Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հույսերն առ «Միասնություն» կամ տաճար տանող ճանապարհի ջրափոսերը…

Մայիս 18,1999 00:00
chanaprh

Մեր վստահությունը, հավատին ու ձայնին սպասող քաղաքական դաշինքների եւ անհատ թեկնածուների բազմահազար ու բազմադեմ լեգեոնի շարքերում անշուշտ առանձին թափով են շողշողում «Միասնություն» դաշինքի առաջնորդները, որոնք ժողովրդի մտապատկերում զուգորդում են երկու տարբեր ժամանակափուլ, միահյուսում են երկու տարբեր ու իրարամերժ կենսակերպ, միասնականացնում երկու տարաբնույթ էություն եւ պատվար մեր ապագայի գոյության։

Կիսելով բազմահազար հայրենակիցներիս հույսն ու հավատը, նաեւ՝ հնազանդ ժողովրդական բնազդի անվրեպ իմաստությանը, որոշեցի համեստ մասնակցությունս բերել ապագայի «կառուցմանն ու պաշտպանությանը»։ Սակայն մայիսի 14-ի երեկոյան Հ/Ա զանգվածի Բ-2 թաղամասի թիվ 190 միջնակարգ դպրոցում փորձության դրվեցին մեր հույսերն ու ակնկալիքները, տեղ թողնելով կասկածի եւ տարակուսանքի։ Դեռ մայիսի 12-ից համառ շշուկներ էին շրջում համայնքում առ այն, որ թիվ 190 դպրոց է գալու «Միասնություն» դաշինքի առաջնորդներից մեկը՝ ներկայացնելու եւ աջակցելու թեկնածուներից մեկին։ Բնականաբար, խոսքը պետք է վերաբերվեր դաշինքը կազմող մասի, ՀԺԿ-ի ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանին։ Այնուամենայնիվ, մեր պարզ հաշվարկն ու միամիտ հույսերը ի դերեւ ելան, քանի որ ժամանեց դաշինքի առաջնորդներից Վազգեն Սարգսյանը եւ առաջարկեց առանց որեւէ տարակուսանքի պաշտպանել «Հզոր հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ, ընտրացուցակում 7-րդ հորիզոնականը համեստորեն ներկայացնող Ստեփան Մարգարյանին (օրիորդական ազգանունը՝ Ղարագեբակյան)։ Դահլիճում հավաքված հինգ հարյուր ապագա ընտրողներին հայոց սպարապետը մատուցեց ներքոհիշյալ լրջագույն փաստարկը. «Ստեփան Մարգարյանը տարիներ առաջ գաղտնապես, սակայն հույժ նշանակալից մասնակցություն է ունեցել «Ղարաբաղ» կոմիտեի պայքարին եւ թիվ 15 ընտրատարածքում պետք է ընտրվի նա՞։ Այս հանդիպումը տեւեց մոտ մեկ ժամ։

Ակնհայտ է, որ մասնակիցների մեծ մասը հավաքվել էր նախարարին լսելու, քանի որ պրն Մարգարյանին ընտրատարածքում չգիտեն եւ դժվար թե ճանաչեն այսուհետեւ՝ անկախ երկրի ամենահեղինակավոր մարդու եռանդուն ջանքերից։ Տարակուսանքի ու կասկածների առիթ է տալիս «Հզոր հայրենիք» կուսակցության այս անսպասելի եւ շատ յուրօրինակ միացումը «Միասնություն» դաշինքին։ Եթե նոր դաշինք է ձեւավորվում, ապա դրա մասին հարկ է որ ժամանակին տեղեկանան ապագա ընտրողները, ձայները բախշելու միանգամայն բնական հեռանկարով։ Կամ գուցե սա հայոց սպարապետի «աղ ու հացի» քաղաքականության հերթական եւ ինքնատիպ դրսեւորումն է, ըստ որի, նրա հետ քաղաքականություն ոտք դրած եւ ընկեր դարձած յուրաքանչյուր ոք (լինի Լեւոն, Վանո, Ռոբերտ, Սերժ կամ Ստեփան) ձեռք է բերում ազգային արժեքի կարգավիճակ եւ անձեռնմխելի են դառնում նրա ցանկացած արարք ու անմեկնելի՝ յուրաքանչյուր գործ։

Ինչեւէ, սպասենք իրադարձությունների զարգացմանը եւ որոշում կայացնենք այն ժամանակ, երբ թիվ 15 ընտրատարածք կժամանի հարգարժան Կարեն Սերոբիչը եւ իր հեղինակավոր հովանու տակ կառնի Ստեփան Մարգարյանի հետ պայքարի ելած թեկնածուներից մեկին, օրինակ, ՀԿԿ-ի կողմից պաշտպանվող Ռուբեն Թովմասյանին կամ թեկուզեւ «Օրինաց երկրի» թեկնածու Սերգո Երիցյանին։

ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31