Լրահոս
Օրվա լրահոսը

СВАДБА, СВАДБА – В ЖИЗНИ ТОЛЬКО РАЗ

Մայիս 15,1999 00:00
Karen demirchyan

«Վերջը էդ հարցը ես պիտի իմ ձեռը վերցնեմ։ Վազգեն Սարգսյանին պսակեմ, պրծնեմ»,- ուսանողների հետ «Միասնություն» դաշինքի հետ հանդիպման ժամանակ «հայրաբար» երիտասարդներին դիմեց Կարեն Դեմիրճյանը։ Այս ազգանվեր նախաձեռնությունը Կարեն Սերոբիչը որոշեց ստանձնել այն բանից հետո, երբ պաշտպանության նախարարը ցանկացավ այդ հանդիպումից հետո առանձին տեսնել բանակում ծառայել ցանկացող աղջիկներին։

Վազգեն Սարգսյանը ուսանողներին փորձեց համոզել, որ «այս հանդիպումը ոչ այնքան նախընտրական է. մեզ հետաքրքրում է, թե այս պահին ձեզ ի՞նչ հարցեր են հուզում»։ Իսկ ուսանողներին նախեւառաջ հետաքրքում էր, թե «ինչո՞ւ մասսայական ֆիզկուլտուրայի հարցը բարձր մակարդակի վրա չէ» (?)։ Պրն Դեմիրճյանը հաստատեց սույն ցավալի փաստը, բայց խոստացավ, որ շուտով հարցը կլուծվի եւ անգամ ինքն էլ մի երկու ֆիզկուլտ-միջոցառման կմասնակցի։ Հավաքված ուսանողներից առավել, պրն Դեմիրճյանից աչքը չէին կտրում եւ անթաքույց հիացմունքով լսում էին Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը, «Աճառյան» համալսարանի պրոռեկտոր Արմեն Խաչատրյանը։ Հավաքված ուսանողներին «բարի ծառայություն, կներեք, բարի ուսում»,- մաղթեց եւ ինքն իրեն ծիծաղելով սրբագրեց նախարարը։ Բժշկական ինստիտուտի ուսանողնեը պրն Դեմիրճյանին մասնագիտական հարց ուղղեցին, որին պատասխանելու համար վերջինս բեմ հրավիրեց ռեկտոր Վիլեն Հակոբյանին. «Վեր կաց, մի երկու բառ ասա, ժողովուրդն իմանա»։ Պրն Հակոբյանի ձայնը կերկերում էր. «Մեր ազգի ընտրյալի՜ն… հարգարժա՜ն… էս հարցն եք տալիս։ Զարմացա՜ծ եմ»։

Կարեն Դեմիրճյանից փորձեցին ճշտել, թե արդյո՞ք Ռուսաստանի վարչապետի հեռացման սցենարը հնարավոր է Հայաստանում. «Չեմ կարծում։ Եթե վարչապետը լավ է աշխատում, թող աշխատի, եթե վատ է աշխատում, կկրկնվի։ Բայց Պրիմակովի դեպքը չի կրկնվի, որովհետեւ նա վատ չէր աշխատում»։ Խոստանալով, որ «Միասնություն» դաշինքի՝ ԱԺ մտնելով նորից կբարձրացվի էլեկտրաէներգիայի սակագների հարցը. «37 տոկոս կորուստը մտցնել գնի մեջ, անհեթեթություն է»,- պրն Դեմիրճյանն իր ամբիոնը զիջեց Վազգեն Սարգսյանին, որը նեղսրտած նկատեց, որ իրեն ուղղված հարցերը «անձնական կտրվածքով են». «Այսօր խնդրում եմ մեր հանդիպումը չվերածել պաշտպանության նախարարի եւ զինվորների ծնողների հավաքի»։ Կոնսերվատորիայի ուսանողներին հետաքրքրում էր՝ ինչպե՞ս անեն, որ բանակում երկու տարի ծառայելով՝ չմոռանան իրենց մասնագիտությունը. «Այդ դեպքում ազգային բանակը պիտի վերածվի մշակութային, սպորտային, էթնիկական, բժշկական եւ այլ կենտրոնի»։ Այս պատասխանը բնորոշ էր այսօր չստեղծագործող, ժամանակին՝ գրող, պաշտպանության նախարարին։ Այդ հետո նա խոստացավ ստեղծագործել, երբ գնա թոշակի։ Ուսանողները պատեհ-անպատեհ ծափահարում էին նախարարի մտքերին՝ անկախ նրանից՝ դրանք հաջողված էին, թե ոչ այնքան։ «Ծափ մի տվեք, ոչ մի արտառոց բան չեմ ասում։ Հենց որ ծափի առիթ լինի, ես կասեմ»,- նոր ծափի ալիք բարձրացրեց պրն Սարգսյանը։

Պրն Սարգսյանը համոզված է, որ եթե անգամ Ժողովրդական կուսակցությունն ու հանրապետականները չմիավորվեին, միեւնույն է պառլամենտում մեծամասնություն էին ունենալու, «միգուցե՝ ավելին»։ «Բայց ազատ եւ արդար ընտրություններ կազմակերպելու համար որոշեցինք միավորվել ի սկզբանե։ Եվ եթե էս երկու հզոր ուժերը միավորվում են, խանգարողների թիվը փոքրանում է» (այստեղ ծափեր չհնչեցին)։

Բանակում ծառայությունը 2,5 տարի դառնալու լուրերը նախարարը ստահոդ համարեց. «Ոչ մեկուկես, ոչ երկուսուկես։ Երկու տարին օպտիմալ ժամանակահատված է։ (…) Չորս տարի է՝ փորձում եմ ձեզ համոզել, որ դուք պիտի ծառայեք, ժողովուրդ»։ «Լավ կլիներ՝ մեզ էլ բանակ տանեիք (ցավդ էլ տանեմ – Վ.Ս.)։ Ստորագրությունը մի խումբ աղջիկներ»։ Ահա այստեղ Կարեն Սերոբիչը հնչեցրեց հոդվածիս առաջին նախադասությունը։ Պրն Դեմիրճյանը նստածներին հավաստիացրեց, որ իրենց դաշինքը՝ «հանուն հայրենիքի» պատրաստ է համագործակցել թե՛ ԱԺՄ-ի, թե՛ անգամ ՀՀՇ-ի հետ։ «Մեր էս դաշինքը ավելի շատ միտված է ապագային, մենք հեռահար նպատակներ ունենք»։ Հեռահար նպատակների մասին ակնարկին հաջորդեց հարցը, թե եթե Ռոբերտ Քոչարյանը նրան առաջարկի վարչապետի պաշտոնը, կհամաձայնվի՞, թե ոչ։ Հարցը որպես «խիստ անձնական» որակելով, Կարեն Սերոբիչը անցավ առավել համամարդկային թեմայի՝ շինարարությանը. «Դուք գիտեք, որ ես շինարարություն շատ եմ սիրում։ Սա իմ անձնական մորմոքն է, երբ մի բարձրահարկ շենք կառուցելու համար արդեն կռունկ էլ չի մնացել»։

Վազգեն Սարգսյանն իր սերն ու համակրանքը առ Կարեն Դեմիրճյանն այսպես մեկնաբանեց. «Ես նախկինում հանդես եմ եկել ոչ թե նրա դեմ, այլ այդ տարիներին (նախագահական ընտրությունների ժամանակ – Լ.Ա.) մենք քաղաքական հակառակորդներ էինք, ոչ թե թշնամիներ։ Երբեմն հանուն ավելի մեծ պետական շահերի՝ մարդիկ պիտի կարողանան վեր կանգնել իրենց անձնական ամբիցիաներից։ Պրն Դեմիրճյանի փորձը, իմաստությունը, ժողովրդի սերն ու հարգանքը 14 տարի երկիր ղեկավարած լինելու հանգամանքն այս պահին չօգտագործելը չափազանց շռայլություն է։ Եթե նախորդ անգամ խանգարել եմ, հիմա ուզում եմ օգնել»։

Մոտավորապես ստացվեց այսպես. «Ներողություն, էլ չեմ անի չարություն, վաղը կանեմ լավություն»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31