Կվերանա՞, արդյոք, բնակարանային հիմնահարցը
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Վանաձորում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կայացել էր մոտ մեկ տարի առաջ, եւ Լոռու մարզպետարանում մայիսի 15-ին հանդիպման ժամանակ նա մեկ տարվա կտրվածքով ներկայացրեց այն ձեռքբերումները, որոնք արվել են բնակարանաշինության եւ դպրոցաշինության բնագավառում։ Քննադատության կարգով նախագահը նշեց, որ աղետի գոտում երկրաշարժից տուժած շատ շենքեր քանդեցին, որ կարելի էր չքանդել, այլ՝ ամրացնել, ավելի քիչ գումարներ ծախսելով։ Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, Ռոբերտ Քոչարյանը հույս հայտնեց, որ մինչեւ 2001 թ. ներառյալ կավարտվի բնակարանաշինության գործընթացը աղետի գոտում (իսկ, արդյոք, բնակարանային հիմնահարցը կվերանա՞։ Հաշվի առնենք, որ սոցիալական ծանր պայմանների պատճառով շատերը վաճառել են արդեն իսկ ստացած նոր բնակարանները եւ տեղափոխվել տնակներ, հետեւաբար, այդ մարդիկ, փաստորեն, իրավունք չունեն նոր բնակարան պահանջելու։- Գ. Հ.): Նախագահը նաեւ նշեց, որ Ստեփանավանում վերջին 6 տարիներին ոչինչ չի արվել, եւ միայն անցյալ տարվանից սկսվեցին 1993 թ. ընդհատված շինարարական աշխատանքները։
Պետբյուջեից հատկացված եւ հատկացվելիք գումարներից բացի, ՀՀ նախագահը չնշեց այն գումարների մասին, որոնք հատկացվել են Հունաստանի հայ համայնքի կողմից՝ Լոռու մարզում դպրոցաշինության խնդիրների լուծման նպատակով (ըստ երեւույթին, դրա մասին չխոսելը բացատրվում է նրանով, որ այն կընկալվի իբրեւ նախընտրական քարոզչություն, քանի որ դեռեւս մեկ տարի առաջ սկսված այդ ծրագիրը հովանավորվում է դաշնակցության կողմից):
Չնայած պրն Քոչարյանը նշեց, որ քարոզչություն անելու նպատակ չունի, սակայն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մասին խոսելիս կասկած հայտնեց, որ եթե գան քաղաքական ուժեր, որոնք փորձեն տնտեսական քաղաքականությունը տանել այն ուղղությամբ, որ «այսօր քաղաքակիրթ աշխարհի համար անընդունելի է»՝ աշխատանքը միջազգային կազմակերպությունների հետ կարգելակվի, իսկ ներդրումային ծրագրերը կվտանգվեն, եւ որպեսզի դա չկատարվի, խորհուրդ տվեց «ճիշտ ընտրել»։
Կարդացեք նաև
Նախագահը նաեւ դժգոհեց, որ մեկ տարվա ընթացքում ինքը ստիպված է եղել «ռեսուրսներ ծախսել» քննադատություններին պատասխանելու համար, իսկ այդ քննադատությունները եղել են «աջից, ձախից, կենտրոնից, վերեւից, ներքեւից»։
Այն, որ նախագահը կարեւորում էր մամուլի դերը, զգացվեց ոչ միայն նրանից, որ հարց տվողներից պահանջում էր ներկայանալ, այլեւ նրանից, որ շեշտեց, թե «կան մի երկու թերթ, որ ծայրեծայր չես հասկանում ինչի մասին է»։
Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ