Ռոբերտ Քոչարյանին ոչ ոք չի սիրում, եթե չհաշվենք «Իրավունք եւ Միաբանությանը», որը նույնպես նրան չի սիրում: Նախագահն իր վերջին ասուլիսում արտահայտեց իր սերն առ Դաշնակցություն եւ Միասնություն, սակայն այս խոստովանությունն էլ անպատասխան մնաց: Քոչարյանին չի սիրում անգամ Արմեն Դարբինյանը՝ նա գերադասում է երիտասարդներին ու նրանց Արժանապատիվ ապագան:
Որքան էլ որ ազգի մեծերը ժամանակին ջայլամի պարաքայլով ընթացան, ոչ լեգիտիմությունը հանգեցրեց Մեծ Խորթացման, երբ ունենք ինքն-իր-համար-նախագահ, նախընտրական շրջագայություններ կատարող կուսակցություններ եւ անկապ մի հանրապետություն:
Ի դեպ, վարչապետի մասին ավելի մանրամասն. նախագահ Քոչարյանը սիրում է նրա արհեստավարժությունը, այլապես հրաժարականը կպահանջեր մինչեւ ընտրությունները: Իսկ Քոչարյանի իմպիչմենտը մինչեւ ընտրությունները չի կայանա:
Արդեն սովորել ենք, որ Հայաստանի իրադարձությունները հանդիսանում են Ռուսաստանի սցենարի անհաջող, կեղտոտ քսերոպատճենը: Համապատասխան մարմիններն այնքան են ծուլացել, կամ անցել են գրասենյակային պիտույքների խնայողության, որ մի կարգին սցենար գրելն էլ մեզ համար շատ են համարում, ու ֆաքսում են վատ պատճենները, ինչը հաճախ տարընթերցումների տեղիք է տալիս, որը համարվում է ինքնուրույն զարգացման մեր ապալարքը:
Կարդացեք նաև
Հայտնի է, թե ով է լինելու Ազգային ժողովի հաջորդ նախագահը, հայտնի է, որ Սահմանադրությամբ շարժվելիս (միայն սահմանադրորեն, Շուրա) նա էլ կդառնա հանրապետության հաջորդ նախագահը: Իսկ Քոչարյա՞նը՝ դե ինչ Քոչարյանը, նա էլ ջանքեր չի խնայի, որ ընտրությունները ոչ լեգիտիմ լինեն, որ հաջորդ նախագահն էլ ավելի օրինական չլինի, քան ինքն է, որ հեղաշրջումը լինի սահող ու ընդմիշտ:
Որքան էլ Սերժ Սարգսյանը խուսափում է վարչապետ դառնալուց, այն համարելով պաշտոնանկություն, համաձայն ռուսական սցենարի նա պետք է դառնա վարչապետ (եթե ֆաքսի այդ մասը ընթեռնելի լինի): Իսկ Արմեն Դարբինյանը Արժանապատիվ ապագան սարքում է, որ նախագահական ընտրություններին մասնակցի: Այստեղ արդեն զգացվում է նրա տեսական գիտելիքների ավելցուկը եւ երկրից խավիարով անջրպետվելը. այլեւս ընտրություններ չեն լինելու, երիտասա՛րդ, իզուր փողեր մի ծախսեք:
Իսկ Քոչարյանին այլեւս ազգովին չեն խնդրի, որ վերադառնա՝ ոչ Հայաստան, ոչ Ղարաբաղ:
ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ
P.S. Որպես Հայաստանի քաղաքացի, ես պարտավոր եմ սիրել իմ նախագահին, եւ ես կատարում եմ իմ քաղաքացիական պարտքը: