Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ վարչապետը չի ուզում

Մայիս 18,1999 00:00
elektracanc

Անցյալ տարվա հուլիսին, «Երեւանի էլեկտրացանց» ՊՓԲԸ «Արշակունի» մասնաճյուղի հարավային հենակետից հայտնեցին, որ 1997 թվի վերջին ամիսների վարձերը լրիվ չեմ մուծել։ Համոզված, որ մեղադրանքն անհիմն է, փետրվարի 15-ին դիմեցի էներգետիկայի նախարար պրն Մերուժան Միքայելյանին։ Մանրամասը նկարագրելով եղելությունը՝ խնդրեցի հանձնարարել «լույսի աշխատողներին» ապացուցել ինձ, որ հավելագրված էլեկտրաէներգիան իրենք չեն գողացել։ Դիմելուց մեկ շաբաթ հետո, էներգետիկայի նախարարության վերահսկիչ վարչության աշխատակիցը եկավ ստուգեց եւ ակտով հաստատեց, որ ես ճիշտ եմ, բայց չուզեց հաստատել, որ հավելագրված էլեկտրաէներգիան գողացել է «լույսի մարդը»։

Մեր շենքի բնակիչների մեծ մասի վրա էլեկտրաէներգիայի ծախսը գրված է փաստացի ծախսից ավելի։ Վերահսկիչ վարչության աշխատակիցը բանավոր հայտնեց, որ մեր շենքի «լույսի մարդը» հեռացվել է գործից, բայց հեռացվածների ցուցակում, որը տպված էր «Հայաստանի Հանրապետութիւն» թերթի 1999 թվի ապրիլի 14-ի համարում, նրա անունը չկար։ Զարմանալին նաեւ այն է, որ 1999 թվի փետրվարի 1-ից մինչեւ մարտի 10-ը, «Երեւանի էլեկտրացանց»-ի գործադիր տնօրեն Հ. Բաշուղյանի հրամանով, աշխատանքից ազատվել են 115 աշխատակից եւ նրանցից ոչ մեկը չի մեղադրվել գողության համար։ Նրանք մեղադրվել են ոչ բարեխիղճ լինելու, մեծ կորուստներ թույլ տալու, բնակիչների հետ անվայել պահվածքի եւ այլ խախտումների համար։

ՀՀ էներգետիկայի նախարար Մերուժան Միքայելյանը հայտնում է, որ 1999 թվի ապրիլի 1-ի տվյալներով («Հայոց աշխարհ», մայիսի 1) իր նախարարությանը պարտք են 79 միլիարդ դրամ, որից պարտք է բնակչությունը՝ 6,9 մլրդ, արդյունաբերական ձեռնարկությունները՝ 7,0 մլրդ, ոռոգման համակարգը՝ 5,4 մլրդ, խմելու ջրի համակարգը՝ 10,8 մլրդ, ջեռուցման համակարգը՝ 3,1 մլրդ ու բնական գազի դիմաց 6,5 մլրդ։ Ակամա մտածում ես, որ եթե «լույսի մարդիկ» կարողանում են գողանալ քաղաքացիներից, որոնց մեծ մասը փող չունենալու պատճառով «ատամներով» պայքարում է թալանի դեմ, ապա ինչքան մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա են գողանում պետական «անտեր» ձեռնարկություններից։ Եվ գողացած այդ բոլոր էլեկտրաէներգիայի արժեքը մտցվում է ինքնարժեքի մեջ եւ գանձվում սեւ հացի կարոտ սովյալներից, որոնց հոգսը չի մտահոգում սեւ խավիար ուտող արհեստավարժ վարչապետին։ «Կուշտը սովածին միշտ մանր է բրդում» ժողովրդական ասացվածքը զուր չէ ասված։

ՄԵԼԻՔ ԽԱՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31