զբաղվում՝ մի խումբ այլ բժիշկների հետ։

Հարկ եմ համարում նրան տեղեկացնել, որ ես ընդհանրապես երբեւէ որեւէ խումբ չեմ ունեցել եւ բուժումն իրականացրել եմ մենակ՝ առանց կողմնակի անձանց։ Խումբ ասելով՝ հեղինակը գուցե նկատի ունի Միշա Հակոբյանին եւ Յուրա Մանուկյանին, որոնցից առաջինը երեք ամսի չափ ինձ դեղեր է մատակարարել (իր սեփական դեղատունն ուներ)։ Երկրորդն էլ է եղել ընդամենը տեխնիկական աշխատող։ Ի դեպ, այս մասին մամուլում ես արդեն հոդվածներ եմ տպագրել։ Որոշ ժամանակ անց այդ տեխնիկական աշխատողները բուժքրոջ հետ միասին սկսեցին գործարքի մեջ մտնել հիվանդների հետ, եւ ես նրանց հեռացրի աշխատանքից։ Վերջիններս շարունակել են, շահարկելով իմ անունը, «բժշկական» գործունեությունը եւ դրա դիմաց միամիտ մարդկանցից գումարներ կորզել։

«Առավոտ» թերթում տպագրված իմ «Արմենիկում. առասպե՞լ, թե՞ իրականություն» հոդվածին արձագանքներ եղել են նաեւ այլ թերթերում։ Անտեղի գովազդ չանելու համար չեմ նշում հոդվածների հեղինակներին։ Բացառությամբ մեկի, որին չպատասխանելը պարզապես անհնար է։ Հոդվածագիրը՝ Փիրուզա Մելիքսեթյանը, ինձ մեղադրում է մահացու գրեթե բոլոր մեղքերում, ընդամենը փորձում է անձնական հաշիվներ մաքրել։ 1997 թ. նա մի հիվանդի հարցով էր ինձ դիմել, որի մոտ ուռուցքն արդեն չորրորդ՝ ամենախոր փուլում էր։ Փրկել այլեւս հնարավոր չէր, կարելի էր միայն կարճ ժամանակով երկարացնել նրա կյանքը, ինչի մասին հիվանդի հարազատները տեղեկացվել են։ Մյուս մեղադրանքների հերքումով վաղուց հանդես եմ եկել մամուլում։ Սակայն մեկ անգամ էլ նշեմ, որ բարձր գներով դեղորայք Փ. Մելիքսեթյան հիվանդատերը ձեռք է բերել ոչ թե ինձնից, այլ հենց վերը նշված տեխնիկական աշխատողներից։

1999-ին իր հոդվածում ինձ սպիդով վարակվել եւ բուժվել առաջարկող այդ հոդվածագիրը երեւի մոռացել է 1997 թ. հունվարին տպագրած իր հարցազրույցը օնկոլոգ Զավեն Մանվելյանի հետ, որտեղ նրա վերաբերմունքը բժշկի նկատմամբ ակնհայտորեն տրամագծորեն հակառակն է։

Իր վերջին հոդվածում մեջբերելով «Առավոտում» տպագրված իմ տողերը՝ «բժիշկ-բիզնեսմեն» Արթուր Մելքոնյանի մասին, տիկին Մելիքսեթյանը ինձ կոչ է անում եզրակացություններ չանել, քանի որ ամենալավ դատավորը ժամանակն է։ Ես, այնուամենայնիվ, ինձ իրավունք եմ վերապահում եզրակացություններ անել հենց իր՝ լրագրողի բարեխղճության վերաբերյալ եւ կասկած հայտնել նրա՝ անկողմնակալ եւ ոչ շահագրգիռ կեցվածքի մասին։

Չեմ բացառում նաեւ, ակնհայտ էլ է, որ այդ լրագրողն իսկապես ինչ-որ հարուստ երակ է գտել, որտեղից եւ «սնվում է» (տվյալ դեպքում «սնվել» բառը խիստ տարողունակ է եւ բազմիմաստ)։ Ցավում եմ, որ լրագրողն իր մասնագիտական խիղճը պայմանավորում է նեղ անձնական շահերով եւ եթե մի քանի տարի հետո (Աստված մի արասցե) նրա ազգականներից որեւէ մեկն իմ օգնության կարիքն զգա, նա երեւի նորից «կվերանայի» այս տարվա իր հայացքները։ Իսկ իմ մեթոդի եւ ընդհանրապես բժշկական գործունեության մասին ակնկալում եմ ոչ թե շահագրգիռ լրագրողի, այլ անաչառ մասնագետների կարծիքը։

ԶԱՎԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Բժիշկ-ուռուցքաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31