Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ԸՍՏ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ

Մայիս 15,1999 00:00
hexashrjum

Արքայությունը լքած արքայի ողբերգությունը

1996-ի սեպտեմբերի 25-ից հետո Հայաստան հրավիրված, պատեհապաշտական նպատակներով օգտագործված եւ անժամանակ վարչապետությունից օտարված Արմեն Սարգսյանի պարագան արդեն այն ժամանակ հուշում էր, իսկ այսօրվա դիրքերից հաստատում է մի պարզ քաղաքական հաշվարկ, որ 1997-ի սեպտեմբերին Երեւանում բարձրացվելիք «խաղաղապաշտության» ալիքի կիզակետում երկրորդ «քաղաքակիրթն» ու «չափավորականը» չպետք է լիներ, այն էլ վարչապետի պաշտոնում: Մնացյալները, որոնք, անկասկած, մեծավ մասամբ համոզմունքներով եւ նվիրվածությամբ այսօր հետեւում են նախագահական գծին՝ քաղաքական առումով վտանգավոր ֆիգուրներ չեն եւ, որ խիստ կարեւոր է, մեծ ժողովրդականություն չեն վայելում: Ժամանակին մենք տեղյակ պահեցինք հայ հասարակությանը այն մտահոգությունների մասին, որ անչափ բնականորեն բխում էին ԼՂՀ նախագահին ՀՀ վարչապետ պաշտոնափոխանակումից: Առայսօր էլ հասկանալի չէ, եւ պատմության մեջ իբրեւ աննախադեպ փաստ կարձանագրվի մի պատասխանատու որոշում, որ համեմատելի չէ անգամ Արծրունյաց արքաների՝ Կիլիկիա տեղափոխվելու ճակատագրական քայլի հետ:

Ինչեւիցե, «երկաթյա Ռոբերտի» հայտնվելը Հայաստանում շատ-շատերի մոտ նաեւ որոշակի հույսեր էր ծնում, եւ ես հիշում եմ ընթերցողներիս կշտամբանքները՝ «ղարաբաղյան մահակ» արտահայտության օգտագործման առնչությամբ: Հետադարձ հայացք գցելով՝ լիովին ըմբռնում ես, որ քաղաքացիները իրավունք ունեին ակնկալելու, որ ղարաբաղյան ծանր իրականությանը ծանոթ վարչապետը այլեւս չի հանդուրժելու հանրապետությունում տիրող սոցիալական անարխիան: Այդքան քիչ, բայց այդքան մեծ սպասելիք մի մարդուց, որ գոնե ճակատագրի բերումով կոչված էր հավերժանալու իբրեւ զանգվածների շահերի անդուլ պաշտպան: Ի վերջո, երբեք եւ ոչ մեկի կողմից լուրջ չընդունված Հրանտ Բագրատյանից, խորհրդավոր ու խոստումնառատ Արմեն Սարգսյանից հետո, հասարակությունը իրավունք ուներ հաստատուն եւ նպատակային ինչ-որ աշխատանք տանող վարչապետի ակնկալիք ունենալ: Բայց թերեւս հենց «երկաթյա Ռոբերտն» էր, որ վերջնականապես ցրեց պատրանքը, թե այս երկրում երբեւիցե կհաղթահարվի կլանայնությունը, թայֆայությունը, եւ ընդհանրապես, որեւէ մի պաշտոնյա ընդհանուրը վեր կդասի անձնականից: Ամենաարագ տեմպերով հաստատվեց «ղարաբաղյան մահակի» ձեւավորման թեզը:

… Հայաստանյան բազմաթիվ անհեթեթ գործիչների կողմից 1991 թվականից հայ հասարակության մեջ ծագումնաբանական տարանջատման հոգեբանական սինդրոմի սերմանման փորձերը, որի դեմ բազմիցս հանդես է եկել տողերիս հեղինակը, հանկարծ իրականություն դարձան, բայց՝ հակառակ կողմից: Եթե անգամ ընդունենք, որ վարչապետ Քոչարյանը տեղեկացված չէր նման երեւույթի առկայության մասին, ապա նրան պարտավոր էր նախազգուշացնել ԱԱՊՎ-ն եւ ի վերջո նրա աշխատանքային թիմը: Դիտարկումները գալիս են ապացուցելու, որ բոլոր ակնհայտ տարբերություններով հանդերձ, ինչպեսեւ Պաշտպանության նախարարության պարագայում, վարչապետի անմիջական շրջապատն ու ծառայողական անձնակազմը եւս խստագույնս թերացել են իրենց պարտականություններում: Իսկ եթե դա պարզապես թերացում չէ, այլ նպատակային գործունեություն, ապա գուցեեւ մոլորության մեջ գցված վարչապետ + նույն վիճակում հայտնված ԱԱՊՎ ղեկավար + անվտանգության եւ իրավապահպան մարմիններում ստեղծված ծագումնաբանական եղբայրություն + ենթակա քարոզչամիջոցների լայն ցանց + Լեռնային Ղարաբաղի խնդրում կարծրության պաշտպանություն՝ հավասարվում է պետական հեղաշրջման փորձի:

Հուսով եմ, հասկանալի է, որ հարցը կրկին վերաբերում է Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան՝ արտաքին ինտերվենցիայի սպառնալիքին, երբ հայ ժողովուրդը կանգնելու է սույն փաստի դե ֆակտո, իսկ հետո նաեւ դե յուրե արձանագրման առջեւ, ինչը ապագայում, ոչ մի փաստաթղթով հնարավոր չի լինելու շտկել: Ավելին, դա կարող է տեղի ունենալ հայ-ադրբեջանական պատերազմի հերթական փուլից հետո, երբ հայերը որոշակի նահանջից կանցնեն հաջող հակահարձակման, իսկ հաջորդ քայլով արտաքին ներկայությունը կապահովի տխրահռչակ «Կոլցո» օպերացիայի իրականացումը շատ ավելի մեծ մասշտաբներով: Ամենեւին էլ պատահական չէ, որ վերջերս քաղաքականապես չհիմնավորված տեսակետներ են հնչում հայերի նկատմամբ սերբական տարբերակի կիրառման անհնարինության մասին: Եթե տողերիս հեղինակը արձանագրել է, որ քաղաքագիտական հարթություններից մեկում Մեծ Սերբիան իբրեւ բազմազգ տարածք ավելի շատ նույնանում է Ադրբեջանի հետ, ապա դա դեռ չի նշանակում, որ շահագրգիռ տերությունների կողմից կոնկրետ պարագայում, մեկ այլ հարթության կարեւորման դեպքում, հայերը չեն ենթարկվի Ռուսաստանի շահերի արտահայտման միավորներին հատուկ «զսպանակի օրենքի» ազդեցությանը, երբ նրանց էթնիկական տարածքը նեղացվում է մինչեւ վերջին հնարավոր սահմանը:

Ով-ով, բայց Ռոբերտ Քոչարյանը պետք է որ կասկած չառաջացնի Լեռնային Ղարաբաղի ճակատագրի նկատմամբ շահագրգռվածության հարցում, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գծի դեմ նրա կեցվածքը ամենահարմար առիթն է արտաքին ուժերի կողմից Հայաստանի ներքաղաքական իրավիճակը առավելագույնս շահարկելու համար:

…. Քաղաքական իրատեսությունը ցանկացած պարագայում պետք է շատ ավելի բարձր դասվի, քան անհատական զգացմունքներն են եւ անգամ անձնական ճակատագիրը: Քոչարյանը, ինչպեսեւ Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում ապրելու մնացած ցանկացած մեկը, անկախ իր դիրքից, կամավոր ընտրություն է կատարել եւ ուստի նույնքան կամավոր է երրորդ ուժերի նախանշած գործողություններին մասնակցություն ունենալու կամ վեհանձն դրանք մերժելու իր ընտրության մեջ: Բայց թող ոչ մեկի մոտ կասկած չլինի այն հարցում, որ եթե այսօր պատասխանատու եւ իրավասու ուժերն ու գործիչները շարունակեն խաղալ օտարների կողմից «աննկատ» պարտադրվող կանոններով, ապա կկորցնենք այն վերջինը, ինչ ժառանգություն ենք ստացել նախնյաց լավ թե վատ ծառայությամբ: Վերջապես կամ ատամներս սեղմած ծառայում ենք քարտեզի վրա գրեթե աննշմար այս Մեծ Հայրենիքին, ինքնազոհաբերությունն ընդունելով իբրեւ բարձրագույն պարգեւ, եւ կամ հեռանում ենք «մի վնասիր» աստվածային խորհրդով՝ գուցեեւ դարիս ամենաարժանավոր օրինակը մատուցելով սերունդներին:

ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

16.12.97թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31