Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՏԱԿԸ, ՈՐ ՄԵԾԱՆԱ՝ ԱՐԹՈՒՐ ԿԴԱՌՆԱ

Մայիս 15,1999 00:00
artur baxdasaryan

«Օրինաց երկիր» կուսակցությունը շա՜տ հարմար պահ էր ընտրել կուսակցության երիտասարդական միության համաժողով անցկացնելու համար։ Միաժամանակ եւ քարոզչություն արվեց, եւ համաժողով։

Այսօր ոչ ոքի չես զարմացնի «Օրինաց երկրի» անդամների քանակով՝ նրանք բազում են եւ գրեթե անհաշվելի։ Հիմա էլ հերթը երիտասարդներինն է. երիտասարդական միության անդամների թիվը մայիսի 1-ի դրությամբ 3865 է։ Թե որքանով է սա համապատասխանում իրականությանը՝ չենք ճշտել (նպատակ էլ չունենք), բայց որ Կառավարության նիստերի դահլիճը լեփ-լեցուն էր երիտասարդներով՝ փաստ է։

Ջահել ու սիրուն տղաներն ու աղջիկները երկարատեւ ծափահարություններով դիմավորեցին (ու ճանապարհեցին) մայր կուսակցության «ալեհեր» նախագահ 31-ամյա Արթուր Բաղդասարյանին։ Նա համոզմունք հայտնեց, որ կուսակցության երիտասարդական միությունը իր վճռական խոսքը կասի ոչ միայն մայիսի 30-ին, այլեւ հետագա գործունեության ընթացքում՝ ընդհանրապես։ Արթուր Բաղդասարյանի ողջույնի խոսքն առանձնապես նորություն չէր։ Հայաստան երկրի եւ ժողովրդի ծանր վիճակի, ինչպես նաեւ սոցիալական, իրավական, տնտեսական բնագավառների կիսատ-պռատ իրավիճակային լուծումների մասին Արթուր Բաղդասարյանը բազմիցս է խոսել թե՛ խորհրդարանում, թե՛ հատկապես քարոզարշավի ընթացքում։ Ողջույնի այս խոսքը, թերեւս նախորդ ելույթների կրկնությունն էր հարմարեցված «երիտասարդների հագով»։

Պրն Բաղդասարյանը մասնավորապես հիշեց, որ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում չի մշակվել եւ, բնականաբար, չի իրականացվում նպատակային պետական երիտասարդական քաղաքականություն։ Դրա հետեւանքով էլ, ըստ Ա. Բաղդասարյանի, երիտասարդները պետական հոգածությունից դուրս են մնացել։ «Օրինաց երկրի» կերտած ակտիվ կենսակերպը կուսակցության նախագահը ակնկալեց նաեւ երիտասարդներից եւ հույս հայտնեց, որ այն կդառնա ամենագործուն երիտասարդական կազմակերպությունը։ Երիտասարդներն էլ իրենց ակտիվությամբ երկար սպասեցնել չտվեցին։ Երիտասարդական միության նախաձեռնող խմբի անդամ Արտակ Բաղդասարյանն ուղղակիորեն հետեւեց ավագ կուսակցին։ Նա ոչ միայն իր ելույթն էր կազմել ճիշտ եւ ճիշտ Արթուր Բաղդասարյանի ոճով, այլ նաեւ ձայնն ու պաթոսն էր հարմարեցրել Արթուր Բաղդասարյանին։

Արտակ Բաղդասարյանը բավականին ընդարձակ նախաբան արտասանեց ազգային պետության կայացման, պետականության զարգացման ու ամրապնդման, ազգի վիճակի մասին։ Վերջապես հասավ երիտասարդությանը եւ մի ողջ փիլիսոփայություն ներկայացրեց երիտասարդության մասին։ Աշխարհի երիտասարդությունից առանձնացնելով հայ երիտասարդությանը Արտակ Բաղդասարյանը հատուկ չափորոշիչներ տվեց, որին պետք է համապատասխանի միայն մեր երիտասարդությունը։ Ուսանողության հետ հանդիպումներում հիմա շատ մոդայիկ է դարձել քաղաքական գործիչների կողմից արծարծվող կրթության համակարգն ու հատկապես կրթության մասին օրենքը։ Պատգամավորության թեկնածուները շատ լավ են հասկանում, որ ուսանողության մոտ «Կրթության մասին» օրենքը թմբկահարելը շատ հարմար է, հո ուսանողության մոտ գյուղատնտեսությունից չե՞ն խոսի։ Արտակ Բաղդասարյանն էլ մեծերի օրինակով պարտադիր խոսեց կրթության համակարգի եւ օրենքի մասին ու, չգիտես որ մասնագետի տեսակետը հաշվի առնելով, նշեց, որ «Կրթության մասին» օրենքը մշակման կարիք ունի։ Իսկ ավագ Բաղդասարյանի օրինակով կրտսեր Բաղդասարյանը անհրաժեշտ համարեց երիտասարդական պետական ծրագիրն ու օրենքը երիտասարդության մասին։

Արտակ Բաղդասարյանին գերազանցեց իր կուսակից Արա Սահակյանը։ Վերջինս, ճիշտ է, իր անվանակցի նման աչքի չընկավ յուրօրինակ հումորով, սակայն փոխարենը մի լավ գովք արեց «Օրինաց երկրին»։ Երկրի փրկության համար Արա Սահակյանը կոչ արեց չխնայել ուժ ու եռանդ ու աճել ոչ միայն քանակապես, այլեւ՝ որակապես։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31