Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան՝ բռնությունների կնքահայր

Մայիս 15,1999 00:00
cec

Մայիսի 10-ին, ժամը 22-ի սահմաններում իր նախընտրական շտաբում դաժան ծեծի է ենթարկվել թիվ 38 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Հովհաննես Պետրոսյանը։ Ստացած ծանր մարմնական վնասվածքներով պարոն Պետրոսյանը տեղափոխվում է Մեծամորի քաղաքային հիվանդանոց։

Արմավիրի թիվ 38 ընտրատարածքում գրանցված են 17 պատգամավորության թեկնածուներ։ Նրանցից երեքը՝ Հովհաննես Պետրոսյանը, Սամվել Մարտիրոսյանը եւ Կարեն Գաբրիելյանը սույն ընտրատարածքի մեջ ընդգրկված Մրգաշատ գյուղից են։ Մրգաշատում գրանցված է 3700 ընտրող։ Այս գյուղի նախկին բնակիչների մի զգալի մասն էլ բնակվում է հարեւան Մեծամոր քաղաքում, որտեղ գրանցված է 6000 ընտրող։ Հիշյալ հաշվարկից հետեւում է, որ այն թեկնածուն, որը կհաջողացնի ստանալ այս երկու բնակավայրերի ձայները, առավել մեծ հնարավորություն ունի հաղթելու ողջ ընտրատարածքում։ Սակայն, ինչպես նշեցինք, նույն գյուղից գրանցված են երեք թեկնածուներ եւ գյուղի ձայները կիսվելու են երեք տեղ։ Հենց առաջադրման պահից Մրգաշատում քննարկվել է մեկ ընդհանուր թեկնածուով հանդես գալու անհրաժեշտությունը, որպեսզի մյուս գյուղերից գրանցված թեկնածուները հնարավորություն չունենան հաղթելու ընտրություններում։ Սակայն ամբողջ հարցն այն է, թե թեկնածուներից որ մեկը պետք է մնա։ Նրանցից յուրաքանչյուրը, բնականաբար, մտածում է, որ ինքն ավելի լավ կարող է ներկայացնել ժողովրդի շահերը։

Մայիսի 9-ին Կարեն Գաբրիելյանն իր մի խումբ կողմնակիցներով այցելում է Հովհաննես Պետրոսյանի նախընտրական շտաբ եւ պահանջում, որ վերջինս հանի իր թեկնածությունը։ Խոսակցության ընթացքում պարոն Գաբրիելյանը ներկայացնում է իր բարեմասնություններն ու առավելությունները, հայտարարում, որ ինքն է վայելում գյուղի բնակչության համակրանքը։ Սակայն Հովհաննես Պետրոսյանը հրաժարվում է հանել իր թեկնածությունը, պահանջելով, որ անցկացվի ներգյուղական քվեարկություն, որի ընթացքում գյուղացիներն իրենք կորոշեն, թե ով է իրենցից ամենաարժանավորը։ Կարեն Գաբրիելյանը հրաժարվում է այդ տարբերակից եւ կրկին պահանջում, որ իր հակառակորդը առանց նախապայմանների դուրս գա ընտրապայքարից։ Հաջորդ օրը 25 հոգուց կազմված հիշյալ խումբը կրկին այցելում է Հովհաննես Պետրոսյանի նախընտրական շտաբ, սակայն այս անգամ ոչ թե Կարեն Գաբրիելյանի, այլ Ռակ Էդո անունով մեկի ղեկավարությամբ (ըստ որոշ լուրերի, վերջինս գեներալ Մանվել Գրիգորյանի ազգականն է)։ Մայիսի 9-ին տեղի ունեցած վիճաբանությունը կրկնվում է՝ սակայն այս անգամ տխուր վերջաբանով։ Հովհաննես Պետրոսյանին 25 համագյուղացիներ դաժան ծեծի են ենթարկում։ Մեզ այդպես էլ չհաջողվեց հանդիպել Կարեն Գաբրիելյանին, սակայն պարզվեց, որ նա առաջադրված է «Ազատություն» կուսակցության կողմից եւ Հրանտ Բագրատյանի՝ Երեւանի կոնյակի գործարան տեղափոխվելուց հետո աշխատանքի է տեղավորվել նույն գործարանում։

Տեսակետ կա, որ բռնությունների դիմելու հրահանգը տվել է հենց Հրանտ Բագրատյանը. «Ինչ գնով էլ լինի, պետք է հաղթես» դաշնակցանման հրահանգով։ Սակայն պատգամավորության թեկնածուներին դաժան ծեծի ենթարկելը կամ թեկնածությունը հանելու բռնի պահանջը ի՞նչ կապ ունեն ազատականության եւ քաղաքացիական հասարակության հետ, կարող է բացատրել միայն դրանց մեծ մասնագետ Հրանտ Բագրատյանը։ Ծեծված պատգամավորության թեկնածու Հովհաննես Պետրոսյանը «Առավոտին» հավաստիացրեց, որ ինքը ոչ մի պայմանով չի պատրաստվում հանել իր թեկնածությունը, բացառությամբ, եթե տեղի ունենա ներգյուղական քվեարկություն, եւ ինքն ակնհայտ մեծ առավելություն չստանա։ Այս միջադեպը զգալիորեն բարձրացրել է պարոն Պետրոսյանի վարկանիշը։ Նրա հիվանդասենյակը մշտապես լիքն էր համագյուղացիներով։ «Մեր գյուղը շատ մեծ է՝ 2400 տնտեսություն, եւ շատերի հետ այստեղ եմ ծանոթացել»,- ասում է պարոն Պետրոսյանը։

Ի դեպ, նրան է այցելել նաեւ Կարեն Գաբրիելյանը եւ ներողություն խնդրել տեղի ունեցած թյուրիմացության համար։ Իսկ վերոնշյալ Ռակ Էդոն ձերբակալված է։ Արմավիրի ՆԳ բաժնում հարուցված է քրեական գործ։ Մեր ունեցած տեղեկություններով քրեական գործով քննվում են միջադեպի ոչ թե քաղաքական, այլ կենցաղային դրդապատճառները։ Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ Անահիտ Մանուկյանը մեր խնդրանքին ի պատասխան բացատրեց, թե ինչպիսին է եղել իրենց արձագանքը, ասաց, որ թեկնածուն իրենց չի դիմել եւ իրենք էլ ոչինչ չեն ձեռնարկել։ Հասկանալի է, որ ծանր վիճակում հիվանդանոցում գտնվող թեկնածուն չէր կարող դիմել ՄԸՀ, ինչ-որ արձագանքի ակնկալիքով։

Մարզային ընտրական հանձնաժողովում շշուկով լուրեր էին պտտվում, որ Մրգաշատից երրորդ պատգամավորության թեկնածու Սամվել Մարտիրոսյանը հայտարարել է ընտրարշավից դուրս գալու իր մտադրության մասին։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31