Եթե ասեմ, որ ընտրական շրջապտույտը մեր հանրապետության բնակչությանը չափազանց հոգնեցրել է, դրանով ոչ մեկին չեմ զարմացնի։
Մանավանդ, վերջին մեկ տարվա ընթացքում սունկի պես աճող կուսակցությունները, որոնց թիվը, եթե չեմ սխալվում, անցել է յոթ տասնյակի սահմանը, բազմապիսի խոստումներով ու մեքենայություններով աշխատում են իրենց կողմը գրավել ամեն մի ընտրողի։ Նրանց մեջ կան շատ հարգելի եւ հեղինակավոր թե՛ կուսակցություններ եւ թե՛ անհատ քաղաքական գործիչներ, որոնք անկեղծորեն մտահոգված են մեր հանրապետությունում ստեղծված այսօրվա ողբալի վիճակով, պատրաստ են հանուն իրավիճակի փոփոխության, մեր հայրենիքի բարգավաճման ու հզորացման եւ ժողովրդի արժանապատիվ կենսամակարդակի՝ ներդնելու իրենց ողջ ունակությունները՝ բոլորովին մոռանալով անձնականը։ Բայց դրանց կողքին կան նաեւ անհատներ, որոնք իրենց ողջ գործունեությունը ընդհանրապես, եւ ներկայիս խորհրդարանային ընտրությունների նախօրյակին՝ մասնավորապես, կառուցում են այն հաշվարկի վրա, թե տվյալ պահին ո՞րն է ավելի ձեռնտու։
Դժբախտաբար, դրանք քիչ չեն եւ ես այսօր ուզում էի առանձնացնել դրանցից մեկին՝ Արտաշես Գեղամյանին։ Միգուցե որոշ մարդիկ զարմանան, թե այդքան կրքոտ ձեւով մեր ժողովրդի մասին լացակումած խոսողը ինչպե՞ս կարող է պատեհապաշտ լինել։ Խոսենք փաստերով։ 1990-97 թվականներին, այսպես կոչված, ՀՀՇ-ի իշխանության տարիներին, պահմտած եւ երբեւէ այդ ռեժիմի մասին որեւէ խոսք չասած (եթե ես սխալվում եմ, թող ինքը կամ որեւէ մեկը նույն այս թերթի էջերում ուղղի իմ սխալը) Ա. Գեղամյանը, 1998 թվականի հայտնի փետրվարից հետո, միանգամից կենդանացավ եւ սկսեց կատաղի կերպով քննադատել ՀՀՇ-ին։ Բոլոր այդ կարգի մարդկանցից ամենաարագը նա կողմնորոշվեց, որ ինչքա՜ն շատ փնովի ՀՀՇ-ին, այնքան շատ միամիտների կգրավի իր կողմը։ Ի դեպ, եթե ուշադրություն դարձնեք Ա. Գեղամյանի վերջին մեկ տարվա ելույթներին, ապա կհամոզվեք, որ բարերարի կեցվածք ընդունած այս մարդու ասածների ողջ բովանդակությունը՝ ՀՀՇ-ին վատաբանելն է, կառուցողական ոչինչ չկա։
Հաշվարկը պարզ էր, ամբողջ յոթ տարիների ընթացքում իշխանական սեղանից փշրանքների սպասող Ա. Գեղամյանը հույսը չէր կորցնում եւ, հետեւաբար, բացասաբար չէր արտահայտվում, իսկ ՀՀՇ-ի կործանումից հետո՝ իր լացակումած ելույթներով միանգամից երկու նապաստակ էր խփում՝ նախեւառաջ վրեժխնդիր էր լինում ՀՀՇ-ից՝ իրեն բանի տեղ չդնելու համար եւ ապա միավորներ հավաքում թե՛ նոր իշխանության, եւ թե՛ ժողովրդի աչքում։ Իշխանությունը այդ ծառայության համար Ա. Գեղամյանին թե ի՞նչ պատառիկի կարժանացնի՝ չգիտեմ, իսկ ժողովուրդը միշտ էլ իմաստուն է եւ անցած տարվա նախագահական ընտրություններում ըստ արժանվույն գնահատեց Ա. Գեղամյանի խոստումները՝ նրան տալով ընդամենը զրո ամբողջ ինչ-որ հարյուրերորդական տոկոսի ձայն։ Դե ինչպես կարելի է հավատալ մի մարդու, որը մեկ տասնամյակ առաջ հանրապետության երդվյալ աթեիստներից մեկն էր, իսկ այժմ՝ որեւէ նախադասություն չի կարող արտասանել առանց Աստծո կամ Աստվածաշնչի անունը տալու։ Երկուսից մեկը՝ կամ այն ժամանակ էր ստում եւ մարդկանց խաբում, կամ՝ հիմա։ Իսկ ավելի ճիշտը երրորդ տարբերակն է՝ ե՛ւ այն ժամանակ էր կեղծում, եւ հիմա։
Կարդացեք նաև
1998 թվականի նախագահական ընտրություններում կրած խայտառակ պարտությունը պետք է, որ սթափեցներ Ա. Գեղամյանին՝ դառնալու անկեղծ, համեստ, ճշտախոս, ստիպեր ավելի սթափ գնահատելու սեփական հնարավորությունները։
Այս բոլոր նշված, յուրաքանչյուր մարդուն զարդարող արժանիքներից նա ամենահարմարը իր համար գտավ միայն վերջինը։ Լավ հասկանալով, որ իրեն մարդիկ չեն հավատում, Ա. Գեղամյանը հերթական անգամ հաշվարկ կատարեց եւ իր կուսակցությունով միացավ «Սահմանադրական իրավունք» միությանը։ Դրանից թե ինքը ինչ կշահի՝ առայժմ դժվար է ասել, իսկ որ Հրանտ Խաչատրյանը եւ Հայ Բաբուխանյանը կտուժեն՝ դա հաստատ է։ Միակ փրկող գործոնը կարող է լինել Սամվել Բաբայանը՝ իր ֆինանսական միջոցներով։ Եվ վերջինը։ Իր նախընտրական գրեթե բոլոր ելույթներում Ա. Գեղամյանը նշում է, որ ընտրություններում պայքարը գնալու է կեղեքողների եւ կեղեքվողների, թալանչիների եւ ընչազուրկների միջեւ։
Եթե հաշվի առնենք այն, որ Ա. Գեղամյանի լոզունգների հիմնական խաղաքարտը՝ ՀՀՇ-ն, այժմ զրկված է բոլոր լծակներից եւ ոչ մի կերպ ընտրությունների ընթացքի վրա ազդել չի կարող, ապա «ճշմարտախոս» եւ «անվախ» Գեղամյանը թող մեկ առ մեկ թվի, թե այդ ո՞ր կուսակցություններն են (ՀԿԿ-ն, ԱԺՄ-ն, ՀԺԿ-ն, ՀՀԿ-ն, ԱԻՄ-ը եւ այլն) եւ այդ ո՞ր մեծամասնականով պայքարող պատգամավորության թեկնածուներն են կեղեքողները եւ թալանչիները։ Եթե դա չի անում եւ միայն ընդհանուր բաներ է խոսում, ուրեմն նա ուղղակի մի հասարակ դեմագոգ է, իսկ արտահայտած մտքերը՝ բլեֆ։ Հարգելի խմբագրություն, այս նամակը ավելի ճիշտ կլիներ ուղարկել «Իրավունք» թերթին, բայց նրանք, հասկանալի պատճառներով, չեն տպագրի, դրա համար էլ ձեզ եմ ուղարկում եւ խնդրում անպատճառ տպագրել, որպեսզի մեր բնակչության թեկուզեւ չնչին այն մասը, որ կարող է հրապուրվել Ա. Գ.-ի ճառերով, չխաբվի։
ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Հ.Գ. ՀՀՇ-ին երբեք չեմ սիրել, բայց կեղծողներին, ստախոսներին եւ դեմագոգներին պակաս չեմ ատում։ Եթե նույնիսկ համաձայն չեք այս գրածի հետ, ապա խնդրում եմ տպագրել որպես որոշ մարդկանց հատուկ կարծիք։