Ռուսական մեծ արջն անհանգստության նշաններ է դրսեւորում, սակայն, չցանկանալով հանձնվել սեփական ուժի ցուցադրման հերթական շոուն ներկայացրեց լուծարելով Եվգենի Պրիմակովի գլխավորած կաբինետը։ ՌԴ վարչապետի հրաժարականը տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց։ Հայաստանի կուսակցական եւ քաղաքական գործիչները այս հրաժարականի առիթով շարունակում են իրենց կարծիքները հայտնել։
Ներկայացնում ենք սոցիալիստական ուժերի եւ մտավորականների միության կարծիքը։
-Դեռեւս սկզբում, երբ ՆԱՏՕ-ն սկսեց ռմբակոծել Բալկանները, Հայաստանի սոցիալիստական ուժերի միության քաղաքական քարտուղար Աշոտ Մանուչարյանն իր կողմնակիցների անունից կտրուկ դատապարտեց ՆԱՏՕ-ի գործողությունները Բալկաններում, մատնանշելով, որ մութ ուժերը ընդհանուր ոչինչ չունեն եւ նրանց գլխավոր նպատակը նոր համաշխարհային կարգի հաստատումն է։
Արդեն այսօր աշխարհում ուրվագծվում են վերոհիշյալ քաղաքականությանը հակազդող երեք հիմնական կենտրոններ. Չինաստանը, Իրաքը, ակտիվացած իսլամական ուժերը՝ Ռուսաստանի հետ։
Կարդացեք նաև
Վերջին տարիներին Ռուսաստանի իշխանությունների համար գլխավորը իշխանության պահպանումն է։ Բալկաններում իրադրության սրումը նպաստեց Ռուսաստանում իշխանության պահպանման համար լարվածության ուժեղացմանը։
Պրիմակովի հրաժարականը ՌԴԿԿ-ի համար այլ հնարավորություն չթողեց, բացի այն, որ այս կուսակցությունը կտրուկ պետք է սրի իրադրությունը եւ արշավ սկսի դեպի Կրեմլ։ Այս ենթատեքստում Ելցինի առավել արդյունավետ գործողությունը կլինի այն, որ վերջնագիր ներկայացնելով ՆԱՏՕ-ին, Ադրիատիկ ուղարկի ռուսական ռազմածովային նավատորմի զգալի ուժեր, իր հրթիռները ուղղի համագործակցության երկրների վրա, հայտարարի ռազմական ուժերի մարտական պատրաստականություն։
Այս կապակցությամբ ռուսական Սահմանադրության շրջանակներում հնարավոր է սահմանափակել քաղաքական ուժերի գործողությունները, ընդհուպ դրանց գործունեության ընդհատումը։
Ակնհայտ է, որ Ռուսաստանի եւ Համագործակցության ուժերի ռազմական ուժերի հակադրության դեպքում ինչ ասես կարող է պատահել։
Պարզ է նաեւ, որ ՌԴԿԿ-ն Ելցինի գործողությունների պասիվ դիտորդ չի լինի։ Այս ամենը, ի վերջո, կբերի որոշակի հանգուցալուծման կամ կդադարեցվեն ռմբակոծումները եւ կսկսվեն քաղաքական կոնսուլտացիաները, կամ էլ ռազմական գոծողությունների շիկացում կլինի եւ գործողությունների մեջ կներքաշվեն նորանոր երկրներ։
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ