Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՉՈՐ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է

Մայիս 15,1999 00:00
erexa

Եթե հեռուստաէկրանին որեւէ փոքրիկի անուշ մռութիկ է հայտնվում, ուրեմն առանց կասկածի՝ նախընտրական գովազդ է։ Իսկ եթե էկրանին այդ նույն կամ մի ուրիշ պստիկի տուտուզիկն ենք տեսնում, ուրեմն գովազդվող ապրանքը ալոէով կամ առանց դրա փամփերս է։

Վերջինիս գոյությունը երկնային մանանայի պես մի բան է. մայրերն իրենց նորածիներին «զրահավորում են» դրանցով եւ այլեւս անհոգ են «մանկական անսպասելիության» դրսեւորման հաճախականության նկատմամբ։ Սա՝ մինչեւ երեխայի որոշակի տարիքը, երբ «տակը թրջելը» համարյա օրինաչափ երեւույթ է։ Սակայն երեխան երբեմն մեծանում է՝ առանց «մոռանալու» խանձարուրի սովորությունները։ Պատահում է՝ ծնողները դիմում են զանազան միջոցների (որպես կանոն՝ անարդյունավետ)։ Իսկ ավելի հաճախ, ոչինչ էլ չեն անում՝ մտածելով, որ որոշակի տարիքի հասնելուց հետո երեխայի մոտ ինքն իրեն կվերանա այդ սովորությունը։ Սակայն քիչ չեն այն դեպքերը (հատկապես վերջին տարիներին), երբ երեխան, հետո դեռահասը, երբեմն էլ՝ արդեն պատանին կամ աղջիկը առավոտյան արթնանում են «թրջված անկողնում»։

«Առավոտին» հայտնի դարձավ, որ նեւրոզների եւ այլ սահմանային վիճակների հանրապետական կլինիկական հիվանդանոցում բուժում են գիշերամիզությամբ տառապող 10-15 տարեկան երեխաներին։ Եվ որ ուշագրավ է՝ անվճար։ Բուժումն անցկացվում է փուլերով, որոնցից առաջինը բուժական սեանսներն են։ Հենց այդ սեանսներին ներկա գտնվելու, բուժման ձեւերին ու արդյունավետությանը ծանոթանալու եւ իր ընթերցողին էլ այս մասին տեղեկացնելու համար «Առավոտը» հարկ համարեց լինել հիվանդանոցում եւ սեփական աչքով տեսնել։

Հիվանդանոցի միջանցքում 30-ի չափ երեխաներ էին հավաքված՝ հիմնականում մամաների հետ։ Մինչեւ նրանց հետ ծանոթանալը գլխավոր (եւ բուժող) բժիշկ Ցոլակ Հակոբյանի մոտ աչքի անցկացրեցինք երեխաների ծնողների լրացրած հարցաթերթիկները։ Դրանցից առաջինը նպատակ ունի պարզելու երեխայի վարքն ընտանիքում, դպրոցում, առողջական վիճակը, ուսման մեջ առաջադիմությունը, ընտանիքի սոցիալական վիճակը, այնտեղ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, եւ իհարկե, մանրամասներ հիվանդության մասին։ Ի դեպ, բժիշկ Ցոլակ Հակոբյանը երեխաներին անընդհատ զգուշացնում էր, որ այդտեղ սարսափելի ոչինչ չկա, «ուղղակի «զարթուցիչը» լավ չի աշխատում»։ Հետագա ամբողջ ընթացքում էլ շեշտը դրվում էր հենց այդ «զարթուցիչի» վրա։ Այդ մասին՝ քիչ հետո։

Երկրորդ հարցաթերթիկը ծնողները լրացնում են յուրաքանչյուր սեանսից հետո եւ նշում, թե սեանսին հետեւած երեք օրերի ընթացքում երեխայի անկողինը թաց է եղել, թե չոր։ Մինչեւ սեանսը հասցրինք զրուցել ծնողների հետ։ Նրանց մի մասը գիշերամիզության անվճար բուժման սեանսների մասին իմացել էր մամուլում, հատկապես՝ «Առավոտում» տպագրված հայտարարությունից։ Մի մասն էլ՝ արդեն բուժված ծանոթ-ազգականներից։ Երեխաների մեծ մասը 10 տարեկանից բարձր է, եւ որպես կանոն ծնողները, մինչեւ Ցոլակ Հակոբյանի մոտ բերելը, որեւէ միջոցի չեն դիմել։ Կային նաեւ 16-17 տարեկան երեխաներ։

Մենք ներկա էինք չորրորդ սեանսի օրը։ Ցոլակ Հակոբյանն ասաց, որ հիմնականում արդյունքների իրենք սպասում են 6-7-րդ սեանսներից հետո, սակայն արդեն 11 երեխա «գերազանց» (կամ «չոր») արդյունքներն էին ցուցաբերել։ Ի դեպ, սեանսի սկզբում ամբողջ խմբից նրանք առանձնացվեցին եւ անկաշկանդ պատմեցին, թե ինչպես է եղել, որ մինչեւ առավոտ իրենց անկողինը չոր է եղել։ Հիմնականում ասում էին, որ քնած ժամանակ զգացել են, թե ինչպես է աշխատում «բուդիլնիկը», արթնացել են եւ վազել զուգարան։ Ճիշտ տեղն է բացատրելու, թե ինչ բան է այդ «բուդիլնիկ» կոչվածը։ Բժիշկ Հակոբյանն առաջին սեանսին չափավոր մանրամասնությամբ երեխաներին բացատրել է միզարտադրության պրոցեսը եւ մասնավորապես միզապարկի գործունեությունը։ Իսկ այդ ամենը կարգավորողը, բնականաբար, գլխուղեղն է։ Երեխաներն արդեն գիտեն, որ երբ միզապարկը լցվում է, գլխուղեղում աշխատում է «զարթուցիչը» եւ արթնացնում «տիրոջը»։

Սեանսի ժամանակ երեխաները ոչ միայն ենթարկվում են թեթեւ հիպնոսի, այլեւ խաղում են, պատասխանում զանազան հարցերի։ Խաղերի նպատակը երեխաների «զգոնությունը» բթացնելն է։ Այդ դեպքում նրանք ավելի ընկալունակ են դառնում թեթեւ հիպնոսի ժամանակ տրվող հրամաններին։ Ցոլակ Հակոբյանն ասաց, որ հրամանները պետք է տրվեն հնարավորինս ամբողջական՝ բոլոր փուլերի մասին։ Այսինքն, եթե երեխային ներշնչում են միզապարկը լցվելուց հետո արթնանալ, գնալ զուգարան, անպայման անհրաժեշտ է նաեւ հետ գալու եւ անկողնում քնելու մասին էլ «հրամաններ» տալ։ Թե չէ չի բացառվում, որ բժշկի «մոռացկոտության» արդյունքում երեխան զուգարանակոնքի վրա գիշերի։ Ի դեպ, սեանսն ավարտվում է միզապարկը լցնելու հրամանով եւ երբ երեխաները աչքները բացում են, բժշկի «Ո՞վ չ… ունի» հարցին ի պատասխան երկու երրորդից ավելին վազում են զուգարան։ Բուժման այս եղանակը չի օգնում բուժվողների ամենաշատը 7%-ին, որոնք վերցվում են հետագա՝ դեղորայքային, ասեղնաբուժական բուժման։ Ցոլակ Հակոբյանը հայտնեց, որ նույնիսկ այս վերջին դեպքում իրենք բուժումն անվճար են իրականացնում։ Հիվանդանոցում պատրաստվում են ավելի բարձր տարիքի խմբեր հավաքագրել, քանի որ բուժման խնդրանքով դիմում են նաեւ մինչեւ 22 տարեկաններ։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Մեր այն հարցին, թե ով է ուզում բժիշկ դառնալ, երեխաների կեսից ավելին «ես» կանչելով ձեռք բարձրացրեց։

Իսկ 10 սեանսների ավարտից հետո մենք նորից կայցելենք հիվանդանոց եւ շատ ու շատ դեռ չկողմնորոշված ծնողների «ջիջիլ գցելու» առիթը կունենանք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31