Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական լուսանկար

Մայիս 18,1999 00:00
vanadzor

Վանաձորի «Արցախ» պուրակում «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի հանրահավաքին կային այնքան մասնակիցներ, որքան կոմունիստական հանրահավաքի ժամանակ, այն տարբերությամբ, որ այս անգամ մտավորական «ներուժը» ավելի շատ էր։

Բացի ներկա իշխանություններից «տուժածներից», կային նաեւ մի քանի ներկա պաշտոնավորներ, որոնք «հեռատեսորեն» եկել էին ապագայում հնարավոր իշխանավորներին նախօրոք հարգանք հավաստելու։

Դաշինքի ներկայացուցիչները հիմնականում ասացին այն, ինչ որ մշտապես հնչում է ՍԻՄ պաշտոնաթերթից, իսկ թերթի խմբագիր Հայկ Բաբուխանյանը մասնավորապես խոստացավ պատգամավոր դառնալու դեպքում ԱԺ-ում ամբիոնը օգտագործել այնպես, ինչպես «Իրավունք» թերթը։ «Հիշո՞ւմ եք, ինչպես էինք ջախջախում թերթում բոլոր սրիկաների գլուխները»,- դիմեց նա հավաքվածներին։

Լենսեր Աղալովյանը քննադատեց, որ շատերը դաշինքի «համանախագահ» Սամվել Բաբայանին «ճիշտ չեն ընկալում»։

Հատկանշական էր դաշինքի թեկնածու Ռուսլան Թաթոյանի ելույթը։ Նա քննադատեց թեկնածուների վերաբերյալ այն տեսակետը, թե «Մեր տեսած գայլը մեզ ուտի» եւ կանխատեսեց, որ «Փորձված գայլը հաճախ 2 ոտքով է թակարդն ընկնում»։ Նշենք, որ Ռ. Թաթոյանի մրցակիցները թիվ 47 ընտրատարածքում Արտաշես Թումանյանը եւ Վիկտոր Դալլաքյանն են։

Արտաշես Գեղամյանը ելույթ ունեցավ ընդդեմ «ոհմակների, ովքեր քամեցին մեր մշակույթը, կրթությունը, լցրին գրպանները»,- եւ կոչ արեց նրանց վռնդել երկրից. «թող գնան ուրիշ երկրներ պղտորեն»։ Նա միաժամանակ դատապարտեց այն «60 լրագրողներին, որոնք իրենց գովքը շարունակում են»։ Նրա ելույթից հասկացանք, որ թունդ նեղացած է նաեւ «Առավոտ» թերթից, քանի որ մի տարեց վանաձորցու նամակի կապակցությամբ հայտարարեց, թե «Առավոտը», որ ինձ գովա՝ ուրեմն մի բան էն չի»։

«Իրավունք եւ միաբանություն» դաշինքի հանդիպմանը Վանաձորի լրատվամիջոցների ներկայացուցիչների գերակշիռ մասը «միաբանվել» էր «Արցախ» պուրակում, իսկ մի քանիսը ավելի շատ զրուցում էին, քան թե լսում ելույթ ունեցողներին։ Լրագրողներից մի քանիսը այդտեղ խմբով լուսանկարվեցին, իսկ տեղական «Լոռու մարզ» եւ «Արփի» մրցակից թերթերի խմբագիրները, որոնք, ըստ երեւույթին, երկար ժամանակ չէին տեսել միմյանց, նույնիսկ… համբուրվեցին «հայի խասյաթի» համաձայն։

Հանրահավաքի վերջում որպես նախընտրական «կաշառք» մասնակիցներին բաժանվեցին «Իրավունք» թերթի համարներից եւ դաշինքի նախընտրական ծրագրերը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31