Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅՈՑ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՍՏԱՐԱՆԻՆ

Մայիս 18,1999 00:00
Toto

Կուսակցություններն ընտրապայքարի արահետ ելնելով ճոխ-ճոխ ծրագրեր են գրել։ Գրել ու ձրի-ձրի բաժանում են ժողովրդին, որի դերն այս օրերին խիստ կարեւորվել է։ Ժողովուրդն այսօր էթնոս չէ, ոչ էլ ազգ։ Ժողովուրդն այսօր ընտրող է։

Քաղաքական ուժերն ընտրողի վրա ազդելու կարճ ճանապարհ են համարում նախընտրական պլատֆորմ գրելը։ Այդ պլատֆորմ-ծրագրերում ինքնուրույն կողմնորոշվելը շատ դժվար (կամ համարյա անիրականանալի) խնդիր է։ Հատկապես ծրագրերի այն հատվածում, որը վերաբերում է տնտեսությանը։ Ոչ թե այն պատճառով, որ բոլոր կուսակցությունները փորձում են կազմակերպել, զարգացնել ու ընդլայնել չեղած տնտեսությունը։ Այլ այն պարզ պատճառով, որ ծրագրերը գրված են ան-հաս-կա-նա-լի։ Նախընտրական ծրագրերի տնտեսությանը վերաբերող հատվածները ներկայացնելու համար Հայաստանի վաճառականների միությունը Ժողտնտեսության ինստիտուտ էր հրավիրել կուսակցությունների ներկայացուցիչների։ Երեկ հավաքված ուսանողներին ու լրագրողներին իրենց հիմնադրույթները ներկայացրին ՌԱԿ-ի, ԱԺՄ-ի եւ Կոմկուսի ներկայացուցիչները։

ՌԱԿ-ի ծրագիրը ներկայացրեց փոխատենապետ Հարություն Առաքելյանը։ Պարզ դարձավ, որ ինչպես քաղաքական կյանքում այնպես էլ տնտեսության ոլորտում ՌԱԿ-ը «ընդդիմություն ըլլալով սեփականաշնորհումը կսիրե»։ Դա կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ Ռամկավար կուսակցությունը համոզված է, որ «Հայաստանի տնտեսական զարգացման հիմքը մանր եւ միջին ձեռնարկատիրությունն է»։ Դա լավ է, որ ՌԱԿ-ը գոնե մի բանում հաստատ համոզված է՝ «բաբերուս հողին վրա քանի մը մանուֆակտուր դրած եմ՝ նրփօճառ եւ ակռայի վրձին բիդի արտադրեմ»։ Հետո ԱԺՄ-ի տնտեսական ծրագիրը չներկայացրեց Սեյրան Ավագյանը։ Նա քննադատեց ներկա, նախկին իշխանությունների վարած ու վարվող քաղաքականությունը ու մի տաս անգամ խորհուրդ տվեց կարդալ իր կուսակցության ծրագիրը։ Ծրագիրը բոլոր էջերում պարունակում էր «Իսկ դուք գիտե՞ք, որ» խորագիրը։ Սույնը հիշեցնում է խորհրդային մամուլից լավ հայտնի համանուն խորագիրը։ Պրն Ավագյանը մի քանի խոսք ասաց գյուղատնտեսության մասին, որը լրիվ արժանի է մեջբերումի՝ «ներողություն, դուք կարեւորել էիք գյուղատնտեսության թեման, եւ ես մեկ րոպեով կանդրադառնամ դրան»։ Խոստացավ՝ չանդրադարձավ. նորից քննադատեց հին ու նոր իշխանություններին, էլի կուսակցության ծրագիրը վերընթերցելու խորհուրդ տվեց։

Հայաստանի հին ու ավանդական Կոմկուսը ներկայացված էր թարմ, ջահել կադրերով։ Կոմկուսի բանախոսը կոմերիտմիության Երեւանի քարտուղար Միհրդատ Թովմասյանն էր։ Ասած խոսքն ու գաղափարն էր հին։ Մեր երկրի տնտեսությունը փրկելու ամենակարճ ճանապարհը հանրապետության ձեռնարկությունների գույքագրումն է, սեփականաշնորհման ընթացքի վերանայումը։ Վերջինս՝ մոտավորապես «ունեզրկենք-ունեզրկողներին» պատմական լոզունգի լույսի ներքո։ Երիտասարդ կոմսոմոլը հայտարարեց, որ հողը պետական սեփականություն է եւ չի կարելի թույլ տալ, որ այն դառնա առուծախի առարկա (ճիշտ ու ճիշտ՝ ընկ. Զյուգանովի նման)։ Նրա կարծիքով, հողը մշակող գյուղացուն պետք է տալ միմիայն անժամկետ վարձակալությամբ։ Մի ուսանողուհի ոչ մի կերպ չէր հասկանում, թե ինչպես է վարձակալ դարձող գյուղացին վարձեր ու հարկեր մուծելու, եթե սեփականատեր լինելով չի կարողանում։ Կոմսոմոլը նաեւ վստահ էր, որ Հայաստանը տնտեսական կապեր պիտի հաստատի եւ համատեղ ձեռնարկություններ հիմնի միմիայն ԱՊՀ երկրների եւ Չինաստանի հետ։

Վերջին ելույթի ժամանակ դահլիճը դատարկվում էր։ Գնաց նաեւ «պոնչո» ուսանողը, որ բոլոր բանախոսներին հարց էր տալիս։ Յուրաքանչյուրին՝ ըստ իրենց ճաշակի եւ նախասիրության։ Օրինակ՝ ԱԺՄ-ին ուղղված հարցը, բնականաբար, կլանային տնտեսության մասին էր։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Հ. Գ. Ողորմի կազմակերպիչների անցավորաց։ Վաղուց ուսանողական նստարանի չէի նստել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31