Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆՈՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

Մայիս 15,1999 00:00
Toto

Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիան չլիներ, միջազգային եւ հայ կինոգործիչները չէին քննարկի կինոշուկայի ձեւավորման եւ զարգացման խնդիրները։ Իսկ հայ կինոգործիչներն ընդհանրապես չէին հավաքվի ու կինո-տեսաշուկայի զարգացման հեռանկարների հարց չէին բարձրացնի։

Հիշեցում

Օրեր առաջ գրեթե աննկատելիորեն բացվեց եւ փակվեց Սերգեյ Փարաջանովի ծննդյան 75-ամյակին նվիրված փառատոնը։ Մրցանակներ շնորհվեցին կինոռեժիսորներ Ռուբեն Գեւորգյանցին, Ռոման Բալայանին եւ Ա. Կայդանովսկուն (հետմահու)՝ Փարաջանովի մասին նկարահանած ֆիլմերի համար։ Փառատոնի թշվառությունը ավելորդ անգամ չնկարագրելու համար Ռոման Բալայանի՝ «փառատոնը» փակող միջոցառումից հետո նեղ շրջանակում ասած կենացը կրկնեմ. «Խմենք ուրախ Փարաջանովի կենացը, հայերը նրան ուղղակի թաղեցին»։ «Փառատոնին» ներկա միջազգային հյուրերի հիմնական մասը հաջորդ օրը հենց մեկնեց (բնականաբար՝ տխուր տպավորություններով)։

Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիան, որի նախագահն է կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը, մայիսի 10-11-ը միջազգային գիտաժողով կազմակերպեց՝ «Կինոտեսաշուկայի զարգացման հեռանկարները Հայաստանում եւ հետխորհրդային տարածքում» թեմայով։ Հայ կինոռեժիսորներից, կինոքննադատներից բացի, ներկա էին Միջազգային կինոկենտրոնի նախագահ, «Արսենալ» կինոփառատոնի նախագահ Ավգուստս Սուկուտսը, լատիշ կինոռեժիսոր Վիկտորս Յանսոնսը, Մոսկվայի «Իսկուստվո կինո» ամսագրի ներկայացուցիչ, կինոքննադատ Նատալյա Սիրիվլյան։

Գիտաժողովը կարողացավ Հայաստանի կինոյի բնագավառի մարդկանց «իրար գլխի» հավաքել ու առիթ ընձեռեց իրենց խնդիրների մասին բարձրաձայն խոսել, քննարկել։ Գործնական քայլեր ակնկալելը դեռ վաղ է ու դժվար, բայց կողքից դիտողի ու վերլուծողի, բարձրացված խնդիրներն ամրագրողի համար գիտաժողովն իսկապես արդյունավետ էր։ Կինոգործիչների սերնդափոխության հարցն ընդգծվեց։ Փաստորեն, կա ավագ սերունդ, որը խորհրդային ժամանակներում ֆիլմեր է նկարահանել ու հիշում է՝ վերեւներից գումարներ ընկնելու հաճույքը։ Կա միջին սերունդ (որին կինոգործիչները դեռ երիտասարդ են անվանում), որը վերջին այս 10 տարիների ընթացքում պետության տված չնչին գումարների շնորհիվ մի կերպ կարողացել է 1-2 ֆիլմ նկարահանել։ Երիտասարդ սերունդ, որպես այդպիսին, չկա. կա, բայց առանց կարգավիճակի, կոմունիստական շրջանից մնացած-քայքայված ու չգործող մեխանիզմներով, անփող վիճակի առաջ հայտնված։ Երիտասարդները մի կերպ տեսաֆիլմեր են կարողանում նկարահանել։ Ու վերջիններս դեռ շատ երկար ժամանակ ավագների կողմից ռեժիսոր կամ առհասարակ՝ կինոգործիչ անվանը չեն արժանանա. «Դու ո՞վ ես, ի՞նչ ես արել» հարցը օրակարգում դեռ երկար կմնա։ Ավագ սերունդը պետությունից գումարներ է պահանջում, իսկ միջին սերունդը հասկացել է, որ այլեւս պետք չէ հույսը դնել պետության վրա եւ պետք է գործի դնել բոլոր կապերը, հնարավորություններն ու միջոցները։ «Երեւան» ստուդիայի տնօրեն Տիգրան Խզմալյանը հենց այդ կարծիքին էր եւ արդարացիորեն ընդվզում էր՝ Փարաջանովին նվիրված տխրահռչակ այս փառատոնը վատագույնս կազմակերպելու եւ այն որպես ֆինանսական մեծ շահույթ բերող գործարք չընկալելու մեջ։

Կինոգետ, «Հայֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիր Միքայել Ստամբոլցյանը (որը ՀՀ մշակույթի (նախկինից՝ նախկին) նախարար Հակոբ Մովսեսի օրոք կինոյի հարցերով փոխնախարար էր), համաձայն չէր Տ. Խզմալյանի կոչին՝ թե բավական է պետությունից փողեր մուրալ։ Նախկինից՝ նախկին փոխնախարարի կարծիքով՝ «մենք պետությունից փող չենք մուրում, դա մեր փողն է, որ պետությունը չի տալիս։ Պետությունն իր սեփական փողերը չունի եւ չի կարող ունենալ, այլ մեր բոլորից է այդ փողերը հավաքում»։ Գիտաժողովի վերջում, իհարկե, պրն Ստամբոլցյանն ինքն էլ կրկնեց երիտասարդ եւ միջին սերնդի կինոգործիչների միտքը՝ համախմբվել եւ հույսը միայն իրենց վրա դնել։

Մ. Ստամբոլցյանը Հայաստանում կինոշուկայի չձեւավորման մի քանի լուրջ պատճառներ մատնանշեց։ Ի տարբերություն Կինոգործիչների միության քարտուղար Սերգեյ Իսրայելյանի (որի կարծիքով կինոթատրոնների սեփականաշնորհումը խանգարեց ձեւավորման այդ գործընթացին), Մ. Ստամբոլցյանը հիշեցրեց մութ ու ցուրտ տարիները, երբ կինոթատրոնները չէին գործում կամ մի կերպ էին գործում, եղած սարքավորումները շարքից դուրս էին գալիս, կինոդահլիճները չէին ջեռուցվում ու հանդիսատեսը կամաց-կամաց հեռացավ կինոթատրոնից։ Սակայն բուն պատճառը, ըստ Մ. Ստամբոլցյանի՝ հոգեբանական էր. «Կինոթատրոններ սեփականաշնորհվել են նաեւ ուրիշ երկրներում, բայց, օրինակ՝ Ռուսաստանի որոշ ռեգիոններում ընդհանրապես չեն սեփականաշնորհվել։ Բաշկիրիայում 1740 կինոկետեր կան, որոնցից եւ ոչ մեկը սեփականաշնորհված չէ, բայց այնպես չեն գործում, ինչպես մինչեւ 80-ականների վերջ-90-ականներ։ Ռուսաստանը պետական միջոցներով աջակցում է իր կինոպրոկատին մինչեւ այսօր։ Ժողովուրդը հեշտությամբ հետ է վարժվում կինոթատրոն գնալուց եւ դժվար էլ սովորում է։

… Փառատոնները, կինոդիտումները, նման միջոցառումները նպաստում են հանդիսատեսի՝ կինոթատրոն գնալուն։ Անհրաժեշտ է բարեկարգել կինոթատրոնները՝ միջոցներ հայթայթելով թե՛ պետությունից, թե՛ վարկերի տեսքով»։

Երկրորդը կինոարտադրության եւ պետական կինոստուդիաների խնդիրն է։ Մ. Ստամբոլցյանը հիշեցրեց Իրանի կինոարտադրության զարգացման ընթացքը, ասելով, թե կինոստուդիաները պետք է ֆինանսավորվեն պետության կողմից։ Եվ երրորդ խնդիրը. «Հայաստանում շատ հեռուստաընկերություններ կան, որոնք կարծում են, թե հայկական կինոարտադրանքը ցուցադրելով՝ իրենք բարի գործ են անում եւ դրա համար ստուդիաները եւ հեղինակները պիտի վճարեն իրենց։ … Օրենք էլ չկա, որ կարողանանք արգելել այդ ֆիլմերի՝ ողորմելի գներով կամ անվճար ցուցադրումը»։

Հեղինակային իրավունքի խնդիրը խիստ անհրաժեշտ է կինոշուկայի ձեւավորման մեջ։ Կինոգետ Դավիթ Մուրադյանը ճիշտ նկատեց, որ հեղինակային իրավունքը Հայաստանում չի գործում. «Ստեղծագործական մտքի, արվեստագետի, ստեղծագործական հիմնարկների համար որեւէ երաշխիք չկա։ Անօրեն ձեւով հայկական կինոյի արտադրանքը իրար հետեւից հա՜ ցուցադրում են առանց «Հայֆիլմի» հետ որեւէ գործնական, իրավական, նույնիսկ բարոյական պայմանավորվածության»։

«Աուդիո-Վիզուալ» ասոցիացիայի նախագահ, կինոռեժիսոր Արզուման Հարությունյանը ներկաներին առաջարկեց ձեւավորման ընթացք ապրող կինոշուկային ուղղվածություն տալ, որպեսզի առանց օրենքի ու կարգուկանոնի չկազմավորվի։ Առաջացած վակուումից դուրս գալու համար կոչ արեց համախմբվել եւ. «Պետք է ռեժիսորն ազատվի ադմինիստրատիվ հարցեր լուծելուց, պետք է հրաժարվենք ուզել-խնդրելուց։ … Դու համոզվա՞ծ ես, որ քո նկարածը արվեստի ստեղծագործություն է. եթե այո՛, դրա համար ներդրիր ամեն ինչ։ Մենք ուզում ենք ունենալ ե՛ւ տուն, ե՛ւ մեքենա, ե՛ւ ամեն ինչ, ե՛ւ կինո։ Պետք է ռիսկի գնալ, իսկ եթե չեք կարող՝ հրաժարվեք, թող անեն մարդիկ, ովքեր կարող են իրենց ստեղծագործությունը դարձնել այդպիսին»։

Ավագ կինոգործիչներն իսկապես այդպես էին ստեղծագործում. գումարը, ժապավենը, ամեն ինչ տրվում էր, իրենք էլ նկարում էին։ Չէին էլ մտահոգվում՝ ինչ կստացվի։ Հո իրենց ունեցվածքը չէին ռիսկի մատնում. պետությունը տալիս էր, թեկուզ եւ՝ ֆիլմը չստացվեր…

Ա. Հարությունյանը նշեց կինոշուկայի ձեւավորման կարեւորագույն գործոններից եւս մեկը՝ լուրջ, պրոֆեսիոնալ մասնագետներ. «Հայաստանն այսօր չունի ոչ մի պրոֆեսիոնալ պրոդյուսեր», ինչպես նաեւ ուժերի համախմբվածություն եւ այդ դեպքում՝ «…Ցանկացած բարձրաճաշակ արտադրանք կգտնի իր շուկան եւ ըստ արժանվույն կգնահատվի»։ Հենց այս հարցերով է զբաղվում «Աուդիո- Վիզուալ» ասոցիացիան։

Ահա եւ Հայաստանում կինոշուկա չձեւավորվելու պատճառներն ու խնդիրները։ Կինոգործիչներն այդ մասին գիտեին եւ գիտեն, սակայն հարց է՝ թե ալարկոտ ու վերեւից տրվող բանաձեւերին ու իրենց համար նպաստավոր պայմաններ ընկնելուն սովոր ու սպասող հայ կինոգործիչները որքանո՞վ կզբաղվեն իրենց ներկայով ու վաղվա օրով։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31