Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ քաղցր բառը. ընտրակաշառք

Մայիս 15,1999 00:00
kasharq

Բոլոր գողացողները ճիշտ են խոսում։ Մարդասպանները՝ նույնպես։ Դատարաններն ու դատավորները՝ առավելապես։ Քննիչը ճիշտ է խոսում։ Դասախոսը ճիշտ է խոսում։ Ճիշտ է խոսում նույնիսկ այն պատգամավորության թեկնածուն, որը վարկային գումարներ է լափել, որի նկատմամբ դատավճիռ է կայացվել, բայց որը պնդում է, թե ինքը ճիշտ է խոսում։

Հերյուրանքներ տարածողը, սուտ խոսողը… լրագրողն է։ Մենք ահազանգեր ենք ստանում թիվ 56 ընտրատարածքից, որ տեղի ԱԺ պատգամավորության թեկնածուները զբաղված են ընտրակաշառք բաժանելով։ «Ճիշտ» խոսողների տրամաբանությամբ թե առաջնորդվենք, ապա չպիտի հավատանք այս տեղեկատվությանը, այլ հավատանք այն թեկնածուներին, որոնց անբասիրության մասին հասարակական կարծիքը տատանումներ է գրանցում։ Չգիտենք՝ ինչպես են կոչվում այս կարգի երեւույթները սողացող ընտրությունների ժամանակ, բայց թվարկենք. ԱԺ պատգամավորության թեկնածուն («Ինկոմսպասարկում» ԲԲԸ նախագահ) Պռոշյան գյուղում ուսումնական գույք (50 աշակերտական նստարան) է տվել դպրոցին, իսկ տեղի սպորտդպրոցին՝ 500 դոլար արժողությամբ սպորտային գորգ։

Մրգաշենում, օրինակ, այս օրերին բնակչության համար գազի խողովակներ են անցկացվում, որը բերվել է Բուժականի ջերմոցներից։ ՀՀ կառավարության տարածքային կառավարման նախարար պրն Զադոյանին է դիմել թիվ 56 ընտրատարածքում ՀՅԴ նախընտրական շտաբը, որը հայտնել է, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի գյուղապետը, որը նշանակվել եւ աշխատում է մեկ ամսից ավելի, բացահայտորեն խանգարում է նախընտրական քարոզարշավին։ «Նա մինչեւ գյուղապետ նշանակվելը աշխատել է նույն ընտրատարածքում իր թեկնածությունը դրած Աղասի Սիմոնյանին պատկանող ալրաղացում եւ այժմ զբաղված է գյուղի ժողովրդին ալյուր եւ փող (3 հազարական դրամ) բաժանելով», – գրված է նամակում եւ ապա՝ «Ընտրությունների արդարությունն ու նախընտրական քարոզարշավի հավասարությունը վտանգված է հօգուտ Աղասի Սիմոնյանի»։

Ուշադրությունից դուրս չի մնացել եւ ուսանողությունը. 1999 թ. մարտից այդ տարածքի ուսանողներին տրվել են անվճար երթեւեկելու կտրոններ, որը շարունակվում է մինչեւ օրս։

ԱԺ պատգամավորության թեկնածու Աղասի Սիմոնյանի (Եղվարդի ՀԿԳ ՓԲԲ տնօրեն) ընտրատարածքում պտտվում է այն լուրը, որ նա Զովունի գյուղում բաժանել է անասնակեր եւ ալյուր (կա նույնիսկ անասնակեր բաժանողի անուն-ազգանունը)։ Ալյուր է բաժանվել ե՛ւ Քանաքեռավանում, ե՛ւ ք. Եղվարդի Շահումյան, ե՛ւ նրան հարակից … փողոցներում։

Առատաձեռն է գտնվել եւ հաջորդ թեկնածուն՝ Գեւորգ Ազիզյանը («Ձեթօճառի» տնօրեն)։ «Սուտ» լեզուներն ասում են, որ այս թեկնածուն էլ Եղվարդի թիվ 2 դպրոցի համար նվիրել է հեռուստացույց, իսկ այ, Արա գյուղի դպրոցում պարբերաբար բաժանում է… սննդամթերք։

Եթե սննդամթերքը հնարավոր է, որ ընտրազանգվածը մսխած լինի, ապա էն մյուս ապրանքները հո տեղում ու տեղում են։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31