Մայիսի 8-ի «Առավոտում» «Գողություն ենք արել» վերտառությամբ լուր էր տպվել։ Այդ կապակցությամբ ասելիք ունի Արամազդ Զաքարյանը. «Նախ՝ Արամազդ Զաքարյանը չի վտարվել» «Միասնություն» դաշինքից։ Իմ առջեւ պայման էր դրվել՝ մնալով ցուցակում՝ 74-րդ ընտրատարածքից հանել թեկնածությունս, որը, բնականաբար, չէի կարող ընդունել։ Գտնում եմ, որ պատգամավորության թեկնածուները ուղղակի պիտի մեծամասնական ընտրատարածքում հանդիպեն բնակիչներին եւ նրանց վստահությամբ ստանան քվեն։ Ես հայտարարություն եմ ներկայացրել ԿԸՀ, որպեսզի ինձ հանեն այդ ցուցակից։ Նմանատիպ որոշում է կայացրել նաեւ «Միասնությունը»։ Սա էլ որերորդ դեպքն է, երբ չճշտված լուրերը փաստի ձեւով ներկայացվում են «Առավոտում»։ Լուրում նաեւ նշված է, որ իբր ես «Երկրապահ» պատգամավորական խմբին հատկացված մեքենայով գնացել եմ Տավուշի մարզ՝ իմ ընտրական աշխատանքները կազմակերպելու։ Ես այդ մեքենայով չեմ մեկնել. մեքենայի վարորդը վիրահատված է եւ տանը պառկած։ Նման ձեւով ներկայացնելը, մեղմ ասած, ճիշտ չէ։ Մյուս կողմից՝ չեմ հասկանում՝ ում է սա ձեռնտու։ Գողություն անելը, հատկապես այս պայմաններում, քրեորեն դատապարտելի է։ Սա իմ անձին հասցված զրպարտանք է։ Տեղեկացնում եմ, որ կան մարդիկ, որոնք ուզում են նորից ընտրությունները կեղծել, քվեաթերթիկներ գողանալ կամ ֆինանսական ինչ-որ միջոցներով հայտնվել ԱԺ-ում՝ մրոտելով մրցակիցներին։ Համոզված եմ, որ մեր ժողովուրդը քաղաքական դաշտից դրանց պիտի մաքրի, եւ թերթերը չպետք է նման մարդկանց համար ճանապարհ հարթեն»։
Լ. Ա.