Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՀԱՎԱՏԱԼ ՈՒ ՎՍՏԱՀԵԼ ՄԱՆՐ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՍՏՈՂԻ ՄԵԾ-ՄԵԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ

Մայիս 18,1999 00:00
orinac

Նախապես նշել էինք, թե «Առավոտը» պատրաստվում է անդրադառնալ կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական ծրագրերին։ Եվ «Օրինաց երկրի» նկատմամբ որեւէ հատուկ վերաբերմունքը չէր առիթը, որ «Իրավունք եւ միաբանությունից» հետո ծրագրել էինք նրանց անդրադառնալ։ Սակայն այս կուսակցության մամուլի ծառայության՝ «Առավոտ» ուղարկած գրությունը ստիպեց բավական փոփոխել ծրագիրը։

Մեր առաջին տեղեկությանը, թե «Օրինաց երկիրը» խախտել է «Ընտրական օրենսգրքի» 21-րդ հոդվածի 6-րդ կետը եւ բուկլետներում չի ներառել տեղեկություններ «այն կազմակերպությունների եւ անձանց մասին, որոնք պատասխանատու են հրատարակման համար, ինչպես նաեւ տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ»՝ այս կուսակցությունը չարձագանքեց։ Միայն երկրորդ անգամ, երբ հաղորդեցինք, թե «Օրինաց երկրի» պես «Հայրենիք» դաշինքն էլ է նույն օրինախախտումը կատարել՝ ստացանք այս «փաստաթուղթը», որում կուսակցության մամուլի ծառայությունը հայտնում էր հետեւյալը, թե «հիշատակվող նյութերը տպագրվել են 3 ամիս առաջ»։ Այդ բուկլետներն այժմ են բաժանվում ընտրողներին եւ, կներեք, բայց որեւէ նշանակություն չունի, թե երեք ամիս առաջ կամ երբ են տպագրվել։ Սա՝ մեկ։

«Օրինաց երկրի» մամուլի ծառայությունը նաեւ հայտնել է, թե այդ նյութերը նախընտրական եւ քարոզչական չեն. «Այլ կերպ ասած՝ նախատեսված չեն քարոզարշավի համար, դրանք կրում են տեղեկատվական-ծանոթագրական բնույթ եւ տեղեկություններ են պարունակում կուսակցության սոցիալական կազմի, հիմնադիրների, գաղափարախոսական եւ ծրագրային հիմնադրույթների, ինչպես նաեւ կուսակցության անդամ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ»։ Շատ կներեք, բայց եթե գաղափարախոսական եւ ծրագրային հիմնադրույթների մասին տեղեկացնելը քարոզչություն չէ՝ ապա էլ ո՞րն է քարոզչությունը։ Սա՝ երկուս։

Իսկ այն, որ այդ նյութերն, իբր, նախընտրական չեն եղել կամ նախատեսված չեն եղել քարոզչության համար, մեղմ ասած, ճշմարտանման չէ։ «Առավոտի» տրամադրության տակ է, ասենք, նրանց 24 էջանոց բուկլետը, որը, ճիշտ է, կարելի է «տեղեկատվական-ծանոթագրական բնույթի» համարել, բայց դրա առաջին իսկ էջին նշված է. «Սիրելի հայրենակիցնե՛ր։ Մայիսի 30-ին ընտրություններն են։ Կուսակցությունները եւ քաղաքական գործիչները հայցում են ձեր վստահությունը։ Սակայն ձեր քվեն թերեւս կստանան կատարած գործերով եւ ապագա ծրագրերով արժանավորները»։ Եվ այս բուկլետի տպաքանակն ու հրատարակվող տպաքանակը նույնպես նշված չէ։ Սա՝ երեք։

Բայց «Օրինաց երկրի» մամուլի ծառայության այս գրության մեջ, որ թերեւս հույս ունեին հերքման տեղ անցկացնել, առավել հետաքրքրական մի հատված էլ կա. «Քարոզարշավի համար նախատեսվող նյութերը վերջերս են տպագրվել եւ համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը, ինչում դուք կարող եք համոզվել, քանզի սույն հաղորդագրությանը կից առաքում ենք նշված նյութերից մեկական օրինակ»։ «Առավոտին» ուղարկել են միայն իրենց նախընտրական ծրագիրը, որի վերջում իրոք նշված է՝ «Տպաքանակը՝ 20000 օրինակ, տպագրված է «Իրավունք» հրատարակչության տպարանում»։ Եթե նույնիսկ մեր ձեռքի տակ նախապես չլիներ էլ այս նույն նախընտրական ծրագրի մեկ այլ օրինակ, որի տակ այդ տվյալները բացակայում են, էլի անզեն աչքով էլ կերեւար, որ այս տվյալները ավելի բաց են տպագրված եւ տպագրական «ֆորմայի» մեջ ավելի ուշ մտցրած տողի տպավորություն են թողնում։ Սա բոլորովին դժվար չէր գլուխ բերել՝ մանավանդ եթե հաշվի առնես, թե որ տպարանում են տպագրել իրենց ծրագիրը։ Գուցե ա՞յդ պատճառով «Առավոտի» միայն երկրորդ հրապարակմանն արձագանքեց «Օրինաց երկիրը»։

… Նման մանր հարցերում ակնհայտ կեղծիք կատարողի մեծ-մեծ խոստումներին էլ վերապահումով կմոտենաս։ Այնուամենայնիվ, նշենք, որ նախընտրական ծրագրի նախապես օրինախախտմամբ, իսկ հետո շտկված այդ բուկլետը մնացածների համեմատ գրագետ տպավորություն է թողնում։ Ամենաէական գործոնն այն է, որ «Օրինաց երկիրը» հիմնական շեշտադրումները ծրագրվող օրինագծերի վրա է կատարել, նշել, թե ինչ օրենքներ են պատրաստվում ընդունել խորհրդարանում տեղ գրավելու դեպքում։

Իհարկե, շեղումներ էլ կան։ Էլի ընտրողին գրավելու նպատակով որոշ դրույթներ են նշել, որոնց իրականացումը խորհրդարանի գործառույթները չեն, ինչպես օրինակ՝ «գյուղացուն ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրումը, գյուղտեխնիկայով ու շուկայական գներից էժան վառելանյութով ապահովումը, սերմացուի, թունաքիմիկատների, պարարտանյութերի կենտրոնացված մատակարարումը, հողի կարգերի եւ ջրի սակագների վերանայումը»։ Այս ամենը գյուղատնտեսության կամ, ինչպես ծրագրում է նշված, «Քարից հաց քամողին՝ պետական օժանդակություն» բաժնում է նշված։ Արդյունաբերության ենթահատվածում էլ խոստացել են փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման հիմնադրամ ստեղծել, որն էլի կարծես օրենսդրական աշխատանքի հետ աղերսներ չունի։

Ինչեւէ, ցավոք, իրենց փոքրիկ սխալի համար պատասխանատվություն չստանձնելու եւ փոխարենը մոլորեցնելու «Օրինաց երկրի» ձգտումը մեզ ստիպում է խի՜ստ կասկածել, որ նման լավ-լավ նախաձեռնությունների չիրականացման դեպքում ունակ կլինեն պատասխանատվություն ստանձնել։ Ուստի, դարձյալ բումերանգի պես է հնչում իրենց իսկ կարգախոսը. «Ընտրեք նրանց, ում հավատում եք։ Ընտրեք նրանց, ում վստահում եք»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31