Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՄԱՀԸ ՈՐՊԵՍ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՁԵՎ

Մայիս 15,1999 00:00
primakov

1998 թ. սեպտեմբերին իր նշանակման առաջին օրերից սկսած, հասարակական հարցումները ցույց են տալիս, որ Եվգենի Պրիմակովը հանրության համակրանքը շահող ամենաազդեցիկ քաղաքական մարդն է Ռուսաստանում՝ երկրորդ տեղ մղելով անգամ նախագահ Ելցինին: Անցյալ տարվա նոյեմբերին հարցվածների 68%-ը հավանություն է տվել Պրիմակովի՝ փոխնախագահի արտականությունները կատարելու գաղափարին, իսկ դեկտեմբերին հարցման արդյունքները ցույց տվեցին, որ վարչապետի գործունեությունը դրական գնահատողների թիվը հոկտեմբերի 50%-ից աճել է 54-ի: Շատերի կարծիքով, Պրիմակովը 1998 թվականի ամենաժողովրդական քաղաքական դեմքն է:

Երբ Պրիմակովը Արտաքին հետախուզության ծառայության գծով իր նախկին տեղակալին նշանակեց «Ռոսվոորուժենիե» ընկերության գլխավոր տնօրեն, ընկերություն, որ զենքի առեւտրից ստացվող միլիարդավոր դոլլարների շրջապտույտ ունի, շատերը մտածեցին, թե նա պատրաստվում է նախագահական ընտրություններին, այլապես նրա ինչին էր պետք փողը: Ապա սկսվեցին Հարավսլավական իրադարձությունները, եւ պետական այր-Պրիմակովի վարկանիշը կրկին ետեւում թողեց ընդդիմադիրներին, ինչն էլ հավանաբար պատճառ հանդիսացավ, որ Ելցինը խաղագումարը դնի այնպիսի «խոտելի նժույգի» վրա, ինչպիսին Չեռնոմիրդինն է: Եվ ահա, ութամսյա գործունեությունից հետո վարչակազմը պաշտոնանկ է արվում, այս անգամ արդեն նախագահի պահանջով, եւ հազիվ թե միակ պատճառը Դումայի ձախ մեծամասնության հետ Պրիմակովի ունեցած դաշինքն է: Ավելի շուտ, վարչապետը զոհ դարձավ «երիտասարդ ռեֆորմատորների» կլանի եւ Բերեզովսկու անվանարկությունը կուլ չտված «նախագահական ընտանիքի» կլանի վենդետտային: Ավելին՝ Բալկանյան հակամարտության կարգավորման հարցում նախկին վարչապետին տված նախընտրությունն ասես մոտալուտ շնորհազրկման նախազգուշացում էր վարչապետի պաշտոնում գտնվող նախկին արտգործնախարարին: Պատահական չէ, որ Պրիմակովի ստիպողական հրաժարականից առաջ նախագահը հանդիպեց եւ Չեռնոմիրդինին, եւ Ստեպաշինին:

Անմիջապես հետո ակնկալելի են ռուսաստանյան արեւմտամետների հետեւյալ հավաստիացումներն այն մասին, որ երկրում սով է, 1988-ի օգոստոսին 12% թերասնունդների թիվն այսօր հասել է 30%-ի, որ իրենք գոյատեւում են մարդասիրական օգնության հաշվին, եւ չի կարելի հարաբերությունները փչացնել ՄԱՀ-ի, Համաշխարհային բանկի, Եվրամիության եւ ԱՄՆ հետ, որովհետեւ դա թանկ կնստի: Նաեւ՝ որ Հարավսլավիա այցի ժամանակ Պրիմակովի հետ հրաժարվել են զրուցել ՆԱՏՕ-ն եւ Ֆրանսիան, քանի որ նա սառըպատերազմյան ակտիվիստներից է, իսկ քաղաքական դիրքորոշմամբ՝ ավանդական սադրիչ, «կագեբեյեշնիկ», ԽՍՀՄ քաղաքականության մնացուկ, որ համախմբվել է ամենապահպանողական ուժերի հետ. նա պետք է հեռանա իր թիմի հետ, այլապես ողբերգությունն անխուսափելի է:

Իրականում այս ամենն իշխանության պահպանման համար քաղաքական ընդդիմադիրներին վարկաբեկելու՝ լավ նախապատրաստված քարոզչական ակցիա է: Վերջինի հետեւանքները չափազանց վտանգավոր են Ռուսաստանի համար, քանի որ իշխանության ճգնաժամն այս դեպքում ուղեկցվելու է իշխանական ինստիտուտների ճգնաժամով, իսկ կառավարության անընդհատ ու արագաժամկետ փոփոխությունը հնարավորություն չի տալիս քաղաքատնտեսական որեւէ ծրագիր իրականացնել, որի հետեւանքով վրահաս ֆինանսական ճգնաժամը, համախմբող ազգային իդեայի բացակայության պայմաններում, ահագնացնում է շրջանների կենտրոնախույս նկրտումները եւ հող պատրաստում երկրի փլուզման համար: Իսկ շարունակ խորացող կախվածությունը միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպություններից առավել թուլացնում է Ռուսաստանի քաղաքական որոշումների ինքնուրույնությունը՝ ուժեղացնելով արտաքին թելադրանքի հնարավորությունը: Ասվածի հավաստիացումն է հենց թեկուզ ՀԲ-ի սպառնալիքը՝ Պրիմակովի հեռանալու հետ կապված Ռուսաստանին օգնությունը դադարեցնելու մասին, որն իրականում Բալկանյան խնդրի կարգավորմանը Ռուսաստանի չմասնակցելու որոշման պատասխանն է:

Արդյոք կտեսնենք Պրիմակովին նախագահի թեկնածուների շարքում՝ ապագան ցույց կտա: Ինքն անձամբ կարծես թե անկեղծորեն արտահայտել է իր վերաբերմունքն այս առնչությամբ, նշելով, որ ցանկացած անմտություն պետք է սահման ունենա, եւ ինքն արդեն հատել է այն՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով: Հետաքրքիր է, նա կվերանայի՞ իր որոշումը, եթե հայերեն ասած՝ ռուսներն ազգովին խնդրեն:

«Իսկ առայժմ տեղին է հիշել սըր Ուինստոն Չերչիլի խոսքերը. Ռուսաստանում իշխանության համար պայքարը իշխանակալների պայքար է գորգի տակ, որտեղից պարբերաբար դիակներ են դուրս թռչում»: Այս անգամ միեւնույն «դիակը» շարունակաբար թռչում է դեպի Կենտրոնական կլինիկական հիվանդանոց, ինչն անխորամանկ ապացույցն է այն բանի, որ մի հսկա երկրի նախագահի կիսամեռ վիճակն առայժմ ձեռնտու է որոշակի ուժերին, որոնց ձեռքին են երկիրը վարելու լծակները: Չէ որ արդեն որքան ժամանակ է, ինչ նախագահի հեռանալու հարցը սրվելիս՝ անմիջապես պաշտոնափոխություններ են լինում իշխանական աթոռներում, իսկ նախագահը շարունակում է մնալ իր նստավայրում… Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում:

Դ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31