Լքենք էգ մողեսների երկիրը
Սկիզբը՝ թիվ 86, 87
Պահն այս կարող է եւ այլեւս երբեք չկրկնվել: Ու այդ դեպքում անդարձ ու հավետ կորցրած կլինենք երկիր էլ, ազգ էլ, ոգի էլ: ՈՒ դրանց կորստից հետո հայտնվելու ենք էնպիսի մի տեղ, ուր ունեւորների համար ամեն ինչ ոսկուց է լինելու, չունեւորների համար՝ քարից. օդն էլ, հացն էլ, ջուրն էլ: Ու էդ վիճակում էլ ստիպված ենք լինելու ապրել:
Է, կապրվի՞…
Կարդացեք նաև
Ի վերջո պարտավոր ենք հասկանալ, որ կյանքը Երկիր կոչվող այս մոլորակի վրա չի սկսվել մեր ծննդյան օրով ու, բնականաբար, մեր վերջը դեռեւս ամեն ինչի ավարտը չէ: Մենք ընդամենը ինչ-որ մի բան շարունակող եւ ինչ-որ մի բան էլ սկսող ենք: Ու մեր օրերում, մեր իրավիճակում ինչ-որ բան սկսելն այլեւս այլընտրանք չունի: Ու հենց այս պահը չպետք է բաց թողնենք: Հայաստանի Չորրորդ հանրապետությունը հիմնելու պահը: Քանզի մեր այսօրվա Երրորդ Հանրապետությունը, իր չկայացածությամբ անդարձ ու սկզբունքային կորուստներ է պարտադրում: Ու ամեն օր: Եվ ոչ մի բարեփոխման էլ ենթակա չէ այլեւս: Հիմնադիրների անձերը կարեւոր չեն: Կարող են եւ այսօրվանից, եւ երեկվանից մեզ ծանոթ դեմքերը լինել: Կամ էլ՝ բոլորովին նոր: Կարեւորը՝ կարողություններն են: Կարեւորը՝ խնդրի լուծման անհրաժեշտության գիտակցումն է: Կարեւորը հիմքում դրվելիք համակարգն է, սկզբունքներն ու արժեքները: Կարեւորը ՆՎԻՐՈՒՄՆ է, ՄԻՏՔԸ, ԳՈՐԾԸ: Կարող է եւ հեքիաթ է այդ Չորրորդ Հանրապետությունը: Միֆ, Ցնորք, Ուղեղային մորմոք, Ֆիկցիա՝ կասեր Չարենցը: Բայց այսօր պարտավոր ենք հավատալ այդ հեքիաթին: Քանզի ԱՊՐԵԼՈՒ խնդիր ունենք: Արժանապատվության: Առաքելության: Պարտավոր ենք նաեւ հավատալ, որ մենք հենց այն սերունդն ենք, որը կոչված է այդ հեքիաթն իրականություն դարձնել: Ու շատ բան պետք չէ դրա համար. ընդամենը շուրջներս նայել է պետք, նայած-տեսածը ընկալել-ըմբռնել, խորհել մի փոքր ու քայլեր անել: Դեպի առաջ: Ու ոչ թե առաջ գնացող, այլ՝ առաջ ՏԱՆՈՂ քայլեր:
Ու առաջին քայլը երկրի բարոյաքաղաքական ու ժողովրդի բարոյահոգեբանական իրավիճակի փոփոխությանը պետք է ուղղված լինի, այլապես ոչ տնտեսություն կկայանա, ոչ մշակույթ, ոչ էլ երկիր: Պետք է վերջապես հասկանանք, որ ղեկապետ ընտրելուց առաջ անհրաժեշտ է անցնելիք ճամփան ու ղեկն ընտրել: Բոլորիս ու յուրաքանչյուրիս հիշողության մեջ դեռեւս պահպանվող 88-ի՝ մեր իսկ ոտնատակ տված ՀՈՒՅՍԸ, ՀԱՎԱՏԸ, ՍԵՐԸ, ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ է պետք վերականգնել: («Ինչպես»-ի մասին բազմիցս ասել եմ, ուստի կրկնելն անիմաստ եմ համարում): Մարդուն պետք է հնարավորություն տրվի հարգել թե ինքն իրեն, թե պետությանը, նա պետք է զգա եւ գիտակցի իր ու իր պետության արժեքը, պատասխանատվություն զգա եւ ոչ միայն իր դեմքին ու ձեռքին նայող ընտանիքի անդամների հանդեպ:
Պահանջատիրություն ասվածը այսօր պետք է բերել ու սահմանափակել մեր այս Հայաստան կոչվող տարածքով, քանզի այսօր ավելի, քան ինքներս մեզնից, ոչ մեկից պահանջելիք ուղղակի չունենք: Ու ինքներս մեզնից պահանջածը Չորրորդ՝ ՆՊԱՏԱԿ, ԽՆԴԻՐ ու կանխատեսելի ԱՊԱԳԱ ունեցող հանրապետությունը պետք է լինի:
Հանրապետություն, որը բոլորիս եւ յուրաքանչյուրիս առանձին-առանձին հիմնավորված ու առաջընթաց ապահովող նպատակ պետք է առաջադրի, իրագործելի խնդիրներ որոշի ու միջոցներ տրամադրի այդ նպատակին հասնելու ճամփին հանդիպող խնդիրները լուծելու համար: Հավատ պետք է ներշնչի, որ այդ նպատակը հասանելի է ու դրա ճամփի խնդիրներն՝ իրագործելի: Հույս պետք է տա, որ այդ նպատակի իրականացումը, իրոք, բարեկեցիկ եւ արժանապատիվ ու վերընթաց կյանք է ապահովելու: Սեր ու հավատ պետք է սերմանի թե Աստծո, թե մահկանացուներիս, թե այդ նպատակի հանդեպ: Պետք է ստեղծի բաց, ինքն իրեն ու միմյանց հարգող հասարակություն ու պետություն: Պետք է ականջալուր լինի ժողովրդի ձայնին՝ թե իր ուղեգիծը ճշգրտելու, թե ազգի ու մարդկանց արժանապատվությունը ապահովելու նպատակով: Պետք է նպաստի ժողովրդի թե քաղաքական, թե մշակութային, թե գեղագիտական մակարդակը բարձրացնելուն: Այլապես ամեն ինչ կրկին ինքնանպատակ կդառնա, կդառնա անիմաստ, անմիտ ու անհեթեթ: Էսօրվա պես: …Ավստրալիայում հարբի կոչվող տեսակի մողեսներ կան, որոնք, չնայած բեղմնավորված ձվեր են դնում, բայց բոլորն էլ… էգ են: Պատկերացնու՞մ եք՝ նախնիներդ՝ էգ, դու՝ էգ, սերունդներդ՝ էգ: Կամ էլ, մեկ այլ դիտանկյունից՝ դու՝ էգ, ազգուտակ-շրջապատդ՝ էգ, քո մողեսային ողջ երկիրը՝ էգ: Ինչ ահավոր է, չէ՝ էգ, էգ, էգ… Բայց մենք, բարեբախտաբար, դեռ էդ օրին չենք հասել: Թեեւ դրա ճամփին ենք: Ու, եթե ուշանանք՝ էդ օրն ենք ընկնելու: Ու սեռի զուտ ֆիզիկական հատկանիշները կապ չեն ունենալու…
ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ