Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԷՆՔԱ՜Ն ՍԽԱԼՆԵՐ ԵՄ ԱՐԵԼ»

Մայիս 18,1999 00:00
hrant bagratyan

«Այսօր Հայաստանում չկա գաղափարական որեւէ բլոկ»,- կարծում է «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը։

Բայց միասնության փաստն առհասարակ (որն «ուսուցողական է եւ ճիշտ»), պրն Բագրատյանը ողջունում է։ Իսկ, առհասարակ, «Ազատություն» կուսակցության բախտը այնքանով է բերել, որ իր անվանման առաջին տառը համընկնում է այբուբենի առաջին տառին։ Ավելին, երկրորդը «զ»-ն է։ Բանն այն է, որ «մշակութային խորհրդարան» կազմակերպությունն իր «պատգամավորների» եւ կուսակցությունների հանդիպումը կազմակերպում է այբբենական դասավորությամբ։

Թեեւ պրն Բագրատյանը «շատ հաճելի ժպիտով» կարող էր ասել, թե ինչ վարկեր է նախատեսում խորհրդարան մտնելուց հետո, բայց նախընտրեց դեմքի այլ արտահայտությամբ թվարկել, թե «ինչքա՜ն սխալներ եմ արել իմ վարչապետության օրոք»։ Ներկայացնելով իր «բառիս բուն իմաստով ծրագիրը» (մյուս կուսակցությունների ներկայացրածը ոչ թե ծրագրեր են, այլ քաղաքական դեկլարացիաներ- Հ. Բ.), նա պնդեց. «Մեր ծրագիրը ծրագիր է այն մասին, թե ինչպես պետք է հայ ժողովուրդը իր ապագան կառուցի։ Իսկ մնացած 20 կուսակցությունների ծրագրերը փաստաթղթեր են այն մասին, թե ինչպես պետությունը եւ իրենք պիտի կառուցեն պետությունը»։ Գործող կառավարությամբ պրն Բագրատյանն առանձնապես խանդավառված չէ՝ գտնելով, որ գերադասելի է այն կառավարությունը, որը հաղթանակած քաղաքական ուժի պատասխանատվությունը վերցնում է իր վրա։ Կոալիցիոն կառավարությունները հիմնականում անհաջող են աշխատում։ «Ներկա կառավարության քննադատությունը չի նշանակում, որ հաջորդը կլինի ավելի լավը։ Այն կարող է կիսել Պրիմակովի կառավարության ճակատագիրը, որի օրոք իրական եկամուտները ՌԴ-ում կրճատվել են 3-4 անգամ»։

Զայրանալով, որ շատերը չեն պատկերացնում, որ «Մարդը եթե վարչապետ է աշխատել, կարող է եւ մարդավարի աշխատել (կարող է եւ մարդավարի չաշխատել- Լ. Ա.)», այս թյուր կարծիքը ցրելու եւ չուզողների «բերանը փակելու» նպատակով էլ պրն Բագրատյանի կուսակցությունը մտել է ընտրապայքար։ «Եթե վարչապետ լինեի, գուցե հարյուրհազարանոց կուսակցություն ստեղծեի», բայց այսօր «Ազատության» անդամների թիվը 400-ից դարձել է 2500։

Իր կուսակցության անվանումը պրն Բագրատյանն ա՛յս կերպ մեկնաբանեց. «Ստրկատիրությունը որոշակի դոզայով կա ամեն տեղ։ Իմ կարծիքով, Սպարտակը (ստրուկների առաջնորդը- Լ. Ա.) ավելի ազատ մարդ էր, քան մենք»։ 20-րդ դարը անհատի ժամանակն է եւ «ազատությունը դարձել է հասարակական հարստությունն ավելացնելու հիմնական գործիք»։ Բագրատյանը խոստովանեց, որ իրեն չհաջողվեց ստեղծել մասնավոր սեփականության ինստիտուտ այն առումով, որ պետությունը սեփականատերերի հետ անմիջապես սերտաճեց։ «Հենց սա էլ կլանայնության հիմքն է»։ 5%-ը հատելուց հետո «Ազատության» անունից խոստացվեց տարեկան 10-15% իրական եկամտի տարեկան աճ։

Ղարաբաղի խնդրի կարգավորմանը պրն Բագրատյանը եւս անդրադարձավ՝ գտնելով, որ հարցը լուծելու է «որոշակի ուժ»։ Հայաստանը արտաքին քաղաքականությունը չի խառնում տնտեսության հետ։ «Եթե չկա տնտեսական շահ, ինչ է արտաքին քաղաքականությունը՝ պրոտոկոլ կամ հանդիպումներ։ Մենք դեռեւս չենք տվել լուրջ արտաքին քաղաքական գործիչ 8-9 տարում»։ Միջազգային քաղաքականության մեջ բոլորը չէ, որ առաջնորդվում են ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ կրկնակի ստանդարտը բացառիկ երեւույթ չէ։ «Ի՞նչ ենք մենք որեւէ մեկից Ղարաբաղի հարցի լուծում սպասում։ Գուցե դա վաղուց արդեն լուծվել է»,- մի քիչ կասկածելի հայտարարություն արեց Բագրատյանը։

Իսկ թե Հայաստանի ռուսական, թե՞ արեւմտյան կողմնորոշումն է նախապատվելի հարցին, Բագրատյանը հարցով պատասխանեց. «Որտե՞ղ են սփյուռքահայերի մեծ մասը՝ Արեւմուտքո՞ւմ. Հայաստանն իր հայացքը պետք է ուղղի դեպի Արեւմուտք»։ Մանավանդ որ սփյուռքահայությունը, ըստ որոշ գնահատականների, տնօրինում է մինչեւ 700 մլրդ դոլարի ունեցվածք…

Գուցե թե այնքան էլ էական չէ, բայց նշենք, որ Բագրատյանը 5 տարի աշխատել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, «նույնիսկ՝ ընկերներ ենք եղել»։ Ճիշտ այնպես, ինչպես նրա ընկերներն են եղել Ռուդոլֆ Թեյմուրազյանը, Բագրատ Ասատրյանը, Արմեն Եղիազարյանը (լավ իմաստով)։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31