Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆԸ

Մայիս 15,1999 00:00
ashot bleyan

Երեկ տեղեկացանք, որ ձերբակալվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացանք, որ «Աշոտ Բլեյանը խախտել է իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանները եւ խոչընդոտել մինչդատավարական վարույթի քննությունը»։ Ղեկավարվելով քր. դատ. օրենսգրքի 131 հոդվածով նա ձերբակալվել է, նրա նկատմամբ ընտրվել է կալանքը։ Միաժամանակ, քր. դատ. օրենսգրքի 151, 285 հոդվածների կարգով Երեւանի դատախազությունը միջնորդություն է ներկայացրել դատարան։

Սեփ. լր.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

sebastaci

Մայիսի 14-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշակերտների եւ ուսուցիչների ներկայությամբ, ցուցադրաբար ձերբակալվել է «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանը։ Մենք հայտարարում ենք, որ նրան առաջադրված մեղադրանքները զուրկ են իրավական հիմքից։ Նախաքննության ընթացքում Ա. Բլեյանը չի խոչընդոտել քննչական մարմինների աշխատանքին։ Իրավապահ մարմինների նման պահվածքը թույլ է տալիս եզրակացնել, որ սա ընդամենը քաղաքական հաշվեհարդարի միջոց է, ինչպես նաեւ ուղղված է խորհրդարանական ընտություններից առաջ երկրում վախի ու սարսափի մթնոլորտ սերմանելուն։ Մենք դիմում ենք Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին՝ վեր կանգնել անձնական ու կուսակցական շահերից։ Հայաստանում վտանգված է քաղաքացու անվտանգությունը։ Մենք դիմում ենք նաեւ հանրությանը, ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ քաղաքական ու գաղափարական հայացքներից ձայն բարձրացնել ընդդեմ իշխանությունների հերթական անօրինականության։

ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆԻ պաշտպանության հասարակական խորհուրդ

ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ

Gagik

Լուրեր կան, թե շուտով աշխատանքից ազատվելու է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Շահբազյանը։ Նրա գործունեության ընթացքում մոսկվաբնակ հայ գործարարներին եւ նաեւ մի քանի ռուսների դեսպանատան համարանիշներ են հատկացվել, որոնք նրանք օգտագործում են անձնական ավտոմեքենաների վրա։ Նույն աղբյուրը վկայում է, թե Երեւան վերադառնալուց հետո Գագիկ Շահբազյանը նշանակվելու է գյուղատնտեսության նախարար։

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԴԱՍԱՄԻՋՈՑ

armavir

Տխուր ավարտ է ունեցել Արմավիր գյուղի ուսուցչական կոլեկտիվի հետ կազմակերպված Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ, պատգամավորության թեկնածու Ռաֆիկ Սահակյանի հանդիպումը։ Թիվ 38 ընտրատարածքի մյուս պատգամավորության թեկնածուների վստահված անձինք ընդհատել են հանդիպումը, հայտարարելով, որ պարոն Սահակյանը չարաշահում է իր պաշտոնական դիրքը, ժամը 13-ին ընդհատելով դպրոցի դասերը՝ հանուն իր նախընտրական նպատակների։

ԾԱՎԱԼԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ

evraxorhurd

Այն բանից հետո, երբ Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշանակվեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ, հայկական բյուրոյի աշխատանքը կազմակերպելու համար Եվրոպայի խորհուրդը աշխատանքային անհրաժեշտ պիտույքներով կահավորված մեկ սենյակ է հատկացրել Հայաստանին։ Այն գտնվում է առաջին հարկում, եւ հաշվով 1925-րդն է։ Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի մեծադիր շենքի հինգերորդ հարկում էլ մեկ սենյակ առանձնացված է Հայաստանի խորհրդարանական պատվիրակության համար։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31