Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԸՍՏ ԱԺՄ-Ի

Մայիս 18,1999 00:00
shavarsh qocharyan

ԱԺՄ-ն չի սիրում թվեր հրապարակել, չնայած կուսակցության վարչությունը մաթեմատիկների պակաս չունի։

Թվեր չհրապարակեց, բայց իր ունեցած թվերի հիման վրա Շավարշ Քոչարյանը անկեղծորեն խոստովանեց, որ ԱԺՄ-ի ռեյտինգը շատ բարձր է. «Թող ոչ ոք չփորձի ներկայացնել, որ մեր ժողովուրդը լրիվ բարոյալքված է, միայն կաշառքով է ընտրելու, որ կանխորոշված են այս ընտրությունների արդյունքները»։ ԱԺՄ-ի կարծիքով, ժողովուրդն ավելի իմաստուն է եւ կայուն է, քան «շատերը ցանկանում են ներկայացնել»։

Շավարշ Քոչարյանը եւ Վահե Վարսանյանը լրագրողներին հրավիրել էին վստահված անձանց եւ ընտրական հանձնաժողովների անդամների համար մեթոդական ձեռնարկը ներկայացնելու, նախընտրական քարոզարշավի, ինչպես նաեւ տեղամասային հանձնաժողովներում կատարված «չեպե»-ների մասին խոսելու։ Հայաստանը ճգնաժամի մեջ է այն պարզ պատճառով, որ «գործադիր իշխանությունը վերահսկելի չէ»։ Իսկ այս տիպի իշխանության պայմաններում «ստվերային, իրական իշխանությունը հայտնվում է ուժային նախարարությունների ձեռքում»։ Իրավիճակը վերահսկելու լծակը մնում է ԱԺ-ն, սակայն «պատահական չէ, որ 91-ից սկսած բոլոր ջանքերը ուղղվեցին այն բանին, որ պառլամենտը լինի գործադիր իշխանության ձեռքում, ինքնուրույն դեմք չունենա եւ չվերահսկվի»։

Այս ընտրություններում եթե հնարավոր լինի «ջարդել այս ավանդույթը, այդ դեպքում մենք առաջընթացի հույս կունենանք»։ Քանի դեռ խորհրդարանը պատասխանատվություն չի կրում գործադիր իշխանության համար, ապա վտանգները դեռեւս այս հասարակությանը դարանակալ կլինեն։

Խորհրդարանական մեծամասնություն ասվածն ըստ Շավարշ Քոչարյանի՝ չտեսնված բան է Հայաստանի համար. «Հայաստանը գտնվում է շատ կարեւորագույն փուլում. կամ եւս չորս տարով մենք կունենանք պառլամենտ, որը կլինի այնպիսին, ինչպիսին մինչեւ հիմա էր, կամ՝ Հայաստանը քայլ կկատարի դեպի առաջ»։

«Մեթոդական ձեռնարկի» նախապատրաստմանն ակտիվորեն մասնակցել են կոմկուսը, դաշնակցությունը եւ ԱԺՄ-ն։ Իսկ «Հայրենիքը» «իրեն լավ չպահեց» եւ դուրս մնաց այս աշխատանքներից։ Իսկ «լավ չպահեց» ասելով, Վահե Վարսանյանը նկատի ուներ, որ «Հայրենիքը» այնտեղ, որտեղ թեկնածու չունի, տեղերը «պատահական» թեկնածուների են տվել։

Նախընտրական այս փուլում որպես կանոն ԱԺՄ-ն դարձյալ հարցումներ է կատարել, կրկին անգամ փորձել է պարզել կուսակցության վարկանիշը, եւ որպես կանոն, դարձյալ թվեր չասաց։ Շավարշ Քոչարյանի ասելով այդ թվերն իրենց համար ուղեցույց են հետագա աշխատանքի համար։

«Օրինակելի» ընտրատարածքի անօրինականությունները

Երեւանի թիվ 11 ընտրատարածքում ավարտվել է ընտրողների ցուցակների ճշտումը։ Այստեղ ըստ ներկայացված ցուցակների ընտրողների թիվը 27 հազար է։ ԱԺՄ-ի ստուգումների հետեւանքում բացահայտվել է, որ կենտրոնի այս ընտրատարածքում գտնվող մի քանի շենքեր բացարձակապես ընդգրկված չեն ցուցակներում։ Այժմ աշխատանքեր են ընթանում ճշտելու, թե այդ շենքերում որքան բնակչություն կա։ Նախնական տվյալներով, ընտրացուցակից այս պատճառով դուրս է մնացել 1000 մարդ։ 1134 մարդ էլ գրանցված չէ, բայց ընդգրկված է ընտրացուցակներում։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կնշանակեն այսքան «ավելորդ» ձայները թեկնածուներից մեկնումեկի «գրպանում»։ Նույն «օրինակելի» ընտրատարածքում ցուցակների մեջ են «խցկվել» նաեւ 500-ից ավելի «հանգուցյալներ», սակայն դրա փոխարեն ողջ-առողջ, լիիրավ ընտրողներ (1000-ից ավելի) այս ցուցակներում չկան։ Ստացվում է, որ թիվ 11 ընտրատարածքում ընտրողների թիվը մոտավորապես այնքան է, որքան պետք է լիներ, բայց որակը բոլորովին այլ է։

ԿԸՀ-ն՝ իշխանությունների նվագի տակ

Մայիսի 12-ին տեղի ունեցան տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը։ Պետք է ընտրվեին նախագահ, տեղակալ, քարտուղար։ Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների պաշտոնները հիմնականում ստացել են իշխանության այս կամ այն թեկնածուների ներկայացուցիչները։ 13 հանձնաժողովներից իննում ձայները ձեռք են գցել իշխանության ներկայացուցիչները։ Քիչ չեն նաեւ հանձնաժողովներում տեղեր ձեռք գցած կուսակցությունները, որոնք իրենց տեղերը «ծախել են» իշխանություններին։ ԿԸՀ-ի որակը ըստ ԱԺՄ-ական Վահե Վարսանյանի, «շատ ավելի զիջում է նախորդ հանձնաժողովին»։ Եթե նախորդը վարկաբեկվել էր 1996 թ. եւ 1998 թ. ընտրությունների արդյունքների կեղծման պատճառով, ապա այս անգամ կեղծիքները սկսվում են անմիջապես, հենց որոշումների ընդունման պահից։ Նոր հանձնաժողովում. «ամեն ինչ արվում է, որ ընտրությունների անցկացման ենթաօրենսդրական ակտերը չընկնեն հանձնաժողովների, վստահված անձանց ձեռքը», եւ մարդիկ չկարողանան նորմալ պայքարել ընտրությունների արդար անցկացման համար։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31